«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ անելով՝ ՀՀ կառավարությունն ի սկզբանե հայտարարում է, թե լավություն է անում փոքր ու միջին ձեռներեցներին (ՓՄՁ), եւ սա պայքար է ստվերի դեմ:
Եթե կառավարությունը լավություն է անում, ապա հարց է առաջանում՝ այս օրենքի տակ ընկնող ձեռներեցներն ուրեմն անշնորհակա՞լ են, որ մի քանի հազար առեւտրականներով կառավարության որոշման դեմ տեւական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են անում: Ներկայումս օրենքի նախագծի կիրառումը մինչեւ հուլիսի 1-ը հետաձգվել է, այդ ընթացքում պետք է քննարկումներ լինեն, եւ ինչպես որ խոստացվել է՝ շահագրգիռ կողմերի համար պետք է ընդունելի տարբերակ ընտրվի:
Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է տարեկան մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտների ներկայիս 3.5% հարկի շեմը նվազեցնել, դարձնելով՝ 1%, սակայն այս սուբյեկտները պետք է իրենց ձեռք բերած ապրանքի հաշիվ-ապրանքագրերը ներկայացնեն, հենց սրա դեմ էլ պայքարում են ՓՄՁ ներկայացուցիչները: Վերջիններս նախ պնդում են, որ խոշորների հետ գործարքի դեպքում իրենց փաստաթղթեր չեն տրամադրում, եւ բացի այս՝ հաշվարկներից պարզվել է, որ փաստաթղթավորման դեպքում հարկի բեռն ավելանում է:
«Առավոտի» հետ զրույցում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադեւոսյանը, որը մշտապես ներկա է եղել կառավարությունում այս օրենքի փոփոխության քննարկումներին, ասաց, որ ոչ ոք չի բացառում, որ ստվեր կա շրջանառության հարկ վճարողների մոտ, բայց պարտադիր փաստաթղթավորման պահանջն ապահովելուն կառավարությունը դեռեւս պատրաստ չէ: Պարոն Թադեւոսյանն ասաց, որ այս խնդրի լուծման առաջարկ-նախագիծ դեռեւս 2014 թվականին ներկայացվել է կառավարությանը:
Կարդացեք նաև
Ըստ այդ նախագծի՝ կազմակերպությունն առաջարկում է առեւտրական գործունեություն իրականացնողների համար սահմանել հարկի գումարից փաստաթղթավորված ապրանքների մասի 3%-ի չափով նվազեցման հնարավորություն: «Նման մոտեցումը ստացվում է այլընտրանքային: Եթե շրջանառության հարկ վճարողը ունի փաստաթուղթ, կարող է հարկի գումարը նվազեցնել, եթե չունի, ապա վճարում է շրջանառության 3.5%-ի չափով հարկ: Այսինքն՝ առաջարկվում է նախկին պարզեցված հարկի մոտեցումը: Օրինակ՝ տնտեսվարողը ցույց է տվել 50 միլիոն շրջանառություն, որի նկատմամբ հաշվարկվում է 3.5%, որը կազմում է 175 հազար դրամ, ունի փաստաթղթերով ձեռքբերումներ՝ 30 միլիոն դրամի, 30 միլիոնի նկատմամբ հաշվարկում է 3 տոկոսը (90 հազար): 175 հազար դրամից հանում է 90 հազարը, տարբերությունը՝ 85 հազար դրամը, կլինի վճարվող հարկի վերջնական գումարը: Նախագծով նախատեսվում էր, որ հարկի նվազագույն գումարը չպետք է պակաս լինի շրջանառության 1%-ից, այսինքն՝ նվազագույն 1%-ն ապահովվում է»,- ասաց պարոն Թադեւոսյանը:
Օրենքի փոփոխությունից դժգոհողները վստահեցնում են, որ խոշոր ներմուծողներից ապրանք ձեռք բերելու դեպքում խոշորները հրաժարվում են փաստաթղթեր տրամադրել: Այս դիտարկումն օրերս «Առավոտը» ներկայացրել է նաեւ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, որն ի պատասխան՝ ասել է. «Խոշորները թուղթ տալիս են, փոքրերին հարցնում ենք, ասում են՝ թուղթը կորցրել ենք»:
Արդյոք ավելի հեշտ չէ՞ խոշորների միջոցով, որոնց քանակն ավելի քիչ է, վերահսկել փաստաթղթաշրջանառությունը, ստվերի դեմ էլ պայքարել նրանց միջոցով, մեր այս հարցին Այվազյանը նորից նույն պատասխանն է տվել՝ «Է, գնում ենք մանրերի մոտ, ասում՝ խոշորները թուղթ են տվել, ո՞ւր է, ասում են՝ ճամփին կորցրել ենք: Երաշխիք էլ չունենք, որ մանրերը ՀԴՄ կտրոնները լրիվ խփում են»: Այսինքն՝ ստացվում է, ներմուծած նոր սերնդի ՀԴՄ-ներն էլ, որ կառավարությունը ներկայացնում էր որպես եզակի ՀԴՄ-ներ, ու ամեն մի գործարքը ֆիքսելու է, հնարավորություն չի տալու տնտեսվարողին թաքցնել որեւէ գործարք՝ անիմաստ է, օգուտ չի տալու տնտեսությանը ստվերի դեմ պայքարում:
Իրականում խոշորներին իսկապես վերահսկելը, նրանց ստվերը «բզբզելը» ու «ջրի երես հանելը», նրանց փաստաթղթերի հետեւից ընկնելը միայն քաղաքական կամքի խնդիր է. սա պնդում են մի շարք տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ:
Ընդ որում, ինչպես նկատեց Փայլակ Թադեւոսյանը՝ այն, որ պատճառաբանվում է, թե մանրածախ առեւտրում ստվեր կա, պայքարը դրա դեմ է, ապա պետք է ասել, որ առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները լավագույն դեպքում մանրածախ առեւտրի մոտ 1/6 մասն են ապահովում: Այսինքն՝ այս հատվածի էֆեկտը փաստաթղթավորման գործում առավելագույնը 1/6 մասն է: «Մանրածախի 1/6 մասի համար փաստաթղթավորման պահանջի ներդրումը, ըստ էության, չի կարող էական նշանակություն ունենալ մնացած 5/6 մասի համեմատ»,- նշեց պարոն Թադեւոսյանը: Իսկ խոշորներից՝ որքան էլ որ մանրերը փորձեն փաստաթուղթ ստանալ, եւ եթե խոշորները հրաժարվեն տրամադրել, ինչպես նկատեց Թադեւոսյանը, վերջիններս իրենց ապրանքը սուպերմարկետներին կարող են վաճառել առանց փաստաթղթերի: Ավելի պարզ ասած՝ եթե կառավարությունը մեծ ցանկություն ունի ստվերը կրճատելու, բյուջեին օգուտ տալու, ապա լավ կլինի Թադեւոսյանի նշած՝ տնտեսվարողների այն 5/6 մասից ստվերը հանեն, բյուջե էլ մեծ փողեր բերեն:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05. 02. 2015թ.