Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով հունվարի 15-ին Ազատության հրապարակում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետեւանքով տուժող է ճանաչվել նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրան բռնի ուժով այդ օրը բերման են ենթարկել ոստիկանություն:
Իրավապաշտպանը Aravot.am-ին ասաց, որ արդեն երկրորդ դեպքն է, որ ՀՔԾ-ն գործ է հարուցում ոստիկանների ապօրինի գործողությունների կապակցությամբ: Առաջինը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համակիր Հայկ Կյուրեղյանի գործով էր, երբ հայտարարություն տարածվեց, որ նրան ոստիկանությունում ծեծել են. «ՀՔԾ-ն գործ էր հարուցել այդ կապակցությամբ, բայց որեւէ զարգացում չեղավ: Կարող եմ հստակ ասել՝ գործը կամ կարճվել է կամ կարճման փուլում է»:
Նրա համոզմամբ, իրենց նկատմամբ ոստիկանական ապօրինի գործողությունների կապակցությամբ հարուցված քրեական գործն էլ շարունակություն չի ունենա, որովհետեւ. «Հայաստանում, չնայած, ֆորմալ առումով գերատեսչությունները՝ ՀՔԾ, ոստիկանություն իրար հետ կապ չունեն, բայց իրականում երկուսի ղեկավարներն էլ նշանակվում ու հանվում են ՀՀ նախագահի կողմից: Չեմ կարծում, որ այդ գերատեսչությունները անկախ են ու մեկը մյուսի նկատմամբ գործ կարող են հարուցել, եթե վերեւի համաձայնությունը չլինի: Սա ձեւական բնույթ է կրում ու հեռանկար չունի: Ուղղակի ցույց են ուզում տալ, որ հայտարարույթյան հետքերով գնացել են, գործ հարուցել ճշտելու համար: Բայց հետո կպարզվի, որ ճշտված է, եւ նման բան տեղի չի ունեցել, ամեն ինչ եղել է օրինական : Շատ կուզենամ սխալվել ու հրապարակային ներողություն կխնդրեմ ու շատ ուրախ կլինեմ ներողություն խնդրելու համար»:
Ավետիք Իշխանյանն արդեն ՀՔԾ-ում ցուցմունք է տվել, բայց նախաքննության փուլում ցուցմունքը չի հրապարակի.«Բացի այն, որ ինձ ուժով են նստեցրել մեքենա, այլ տիպի բռնություններ չեն կատարվել իմ նկատմամբ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների կապակցությամբ քրեական գործը հարուցվել է 108 հոդվածի 1-ին մասով: Ավետիք Իշխանյանից բացի տուժողներ են ճանաչվել նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սերժաբռնապետության կեսը բռնիչ ու քննիչ է, հո պարապ չեն մնա:Տղերքը գործի մեջ են, պարապ հո չեն մնա:Քրեապետության բնույթը չի կարելի փոխել, չէ որ դա արմատից հեռակալ կնշանակի: