Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով հունվարի 15-ին ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետեւանքով տուժող ճանաչված Արգիշտի Կիվիրյանը հրաժարվել է ցուցմունք տալուց:
«Մեզ հրավիրել էին հատուկ քննչական ծառայությունից, հայտնել են, որ քրեական գործ են հարուցել «Առավոտ» թերթում տեղ գտած հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության հիման վրա: Քրեական գործ է հարուցվել 308 հոդվածի առաջին մասով` ոստիկանների ապօրինի գործողությունների համար: Հրաժարվել եմ ցուցմունք տալ`հիմնավորելով, որ չեմ հավատում, թե նախաքննական մարմինը ընդունակ է օբյեկտիվ քննություն անցկացնել: Վստահ եմ` այս գործը ապագա չի ունենալու, նրանք ընդամենը փորձում են ստեղծել արդարադատության իմիտացիա, համոզել հասարակությանը` տեսեք արդար ձեւով գործ ենք հարուցել ու քննում ենք, բայց վստահ եմ, որ մի քանի ամիս անց գործը կկարճեն, կփակեն: Այսինքն, որեւէ մեղավոր անձ, ապօրինություն գործած ոստիկան պատասխանատվության չի ենթարկվի»,- Aravot.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Նա պատմեց, որ բերման է ենթարկվել բռնի ուժով. «Քաշքշելով ու խփելով` նստեցրել են ոստիկանության մեքենան, այդ օրը ինձ երկու անգամ են բերման ենթարկել` դեսպանատան առջեւից եւ Ազատության հրապարակից, երկու անգամն էլ նույն ձեւով: Հատուկ քննչական ծառայությունում ինձ տվել են դատաբժշկի ուղեգիր, ես հրաժարվել եմ այն ստանալ, որովհետեւ նշել եմ, որ չեմ հավատում ոչ նախաքննական մարմին, ոչ էլ դատաբժիշկներին: Նշել եմ, որ անիմաստ ժամանակ եմ վատնելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից