Վերջին ամառային օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցումներին մասնակցեց Հայաստանի չորս աթլետ: Բոլորն էլ ներկայացնում էին ցատկային ձեւերը ու բոլորն էլ Լոնդոն մեկնել էին վարկանիշով: Ընդհանրապես մեր աթլետները միջազգային մրցաշարերում առավել հաջող հանդես են գալիս հեռացատկում եւ եռացատկում:
Ռիո դե Ժանեյրոյի Խաղերի ի՞նչ նպատակներ ունեն մարզաձեւի պատասխանատուները: Այս մասին «Առավոտը» զրուցել է հանրապետության աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի հետ:
– Պարոն Հայրապետյան: Լոնդոնի նշաձողը պահելո՞ւ եք:
– Տրամադրված ենք: Երկու վազքային ձեւեր էլ կան, որտեղ արդյունքների առաջընթաց ենք նկատում մեր աղջիկների մեջ: Հույս ունենք, որ լավ աշխատելու դեպքում 6-7 մարզիկ տեսականորեն կկարողանան ուղեգրերի համար պայքարի մեջ ներգրավվել:
Կարդացեք նաև
– Անունները կնշե՞ք:
– Կնշեմ միայն նրանցը, ում հնարավորությունները համեմատաբար գերադասելի են. Լեւոն Աղասյան` եռացատկ, Վարդան Փահլեւանյան եւ Արսեն Սարգսյան` հեռացատկ, Ամալյա Շառոյան` 400 մետր հարթ եւ արգելավազք, Լիլիթ Հարությունյան` 800 մետր վազք: Վարդան Փահլեւանյանը հիմա ծնկի վնասվածք ունի ու չեմ կարող ասել, թե երբ կապաքինվի: Իսկ Լիլիթը մեր հեռանկարային վազորդուհիներից է, որն անցած տարվանից սկսել է առաջադիմել:
– Ասացիք, որ ձեր նշած մարզիկները տեսականորեն կարող են ուղեգիր նվաճել: Թերահավատությո՞ւն է, թե՞ ինքնաապահովագրում:
– Մենք տարվա միջոցառումների ցանկը, մրցումների մասնակցությունը, պլանավորում ենք, բայց միշտ չէ, որ կարողանում ենք դրսում ուսումնամարզական հավաք կազմակերպել: Հայաստանում եղած մարզումային պայմանները, եթե չասենք զրոյական են, բացարձակ չեն նպաստում առաջադիմելուն: Աթլետները չունեն ոչ դահլիճային նվազագույն պայմաններ, ոչ էլ ստադիոն: Այն, որ Արտաշատում մրցումներ ենք անցկացնում, չի նշանակում, թե այնտեղի ստադիոնը նորմալ վիճակում է: Պարզապես, հարմարեցնում ենք, մի կերպ յոլա ենք գնում:
– Իսկ «Սպարտակ» ստադիո՞նը:
– Այն սկսնակների համար ինչ-որ տեղ ընդունելի է: Բայց կարգային, առավել եւս` առաջատար աթլետների համար, շատ վատն է: Խոսքը միայն վազքուղիների մասին չէ, որի ռետինե ծածկույթը մոտ 40 տարվա վաղեմության է ու խիստ մաշված, ամբողջ կառույցն է այդ վիճակում: Մինչդեռ, ունենք նվիրված մարզիչներ ու տաղանդավոր մարզիկներ ու այս պայմաններում միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն ենք աճեցնում: Ցավոք սրտի, կառավարական մակարդակով մենք անտեսված ենք:
– Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը խնդիրները լուծելու տարբերակներ չի՞ կարողանում գտնել:
– Պարոն Էմմիյանի շնորհիվ միջազգային կազմակերպությունները մեր ֆեդերացիային որոշակի գումարներ տրամադրում են: Այստեղ պահանջվում է դրան մի քիչ ավելացնել: Օրինակ, խոսվում էր «Հրազդան» ստադիոնի վազքուղիները ժամանակակից ծածկույթով պատելու մասին: Բայց կառավարությունը գումարը հատկացնելը նպատակահարմար չգտավ: Դա վատ է: Ոչ միայն այն բանի համար, որ երկիրը, գուցե, այդ հնարավորությունը չունի: Այստեղ պատվախնդրության հարց է: Վրաստանն, օրինակ, ունի «Դինամո» ստադիոն` կահավորված ժամանակակից բոլոր պայմաններով, որտեղ անգամ Եվրոպայի թիմային առաջնություն անցկացվեց:
Հիմա էլ աթլետիկական ստադիոն են կառուցում: Մալթայի նման փոքրիկ կղզում, որտեղ տարածքի լուրջ խնդիրներ կան, երեք հատ աթլետիկական ստադիոն է գործում: Իսկ մեզ մոտ ոչ միայն չեն մտածում ստադիոն կառուցել, այլեւ եղածներից գոնե մեկի վազքուղիների ծածկույթը չեն փոխում: Դա հակառակ ազդեցություն է գործում մարզիկների վրա, որոնք դրսում հավաքի կամ մրցման ժամանակ պայմանները տեսնելուց հետո վերադառնալով, այստեղ մի տեսակ հիասթափված, անտրամադիր են գալիս մարզումների: Էլ չեմ խոսում այն ծնողների մասին, որոնք երեխայի հետ գալով ու պայմանները տեսնելով` ետ են գնում: Չմոռանամ նշել նաեւ, որ Ռոբերտ Էմմիյանը մեր մարզիկներին նաեւ գույք է ուղարկում, իսկ լավագույնների համար հավաքներ կազմակերպում Ֆրանսիայում:
– 2015 թվականը նախաօլիմպիական, որոշիչ տարի է, եւ բոլոր աշխատանքները պետք է ավելի նպատակային տանել: Այս տարի ի՞նչ մրցումների եք մասնակցելու:
– Ֆեդերացիան օրացուցային պլանով նախատեսել է 48 հավաք եւ մրցումների մասնակցություն: Բայց դրանից առաջ անհրաժեշտ նախապատրաստություն է հարկավոր: Մոտ օրերս մեր հիմնական օլիմպիական թեկնածուները 12-օրյա հավաքի են մեկնելու Ստամբուլ, որի ավարտից հետո նույն տեղում կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Այդ ընթացքում մի խումբ էլ կմեկնի Թեհրան` միջազգային մրցումների: Դրան հաջորդելու է Եվրոպայի ձմեռային առաջնությունը` Չեխիայում: Հետո կլինի մի փոքր դադար, որից հետո կանցնենք նախապատրաստության երկրորդ փուլին: Այդ ժամանակ կլինեն թե մեր ներքին, թե միջազգային պաշտոնական առաջնությունները, միջազգային այլ մրցումներ:
– Աթլետիկայում վարկանիշ նվաճելու կարգն ինչպիսի՞ն է:
– Շատ հստակ ու արդար: Յուրաքանչյուր վարկանիշային մրցմանը միջազգային ֆեդերացիան սահմանել է համապատասխան նվազագույն ցուցանիշների սանդղակ: Հաղթահարեցի՞ր` օլիմպիական ուղեգիր ունես: Հարցն այն է, որ չափորոշիչները բարձր են ու այդ սահմանը հաղթահարելն է դժվար:
– Ամփոփենք: 2016 թվականի իրատեսական քանի՞ վարկանիշ կարող ենք ունենալ:
– Հավանական թեկնածուները մի քանիսն են: Բայց երկու վարկանիշն ավելի իրատեսական է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05. 02. 2015թ.