Ճանաչված դաշնակահար Անտոնիո Գոնսալեսը բավարարված լինելու իր ընկալումն ունի
Իտալացի ճանաչված դաշնակահար Անտոնիո Գոնսալեսի երեւանյան համերգին հայ հանդիսատեսը սպասում էր դեռեւս անցյալ տարվա գարնանից: Երաժշտի մենահամերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) նշանակված էր 2014թ. մայիսի 2-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով չկայացավ:
Երաժիշտը Երեւանում է: «Առավոտը» հանդիպեց նրա հետ: Երեւանյան չկայացած համերգի առիթով դաշնակահարն ասաց, որ Հայաստան չժամանելու պատճառը մոր անժամանակ մահն է հանդիսացել: Այսօր դաշնակահարը Երեւանում է օպերային թատրոնի տնօրինության հրավերով, իսկ նրա հետ դեռեւս նախորդ տարվանից բանակցություններ է վարում թատրոնի ռեժիսոր Մարինա Սարգսյանը:
Անտոնիո Գոնսալեսը նշեց, որ թեեւ առաջին անգամ է Հայաստանում, սակայն մասամբ ծանոթ է, իր խոսքերով՝ հայերի բազմադարյա մշակույթին: Նա նշեց, որ թեեւ այս տարի եղեռնի 100-րդ տարելիցն է, բայց այդ վիշտը երբեք չի սփոփվի, քանի հարյուրամյակ էլ անցնի:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն անդրադառնալով զուտ հայկական երաժշտական մշակույթին, խոստովանեց, որ դեռ փոքրուց սիրել է խաչատրյանական երաժշտությունը, այսօր էլ դասավանդելով իր ծննդավայրի՝ Կոզենցայի կոնսերվատորիայում, ուսանողներին ծանոթացնում է Խաչատրյանի արվեստին, հատկապես «Տոկատ» ստեղծագործությանը, որը ժամանակ առ ժամանակ տեղ է գտնում նաեւ իր նվագացանկում:
Կեսկատակ-կեսլուրջ փաստեցինք, թե բարձր է գնահատում հայ կոմպոզիտորի արվեստը, սակայն աշխարհի հեղինակավոր պարբերականների, այդ թվում՝ «New York Post», «Los Angeles Times» թերթերի երաժշտական մեկնաբաններ ներկայացնելով իրեն, մշտապես նշում են Գոնսալես դաշնակահարի՝ Ռախմանինովի թիվ 2 կոնցերտի անկրկնելի կատարումը: «Երեւանի օպերային թատրոնի նվագախմբի հետ, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին ներկայանալու եմ հենց Ռախմանինովյան կոնցերտի կատարումով: Կրկնում եմ՝ գնահատում եմ հայերիդ մշակույթը, բայց առանձնակի սեր ունեմ դեպի ռուս կոմպոզիտորական արվեստը՝ Մուսորգսկի, Չայկովսկի եւ այլն: Ինչ վերաբերում է Ռախմանինովին, այո, հատուկ ջերմ վերաբերմունք եմ տածում նրա ստեղծագործությունների հանդեպ: Նա վիրտուոզ դաշնակահար էր եւ հիանալի կոմպոզիտոր: Ցավ եմ ապրում, որ իբրեւ կոմպոզիտոր մշտապես քննադատության է ենթարկվել իր գործընկերների կողմից, չնայած կյանքի վերջին 20 տարիներին ընդունված ու հարգված է եղել»,- հայտնեց դաշնակահարը:
Հետաքրքրությանը, թե ինչպես է արտահայտվում իր երկրի աջակցությունն արվեստագետների հանդեպ, Անտոնիո Գոնսալեսը պատասխանեց, թե Եվրոպան, մասնավորապես՝ Իտալիան, այսօր ծանր ժամանակներ են ապրում. տնտեսական ճգնաժամ է, ինչի հետեւանքով դադարեցրել են իրենց գործունեությունը պետական նվագախմբեր, գործազուրկ են մնացել շատ բարձրակարգ երաժիշտներ, իսկ պետությունը, մտահոգ լինելով նրանց ճակատագրով, հանրակրթական դպրոցներում առաջին դասարաններից որպես պարտադիր ուսուցում ներգրավել է դաշնամուրի, ջութակի, ֆլեյտայի եւ այլ երաժշտական գործիքների դասավանդում:
Դիտարկմանը՝ տնտեսական ճգնաժամերը հավանաբար չեն ազդում միայն շոու-բիզնեսի ներկայացուցիչների վրա եւ գուցե դա՞ է պատճառը, որ դասական երաժշտարվեստի հայտնի ներկայացուցիչներից ոմանք հայտնվում են շոու-բիզնեսում, դաշնակահարը պատասխանեց. «Դեմ չեմ շոու-բիզնեսին: Իտալիայում առաջինը Լուչիանո Պավարոտին էր, որ սկսեց համագործակցել երաժշտական տարբեր ուղղությունների ու ոճերի նույնպես ճանաչված արվեստագետների հետ: Օրինակ, աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման համագործակցում է Սթինգի հետ, ուրիշներն էլ… Ես էլ երբեմն շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչների հետ նեղ շրջապատում հաճելի րոպեներ եմ անցկացնում, սակայն մեծ բեմ դուրս չեմ գալիս…»:
Երաժիշտն ասաց, որ իրեն չի ձգում շոու-բիզնեսի աստղային փայլը, դղյակները, ինքնաթիռներն ու լիմուզինները. «Յոթ տարեկանից դաշնամուր եմ նվագում, բախտ եմ ունեցել ուսանելու հայտնի պրոֆեսորների մոտ, ստացել եմ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում՝ Ֆերենց Լիստի անվան (1992թ.) մրցույթի: Մշտապես հրավիրվում եմ փառատոների ու մրցույթների՝ որպես ժյուրիի անդամ: Շուրջ 25 տարվա բեմական ստեղծագործական կյանքս ցույց է տվել, որ սպասված ու ցանկալի եմ եվրոպական եւ ամերիկյան հայտնի նվագախմբերի եւ հեղինակավոր սրահների համար: Հանդիսանում եմ Ֆրանկո Ֆերրարայի անվան միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրենը, որտեղ կատարելագործվում են երիտասարդ երաժիշտներ: Չեմ մերժում եւ ոչ մի հրավեր՝ մասնակցելու բարեգործական համերգներին: Արդյոք սա բախտավորություն չէ՞…Ես բախտավոր եմ, ոչ թե հարուստ…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05. 02. 2015թ.