Լրահոս
Օրվա լրահոսը

«Աժիոտաժի մի ենթարկվեք, հո  ձեր որդին մարդասպան չէ՞», -ասել է Շիրակի  դատախազը  

Փետրվար 05,2015 21:59

Սառնաղբյուրցի ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանին, որի 21-ամյա որդուն` Մնացական Մարտիրոսյանին,  որպես Գյումրիում տեղի ունեցած բախումների մասնակից,  երեկ ձերբակալել էին  Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի (լուսանկարում) որոշմամբ, այսօր չի հաջողվել մտնել  այդ նույն դատախազի մոտ:

Մարտիրոս Ալեքսանյանը   Aravot.am-ի հետ զրույցում  ասաց, որ ինքը շատ էր ուզում հանդիպել դատախազին ու խնդրել, որ ազատ արձակեն  իր որդուն, քանի որ վերջինս  երկրից փախնող չէ: «Րաֆֆի Ասլանյանը իր հյուրերին էր ճանապարհում, գլխավոր դատախազությունից եկածներին, ես նրան հանդիպեցի  նախասրահում, նա ասաց, որ իմ հետ հանդիպել է երեկ, հիմա ոչինչ չի կարող ասել: Դատախազը ինձ հորդորեց` աժիոտաժի չենթարկվել, ասաց` հո  ձեր որդին մարդասպան չէ՞, կառաջնորդվենք օրենքով: Բայց ես հայր եմ,  ո՞նց կարող եմ հանգիստ նստել, չանհանգստանալ, ի՞նչ է արել իմ որդին, ինչո՞ւ հարյուրավոր մարդականց միջից ընտրեցին հատկապես նրան:  Ես նրան տղամարդավարի խոստում եմ տալիս, որ  երբ պետք լինի, Մնացականը  կգա հարցաքննության, թող գործը քննեն, ճշմարտությունը բացահայտեն, մենք չենք խոչընդոտի, բայց նրան թող ազատ թողնեն, նա  հանցագործ չէ»,- մղկտում էր հայրը:

Նշենք, որ այսօր Սառնաղբյուրի բնակիչները, հավաքելով գյուղի կենտրոնում,  արդեն իսկ հանդես են եկել նախազգուշացմամբ, եթե  72 ժամվա ընթացքում ազատ չարձակեն իրենց արժանապատիվ համագյուղացուն,  հետևանքները շատ վատ են լինելու , կփակվի Գյումրի-Երևան  մայրուղին ու կսկսվեն անժամկետ բողոքի ակցիաները:

Հավելենք նաև, որ դեռևս երեկվանից  մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանին` հետաքրքրվելով,  թե ի՞նչ հիմքով են ձերբակալել  երիտասարդին  և  ինչո՞վ կբացատրեն  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի այն պարզաբանումը, որ քննիչը առարկել, բողոքարկել է հսկողությունն իրականացնող դատախազի վերոհիշյալ անձին ձերբակալեու ցուցումը: Մինչև այս ժամը պատասխան չենք ստացել: Մեր տեղեկություններով, հսկող դատախազը ցուցում է տվել Մնացական Ալեքսանյանին ձերբակալել, իսկ քննիչը, հրաժարվելով այն կատարել, միանգամից բողոքարկել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին: Դրանից հետո հսկող դատախազը անձամբ է ձերբակալել: Հսկող դատախազի համար հիմք հանդիսացել է այն, որ քննիչը իրավունք չուներ առանց իր ցուցումը կատարելու բողոքարկել, այսինքն խախտում է թույլ տվել, պիտի կատարեր, նոր բողոքարկեր:

Այսօր Գյումրի ժամանած գլխավոր դատախազի տեղակալն էլ խուսափեց հանդիպել  իրեն սպասող լրագրողների հետ` հաղորդելով, որ հարցերի չի պատասխանելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ուր է գնում Հայաստանը… Բավական է միայն նայել այս մարդու դեմքին և ամեն ինչ պարզ կդառնա: Չակերտների բացումը թողնում եմ ձեզ 🙁

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728