«Առաջին իսկ քայլերից նա առանձնանում էր իր ուրույն ձեռագրով, և հենց սկզբից կանխատեսելի էր, որ ճիշտ աշխատանքի դեպքում նա գրականության մեջ լավ ճանապարհ կունենա: Այդպես էլ եղավ, որովհետև նա իր վրա աշխատող, նախորդ փորձերից դասեր քաղող հեղինակ է»,- գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն այսպես է բնութագրում արձակագիր Նառա Վարդանյանին, որի պատմվածքների և էսսեների նոր՝ երրորդ ժողովածուի («Արգելված պտուղ») շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ «Ականաթ» սրճարանում:
«Արգելված պտուղ» վերնագիրը շատ հատկանշական է Նառայի ստեղծագործական աշխարհի համար,- ասում է գրականագետը,- որովհետև նա իր գրականությամբ մատնացույց է անում այնպիսի երևույթներ, որոնց մասին մենք բարձրաձայն չենք խոսում կամ խոսում ենք ամոթխած կերպով: Սա հասուն, մտածված գիրք է, որտեղ ամփոփված է մի ողջ սերնդի կենսագրությունը: Այն անկախության սերնդի գիրք է»:
Նառա Վարդանյանի ստեղծագործության մեջ զգալի տեղ ունի պատերազմի թեման: Հեղինակն իրեն պատերազմի պասսիվ մասնակից է համարում. «Ես ավելի շատ պատերազմի հետևանքների կրողն եմ, քան մասնակիցը,- ասում է նա,- իմ ստեղծագործություններում պատերազմից հետո խեղճացած մարդն է, նրա ապրումները, բարդույթները, չկողմնորոշվածությունը ժամանակի մեջ»:
Կարդացեք նաև
Մեծ տեղ է զբաղեցնում նաև մահվան թեման. «Մարդը բարդույթ ունի, որ իր մարմինն իրեն անընդհատ լքում է: Իմ ստեղծած գրականությունը հենց այդ լքման վախի, սարսափի մասին է: Ընդհանրապես, գրականությունն ինձ համար ծնունդը, ապրած կենսագրությունը վերանայելն է, իմ շուրջ եղած մարդկանց տեսնելը, գիտակցության, ենթագիտակցության տարածքներում նրանց փնտրտուքը»,- ասում է Ն. Վարդանյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ