Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող ՀՀ քաղաքացի Լևոն Անդրեասյանի նկատմամբ ադրբեջանական մարտական հենակետից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող ադրբեջանական մարտական հենակետից ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ, սպանություն կատարելու նպատակով կրակոցներ են արձակվել «Բաղաղբյուր» կոչվող հանդամասում գտնվող իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի բնակիչ Լևոն Անդրեասյանի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով 1931 թվականի ծնված հայ գյուղացին ձախ ծնկահոդի շրջանում ստացել է հրազենային միջանցիկ վնասվածք:
Դեպքի առթիվ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննություն հնարավոր չի եղել կատարել, քանի որ տարածքը գտնվում է ադրբեջանական մարտական դիրքի գնդակոծության տակ և վտանգավոր է կյանքի ու առողջության համար:
Կարդացեք նաև
Լևոն Անդրեասյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է կրակոցի պահին Լ.Անդրեասյանի հագին եղած հագուստը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին