«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը համոզված է, որ Սառնաղբյուրի բնակիչ 21-ամյա Մնացական Ալեքսանյանի ձերբակալությունից բացի, կձերբակալեն եւս մի քանիսին: «Կարծում եմ, որ ոստիկանությունը դատախազության հետ, այս դեպքում ավելի շատ դատախազությունը քավության նոխազ է որոնում, ուզում է ինչ-որ մեկի վրա բարդի այս պատմությունը: Սրա հետ մեկտեղ, իհարկե, դեմ չեն լինի, որ հանրությանը ահաբեկեն: Երեւի մտահոգություններ ունեն, որ բողոքները շարունակվելու են, մանավանդ եթե ռուսական կողմը մերժի տրամադրումը, հայկական կողմն էլ հետեւողականություն չցուցաբերի գործը եւ կալանավորին տրամադրել Հայաստանին: Պրոֆիլակտիկ բաներ են անում երեւի: Դեմ չեն լինի, ըստ երեւույթին, 2-3 հոգուն պատանդ պահեն: Ես համարում եմ, որ ռեժիմը պատանդ է վերցրել, բայց շատ կարևոր հանգամանք կա, որ լրագրողները պիտի տեղ հասցնեն հանրությանը:
Ամենակարեւորը հետեւյալն է, որ ամսի 15-ի երեկոյան բախումները հրահրել է ոստիկանությունը՝ իր ապաշնորհ գործողություններով կամ հանցագործներ, առայժմ անհայտ մարդիկ, որոնք հագած են եղել ոստիկանական համազգեստ, հանդերձանք են ունեցել, կատարել են ակնհայտ, ապօրինի, բռնի գործողություններ խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մասնավորաբար փակել են Գարեգին Նժդեհի փողոցը, որտեղ կային մի քանի կարեւոր հաստատություններ՝ հիվանդանոց եւ կենսապահովման օբյեկտներ: Ցուցարարները երթով հասել են այնտեղ, նպատակ չեն ունեցել ոստիկան խփելու, այլապես դա կանեին դատախազության առաջ, ինչու պիտի գնային անտեղ, ոստիկան ծեծեին:
Եվ ոստիկանությունը սկսել է ահաբեկել խաղաղ ցուցարարներին, կամ ոստիկանական համազգեստով մարդիկ որեւէ զգուշացում չեն արել, չեն ներկայացել, որ իրենք ոստիկաններ են: Նրանք սկսել են վահաններին խփել իրենց դագանակներով, սկսել են լուսային, աղմուկային նռնակներ գցել, մարդկանց վրա են քշել: Մարդիկ վախեցել են, սկսել են հայհոյել, ինքնապաշտպանվել են, հարձակումը ոստիկանության վերածվել է բախումների: Իսկ հիմա ոստիկանությունը փորձում է մեղավորներ գտնել: Եթե ուզում էիք հյուպատոսարանի շենքը պաշտպանել՝ գնայիք շենքը պաշտպանեիք, ոչ թե փողոց փակեիք», ասում է Լեւոն Բարսեղյանը:
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը, երեկ լսելով Սառնաղբյուրի բնակչի ձերբակալության լուրը, շտապել է դատախազություն, այնուհետ ականատես եղել, թե ինչ ապօրինի վերաբերմունք են ցուցաբերում Ախուրյանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում երիտասարդի նկատմամբ. նրան երկար ժամանակ չեն թույլատրել փաստաբան ունենալ: «Ճիշտն ասած, ամբողջ դեպքերի ականատես չեմ, բայց հոր ահազանգից հետո գնացի դատախազություն: Իրենք էլ դատախազությունում էին, հետո այնտեղից հեռախոսազանգերով ճշտեցինք, որ Ախուրյանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում է Մնացական Ալեքսանյանը, փաստաբանի հետ պայմանավորվեց հայրը, գյումրեցի փաստաբան է:
Կարդացեք նաև
Մի խոսքով, գնացինք ոստիկանություն, ժամը 10.15 էր, փաստաբանը ներկայացրեց փաստաթղթերը, ասաց, որ ինքը ուզում է պաշտպանյալին տեսնել: Իմացանք, որ կասկածյալի կարգավիճակ ունի, ձերբակալել են Շիրակի մարզի դատախազի տեղակալի հրամանով, եւ սկսեցին ձգձգել, աղմուկ բարձրացնել, թույլ չտալ, որ փաստաբանը պաշտպանյալի հետ խոսի`15 րոպե, կես ժամ, 40 րոպե…Հերթապահներով ասում էին, որ քննիչը ներսում է, դուրս չի գալիս: Այդ ընթացքում սկսեցինք բոլորս ահազանգել, ուր կարող էինք՝ պատգամավորների, ոստիկանության «Դիտորդ» հասարակական խմբին, մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանության թեժ հեռախոսագծերին, ներքին անվտանգության վարչությանը, թեժ հեռախոսագծեր, որոնք փակցված էին Ախուրյանի ոստիկանության հերթապահության բաժնի ապակու վրա, չէին պատասխանում…
Վերջապես, ինչքան հասկացանք, ահազանգերը տեղ հասան, բաժնի պետն էլ էր տեղում՝ Գեւորգ Թադեւոսյանը, իջավ ներքեւ, մտավ, ինչ-որ բան բացատրեց: Վերջապես թղթեր պատրաստեցին, ժամը 23.56 սահմաններում թույլ տվեցին, որ փաստաբանը մտնի: Նա դուրս եկավ գիշերը ժամը 1.3 սահմաններում: Երիտասարդը հրաժարվել էր որեւէ բան գրելուց, որի իրավունքը լիակատար ունի, ասել էր , որ իրեն նեղություն չեն տվել ոստիկանությունում»:
Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների հետ բախումներից երկու օր անց, ամսի 17-ի վաղ առավոտյան այս տղային տարել էին ոստիկանները եւ չէին ասել, թե ուր են տանում: Տնեցիները՝ հայրը, ազգականներն ամբողջ օրը որոնել էին, հարցրել էին ոստիկանություն, եւ ուշ երեկոյան պատահաբար վարչությունում մեկն ասել էր՝, թե որտեղ է: «13 ժամ հարցաքննել էին երիտասարդին, անձնագիրը վերցրել էին ձեռքից եւ նոր միայն թողել էին: Անձնագիրը վերադարձել են շաբաթ օրը՝ ամսի 29-ին, եւ տղան որեւէ տեղ չի հեռացել, հանգիստ իր գործերով է զբաղվել»,- պատմեց Լեւոն Բարսեղյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ