Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցվորը չի ապացուցել, թե նշված վնասներն առաջացել են նախկին ավտովթարի պատճառով

Փետրվար 06,2015 15:30

Ավտոապահովագրական ընկերությունն ընդդեմ երկուսի

Արագածոտնի մարզում ավարտված դատական վեճը հանգրվանել է Երեւանում, դատական երկրորդ ատյանում: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը հայցով դիմել էր դատարան՝ Գաբրիել Մելիքյանի, Տիգրան Առաքելյանի դեմ` գումարի բռնագանձման պահանջի մասին: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը 2013 թվականի սեպտեմբերի 9-ից խնդրել էր Գաբրիել Մելիքյանից և Տիգրան Առաքելյանից համապարտության կարգով հօգուտ բյուրոյի բռնագանձել 353.000 ՀՀ դրամ և 7.060 ՀՀ դրամ, որպես բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել Գաբրիել Մելիքյանին և Տիգրան Առաքելյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա: Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել էր:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ի հատվածում սեփականության իրավունքով Գաբրիել Մելիքյանին պատկանող և Տիգրան Առաքելյանի վարած «ՎԱԶ 2105» մակնիշի 20 ՏՕ 745 հ/հ-ի ավտոմեքենան բախվել է Արմեն Ալեքյանի վարած «ՎԱԶ 2105» մակնիշի 48 ԼՏ 232 ավտոմեքենային, որի հետևանքով «ՎԱԶ 2105» մակնիշի 20 ՏՕ 745 ավտոմեքենայի ուղևոր Վանուշ Եղիշի Սեդրակյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Նկարագրված պատահարը տեղի է ունեցել Տիգրան Առաքելյանի մեղավորությամբ՝ նրա կողմից ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջները խախտելու հետևանքով:

Ըստ գործի նյութերի, պատահարի պահին «ՎԱԶ 2105» մակնիշի 20 ՏՕ 745 ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր չի եղել: Պատահարի առնչությամբ «ՎԱԶ 2105» մակնիշի 20 ՏՕ 745 ավտոմեքենայի ուղևոր Վանուշ Սեդրակյանը 2013թ. հունվարին իրեն պատճառված անձնական վնասների գծով հատուցում ստանալու համար դիմել է բյուրո: Բյուրոն ընդունել է 12.02.2013թ. մի եզրակացություն, համաձայն որի՝ որոշվել է, որ եզրակացությունը կազմելու օրվա դրությամբ տուժողի կողմից ներկայացված փաստաթղթերով` պատահարի հետևանքով Վանուշ Սեդրակյանին պատճառված անձնական վնասների չափը կազմել է 195.000 ՀՀ դրամ: Այն բյուրոյի կողմից ամբողջությամբ հատուցվել է: Բյուրոն հայցով դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների, բյուրոն խնդրել էր Գ. Մելիքյանից և Տ. Առաքելյանից համապարտության կարգով բռնագանձել 195.500 ՀՀ դրամ, եւ բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 22.05.2013թ. կայացրած վճռով հաստատված է համարել բյուրոյի վկայակոչած փաստերը և հայցը բավարարվել է:

Սակայն քաղաքացիական գործի քննության ավարտից հետո Վ. Սեդրակյանը բյուրո է ներկայացրել «ՊՌՈՄԱՔՍ-ՌԵՅ» ՍՊԸ-ի 22.05.2013թ. հաշիվ-տեղեկագիրը` Վ. Սեդրակյանին 13.000 ՀՀ դրամ արժողությամբ բժշկական ծառայություններ մատուցելու վերաբերյալ և ՀԴՄ կտրոն, որով հաստատվել է պահանջվող գումարի վճարված լինելու փաստը: Վ. Սեդրակյանին 340.000 ՀՀ դրամ արժողությամբ բժշկական ծառայություններ էին մատուցվել, և նա այդ գումարի հետ միասին դատարան էր ներկայացրել հիվանդանոցային ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվետվություն և էպիկրիզ: Այս լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա էլ ապահովագրական ընկերությունը որոշել է, որ Վանուշ Սեդրակյանի առողջության վերականգնման կապակցությամբ ենթակա է հատուցման ևս 353.000 ՀՀ դրամ: Բյուրոյի գործադիր տնօրենի 22.07.2013թ. հրամանի հիման վրա վերոնշյալ գումարը փոխանցվել է համապատասխանաբար «ԼԵԲԵՆ» ՍՊԸ «ԵՐԵՎԱՆ» ԲԿ-ին և Վ. Սեդրակյանին:

Բյուրոն 29.07.2013թ. և 30.07.2013թ. գրություններ է ուղարկել համապատասխանաբար Տիգրան Առաքելյանին և Գաբրիել Մելիքյանին, առաջարկել է նրանց վճարել պահանջվող գումարը: Պատասխանողները, սակայն, ըստ հայցվորի, ծանուցումները ստացել են, բայց որևէ վճարում չեն կատարել:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն էլ հայցվորը դիմել էր դատարան, խնդրել Գաբրիել Մելիքյանից և Տիգրան Առաքելյանից համապարտության կարգով հօգուտ իրենց բռնագանձել 353 հազար ՀՀ դրամ և 7.060 ՀՀ դրամ:

Պատասխանողներից Գաբրիել Մելիքյանը պահանջի դեմ առարկել է, գրավոր պատասխան չի ներկայացրել: Հայտնել է, թե դատարանի վարույթում է քննվել մեկ այլ քաղաքացիական գործ՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» իրենց դեմ և Տիգրան Առաքելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Ըստ պատասխանողի, դատարանի 22.05.213թ. վճռի համաձայն, իրենցից համապարտության կարգով հօգուտ բյուրոյի պետք է բռնագանձվեր 195.500 ՀՀ դրամ, որպես ապահովագրական հատուցման գումար և ներկա պահին վճռի պահանջներն ամբողջովին կատարված են: Սակայն հայցվորը պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել ևս 353.000 ՀՀ դրամ, որպես ապահովագրական հատուցում, իսկ թե ինչու, ինչ ապացույցի հիման վրա, պարզ չի:

Ի դեպ, Վանուշ Սեդրակյանի վերաբերյալ ներկայացված էպիկրիզում հստակ նշվել է, որ վիրահատությունը և վաղ վիրահատական շրջանը անցել է հարթ, առանց բարդությունների և 12.06.2012թ. հիվանդը դուրս է գրվել բաժանմունքից լավացումով: Իսկ երկրորդ էպիկրիզում հիվանդը միայն նշել է, թե քթի վնասվածքը կատարվել է 2012թ. ավտովթարի հետևանքով, ուստի հայցվորը չի ապացուցել, որ նշված վնասներն առաջացել են նախկին ավտովթարի պատճառով:

Պատասխանող Տիգրան Առաքելյանը բացակայել է հանրապետությունից:

Եվ գործն առանց նրա է քննության առնվել:

Դատարանը մերժել էր հայցը, ինչի դեմ բողոք է բերել մերժված ապահովագրական ընկերությունը:

Ըստ դատարանի, յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից:

Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո, պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը, հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա։ Ուստի, այu կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մաuին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Եվ այդ առումով կարեւորվում է, որ նախկինում քննված` քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728