Առաջին անգամ Հայաստան է ժամանել իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը, որը պետք է այսօր՝ փետրվարի 5-ին, հանդես գար Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում: Առողջական խնդիրների պատճառով երաժիշտը չի կարողացել ելույթ ունենալ, եւ ունկնդիրները տեղեկացվել են, որ կարող են ետ ստանալ տոմսերի համար վճարած գումարները: Սակայն, վարկած է շրջանառվում, թե նա հանել է համերգը օպերային թատրոնի ճեմասրահում տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի պատճառով:
Aravot.am-ը Օպերային թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեց՝ դաշնակահարի համերգը իսկապե՞ս առողջական խնդիրների պատճառով չի կայացել, թե՞ այն կապ ունի օպերային թատրոնի ճեմասրահում ծագած միջադեպի հետ:
«Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որ նախատեսված էր օպերային թատրոնում, երաժշտի վատառողջ լինելու պատճառով չի կայացել: Օպերային թատրոնի տնօրինության կողմից հանդիսատեսը նախապես տեղեկացվել է, որ դաշնակահարը ելույթ չի ունենալու և ցանկացողները կարող են վերադարձնել տոմսերը կամ ներկա գտնվել առաջին գործողության համար նախատեսված «Ալեկո» օպերային: Ինչ վերաբերում է նույն օրը երեկոյան թատրոնի ճեմասրահում տեղի ունեցած վիճաբանությանը, ապա խուլիգանական պահվածքը թույլ է տրվել թատրոնի աշխատակիցների հետ կապ չունեցող մի երիտասարդի կողմից, ինչը կասեցվել է թատրոնի անվտանգության աշխատակիցների կողմից: Այս միջադեպը որևէ առնչություն չունի Կոնսալեսի չկայացած համերգի հետ, թատրոնի տնօրինությունն էլ հայցում է հանդիսատեսի ներողամտությունը»,-հայտնեցին օպերային թատրոնից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև