Երեկ ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Գյումրիում 7-հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մինչ Հայաստան տեղափոխվելը Չիտայում առավել քան մեկ ամիս բուժում է անցել զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, որ նա տառապում է օլիգոֆրենիայով:
«Ես բոլորովին չեմ բացառում, որ Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունենա, ու եթե հանկարծ նման բան հաստատվի, իհարկե, բոլորովին այլ ընթացք է ունենալու և́ դատական գործընթացը, և́ այդ զինվորի ապագան, և́ ընդհանրապես քրեական գործը: Բայց ես կարծում եմ, որ նա պետք է որ ոչ մի հոգեկան խնդիր չունենար, որովհետև անցել է բոլոր զինվորական ստուգումները, զորակոչվել է բանակ: Իսկ Lifenews-ին ընդունել որպես տեղեկատվության աղբյուր, հաշվի առնելով, թե նա ինչ դեր է խաղում ռուսական տեղեկատվական դաշտում, այնքան էլ ճիշտ չէ: Եթե այս նյութը պատվիրված լինի, ու Պերմյակովի հոգեկան լինելու վարկածն առաջ տարվի, ապա գործը բոլորովին այլ ընթացք կստանա: Նաև այդ պատճառով է, որ հայ հասարակությունը պահանջում է Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Այդ դեպքում բոլոր այս ասեկոսեները հօդս կցնդեն»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Անդրադառնալով փաստին, որ ՀՀ գլխավոր դատախազը արդեն դիմել է, որպեսզի Պերմյակովին փոխանցեն հայկական կողմին՝ Վարդան Հարությունյանը նշեց. «Այն պահից, երբ հայկական կողմն ակնհայտ անգործություն ցուցաբերեց և թույլ տվեց, որ Պերմյակովին մտցնեն ռուսական ռազմաբազայի տարածք, արդեն նրան հայկական կողմին հանձնելու հավանականությունը մոտեցավ զրոյի: Դա հիմա շատ քիչ հավանական է: Հայկական կողմը հիմա պետք է շատ ջանք թափի, իսկապես ցանկանա, որ նրան փոխանցեն հայկական կողմին, որպեսզի ռուսական կողմին կարողանան համոզել: Մի բան, որ մերոնք չեն անում: Կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազի նամակն ուշացած է, քանի որ զարգացումներն արդեն գնացել են, արդեն ռուսները վարում են քննությունը, ռուսական պաշտոնական աղբյուրներն իրենց հայտարարություններն արել են: Հիմա ի՞նչ է, ռուսական կողմը պետք է իր հայտարարություններից հե՞տ կանգնի»:
Կարդացեք նաև
Սիրանույշ Պապյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում