Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Ավագյանն իրավասո՞ւ էր Իշխան Զաքարյանի դղյակների մասին խոսելու

Փետրվար 06,2015 17:00

Ընդդիմության «արտիստիզմը» եւ իշխանության «անտրամաբանական» կեցվածքը

Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվությունը, որը դեռ անցած նստաշրջանում պետք է քննարկված եւ ի գիտություն ընդունված լիներ խորհրդարանում, երեկ դարձավ ընդդիմադիր պատգամավորների կրքերի բորբոքման առիթ: Պատճառն այն էր, որ հաշվետվությունը ներկայացնում էր ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ինչպես կարգն է սահմանում, այլ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց, ապա մնացյալ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն ամենատարբեր որակումներով, մեջբերումներով ու համեմատականներով սկսեցին պետական չինովնիկներից պատգամավորների եւ օրենքով սահմանված կարգերի նկատմամբ հարգանք պահանջել, լքեցին նիստերի դահլիճը:

Քաղաքական մեծամասնությունն էլ կիսադատարկ դահլիճում քննարկում էր հաշվետվությունն ու փորձում էր արդարացնել Իշխան Զաքարյանի բացակայությունը: Արդյունքում բոլորը փնտրում ու այդպես էլ չէին գտնում Իշխան Զաքարյանին, մինչեւ նրան ներկայացնող Սեյրան Ավագյանը հայտարարեց. «Բոլորդ էլ իմացաք, թե որտե՞ղ է Իշխան Զաքարյանը», ու այդպես էլ չասաց, թե որտեղ է Իշխան Զաքարյանը: Ավելի ուշ ոչ իշխանական խմբակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին` պահանջելով խորհրդարանի առաջիկա նիստում քննարկել հաշվետվությունը: Ինչպես կարձագանքի ՀՀԿ-ն՝ պարզ կլինի այսօր: Բայց դատելով արդեն կայացած քննարկումից՝ հարցն այսօր հավանաբար կքվեարկվի:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը գիտի օրենքը, որն ամրագրում է` հաշվետվությունը պետք է ՎՊ նախագահը ներկայացնի, սակայն միտում տեսնել, որ Իշխան Զաքարյանը երեկ խորհրդարան չէր եկել, չի կարող. «Այս հաշվետվության քննարկումները բազմիցս տեղափոխվել են, այդ թվում նաեւ ընդդիմության ջանքերով: Դրանք դեռ անցյալ տարի նոյեմբերին պետք է լինեին: Մարդն էլ, դա իմանալով, իր արձակուրդը ամենախաղաղ ժամանակաընթացքում է ընտրել: Գիտենք, որ հունվարն ակտիվության ամենացածր կետն է, ի՞նչ գիտեր, թե ԱԺ-ն դա պետք է հետաձգի»:

Ըստ մեր զրուցակցի` կա ֆորմալ անհամապատասխանություն, բայց բովանդակային, առավել եւս քաղաքական խնդիր, ինչպես բնութագրում են ընդդիմադիրները, չի տեսնում. «Որ նրան արգելել են խոսել, որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը եւ այլն, անհեթեթ մեղադրանքներ են: Ուղղակի հանգամանքների բերումով ստացվել է: Էդպես երբեմն լինում է»: Եթե Իշխան Զաքարյանն իր արձակուրդը նախատեսեր գարնանը, երբ մեկնարկում են ակտիվ աշխատանքները, կամ աշնանը, երբ դրանք ավարտական փուլ են մտնում, Մանվել Բադեյանն իրեն կմեղադրեր: Բայց հիմա հարց է հնչեցնում. «Բա ե՞րբ գնա էդ մարդն արձակուրդ»:

Քննարկումն արդեն քանիցս հետաձգվել է, հետաքրքրվեցինք` ի՞նչ խնդիր էր եւս մեկ անգամ հետաձգել ու անհարկի աղմուկից խուսափել: Մանվել Բադեյանը չհամաձայնեց` ասելով, որ քննարկման համար ժամկետներ կան, դրանք արդեն իսկ խախտվել են: Նա կարծում է, որ ընդդիմության տրամաբանությանը հետեւելով՝ հաշվետվության քննարկումն անվերջ պետք է հետաձգեին, մինչդեռ իրենց պետք է տարեսկզբին պատկերն իմանալ, որպեսզի ՎՊ-ի հետագա աշխատանքներում շտկումներ մտցվեն: «Հաշվետվություն ներկայացնողը նույնքան պատասխանատու է բոլոր հարցերին պատասխանելու: Բովանդակային առումով ընդդիմադիրներն էլ որեւէ պահանջ չեն դնում: Դե, ուրեմն քննարկեք բովանդակությունը, որը շատ ավելի կարեւոր է, քան թե՝ ներկայացրեց մեկը, որի անունը Պողո՞ս է, թե՞ Պետրոս»: «Առավոտի» դիտարկմանը` գուցե Սեյրան Ավագյանը դղյակներ չունի, ինչպես Իշխան Զաքարյանը, ուստի նրան ավելի բարդ է հարցեր տալը, Մանվել Բադեյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ է ասում, որ միայն այդ հարցերը պետք է տալ, կամ այդ հարցերը չի կարելի տալ: Է՜, տվեք»:

Ի դեպ, որոշ ՀՀԿ-ականներ էլ դժգոհ էին Իշխան Զաքարյանի բացակայությունից, սակայն խուսափում էին բարձրաձայնել դժգոհությունը: «Առավոտի» այդ դիտարկմանն էլ Մանվել Բադեյանը հակադարձեց. «Եթե լիներ միտում, եթե ես նկատեի միտում, որ էդ մարդը հատուկ չի եկել, ես էլ դժգոհ կլինեի: Բայց ես շատ լավ պատկերացնում եմ իրավիճակը, շատ լավ գիտեմ գործընթացը: Սա ուղղակի զուգադիպություն է»: Այն, որ հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիրները լքեցին դահլիճը, ՀՀԿ-ական պատգամավորը բնութագրում է այսպես. «Արտիստիզմ է: Ընդդիմությունն արտիստիկ կեցվածք ունի»:

Իշխանական պատգամավորի նման որակումներին ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանում է. «Ես չեմ դիտում այնպես, որ տրամաբանության հետ ամեն մի կապ չունեցող գնահատականի պետք է արձագանքել, առավել եւս, որ առնվազն չորս խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներում, նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ, շատ պարզ բացատրեցինք, որ այս պահին հակաօրինական գործընթացով են իրենք զբաղված` վկայակոչելով, թե Սահմանադրության, թե ԱԺ կանոնակարգ օրենքի, թե ՎՊ-ի մասին օրենքի համապատասխան նորմերը:

Դրանցում շատ իմպերատիվ նշված է, որ հաշվետվությունը ներկայացնում է ՎՊ նախագահը: Կա նորմ, երբ տեղակալն է ներկայացնում, բայց դա էլ խախտված է. տեղակալը չի ներկայացնում, խորհրդի անդամն է ներկայացնում: Կարծես թե շատ գաղտնի, պետական գաղտնիություն պաշտպանելով՝ նույնիսկ չեն ուզում ասել, թե ո՞ւր են ՎՊ նախագահն ու տեղակալը»: Այս իմաստով Ռուբեն Հակոբյանն անիմաստ է համարում մեկնաբանել իշխանական ներկայացուցիչների հայտարարությունները:

Ռուբեն Հակոբյանը փաստում է, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին` իշխանությունն ասելիք չունի, հակափաստարկներ չունի, զբաղված է հակասահմանադրական գործունեությամբ եւ ուժի միջոցով խոչընդոտում է այն ամենը, ինչն օրենքով անում են ընդդիմադիրներն ու քաղաքացիները, ռեպրեսիվ լծակներով ընդդիմությանը պահում են օրենքի դաշտում: Ընդդիմադիր գործիչը գիտի, իրենք շատ լավ հասկանում են` վիճակը ծանր է, իրենց բացատրությունները` ծիծաղելի, բայց համառորեն շարունակում են ապահով Հայաստան կառուցելու իրենց ծրագիրը, մինչդեռ կյանքը ցույց է տվել` սա ամենաանապահով Հայաստանն է:

Ո՞րն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը` հարցի պատասխանը ընդդիմադիրները դեռ չունեն: Կքննարկեն համապատասխան համարժեք քայլերի ձեռնարկումը: Իր պատկերացմամբ՝ դրանք պետք է լինեն ավելի ակտիվ գործողությունները: Դրանք կլինեն մինչ ապրիլքսանչորսյան տարելիցը, թե հետո` դեռ պարզ չէ: Բայց այդ օրը հաստատ չեն լինի, քանզի այն ամենը, ինչ կարելի է անել տարվա 365 օրերի ընթացքում, միայն այդ օրն է, որ պետք է չանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728