Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան ստեղծում է տպավորություն, որ Հայաստանին ուղղված ձեռքը մնացել է օդում կախված»

Փետրվար 06,2015 17:30

Թուրքագետը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անցյալ տարվա ապրիլի 23-ի ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունում առկա են ձևի և բովանդակության նորանոր դրսևորումներ։ «Դրանք շարունակական բնույթ են կրում, և յուրաքանչյուր նոր հայտարարություն կամ նախաձեռնություն կառուցվում է նախորդի վրա։ Այսպիսով, արդեն այս պահի դրությամբ ստեղծվել է բավական ստվար փաթեթ, որի մեջ ներառված են երկրի բարձրագույն ղեկավարության տեսլականը Հայաստանի, հայ ժողովրդի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ փաթեթում ներառված զանազան փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, ու վստահ եմ` դա Թուրքիայի հետապնդած իրական նպատակն է, որ պաշտոնական Անկարան գնում է «ինքնամաքրման, ինքնախարազանման ճանապարհով», մինչդեռ Հայաստանը ըստ արժանվույն, չի կարևորում Թուրքիայի այդ «համարձակ քայլերը»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը: Նա կարծում է, որ Թուրքիան ստեղծում է տպավորություն, որ Հայաստանին ուղղված ձեռքը մնացել է օդում կախված, ու դրա պատճառը Հայաստանի ղեկավարության ազգայնական տրամադրություններն են։ «Եթե բանաձևենք Թուրքիայի քաղաքականությունը վերջին 10 ամիսների ընթացքում, ապա այն ունի հենց այս տեսքը»,- ասում է թուրքագետը։

Ո՞ւմ է ուղղված թուրքական քարոզչամեքենան՝ հարցին նա պատասխանում է. «Վստահ եմ, որ առաջին հերթին ոչ հայությանը, քանի որ նման անհեթեթություններով հայությանը դժվար է մոլորեցնել։ Հայությունը դրանք առաջին անգամ չէ, որ լսում է, վստահ եմ՝ վերջին անգամ էլ չէ։ Միջազգային հանրությունը չափազանց առաձգական հասկացություն է, դրանում անշուշտ կլինեն այնպիսիք, որոնց համար առավել ընկալելի կլինի թուրքական մոտեցումը, մեծամասնության համար էլ առավել հասկանալի կլինի հայկական մոտեցումը։ Նույն տրամաբանությունն է նաև թուրքական հասարակության պարագայում։ «Նոր սկիզբ» դնելու թուրքական կառավարության փորձերն այս պահին ձախողված են, դրա թե՛ ժամանակը, թե՛ մեթոդները սխալ են ընտրված»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը:

Անդրադառնալով Համահայկական հռչակագրին՝ մեր զրուցակիցը նշանակալից համարեց այդ փաստաթուղթը. «Հունվարի 29-ի հռչակագիրը մի կողմից՝ անցյալի ու ներկայի, մյուս կողմից էլ՝ ապագայի միջև նոր կապ ստեղծելու փորձ է։ Դրա անվանումը տեղին է ընտրված՝ «հռչակագիր»։ Այս հռչակագիրը կարևոր հանգրվան է։ Այն նաև Ցեղասպանության հարցում հայության հավաքական կամքի, հասունության և քաղաքական մտքի համարժեքության ցուցիչն է։ Այն ընդհանուր առմամբ դրական ընդունվեց հայության կողմից, թեև եղան տարաբնույթ մեկնաբանություններ, ու դա դրական է։ Այն բավական ընդարձակ ու համապարփակ փաստաթուղթ է, անհնար է մեկ հարցով ամբողջությամբ վերլուծել,- նշում է պարոն Տեր-Մաթեւոսյանը եւ ավելացնում:- Սակայն առաջին խնդիրը, որը ծագեց բոլոր շահագրգիռ մարդկանց մոտ, հավանաբար վերաբերում էր նրան, թե ինչպիսի գործողություններ են իրականացվելու հայոց պահանջատիրությունն առավել հասու և հասուն դարձնելու ուղղությամբ։ Անշուշտ, նշվեց իրավական պահանջների թղթածրարի մասին, ներկայացվեց նաև եռաստիճան պահանջատիրության մասին։ Լիահույս եմ, որ նոր փաստաթուղթը հստակ ու հանրամատչելի կերպով կներկայացնի այն ճանապարհային քարտեզը, որով ընթանալու է հայության իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացը։ 2015 թվականը որպես մեր մտածողության ու ինքնագնահատականի փոփոխության տարի հռչակելու ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են»:

Թուրքագետը նաեւ կարծում է, որ հունվարի 29-ից հետո հայկական դիվանագիտության խնդիրները ևս փոխվում են: «Պատահական չէր, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում այդ օրը ներկա էին նաև արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանները։ Նրանց առջև այդ օրը խնդիր դրվեց։ Այժմ հարկավոր է մշակել հռչակագրի առանձին դրվագների իրականացման գործողությունների ծրագիր, դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց դնել խնդիրներ, սահմանել արդյունքների գնահատման հստակ չափորոշիչներ ու առաջ ընթանալ»,- ասում է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

 ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728