Դիլիջանի բնակիչներ, 1984թ. ծնված Մհեր Առուշանյանին եւ 1970թ. ծնված Արտեմ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. հունվարի 6-ին միմյանց հետ նախնական համաձայնության գալով եւ օգտագործելով Արտեմ Ամիրյանի կողմից 2013թ. հունվարի 9-ին «Նաիրի Ինշուրանս» ԱՊՊԸ ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը, խաբեությամբ ընկերությունից գումար հափշտակելու նպատակով ստեղծել են կեղծ պատահար, այն հարմարեցնելով նախկինում առկա վնասվածքներին եւ ներկայացնելով կեղծ պատահարը, ահազանգով դեպքի վայր են հրավիրել «Նաիրի Ինշուրանս» ԱՊՊԸ ՍՊԸ գործակալին եւ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, փորձել են հափշտակել 1 միլիոն դրամի ապահովագրական հատուցման գումար, սակայն նրանցից անկախ հանգամանքներում դա չի ստացվել: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նույն հոդվածի 2-րդ կետով («Խարդախության փորձ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,խոշոր չափերով»): Մ. Առուշանյանի եւ Ա. Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի `Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննության ժամանակ 2 ամբաստանյալներն օգտվելով իրենց դատավարական իրավունքից ` ցուցմունք չեն տվել: Նախաքննության ընթացքում Մ. Առուշանյանը առաջադրված հոդվածում իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ 2013թ. նոյեմբերի 4-ին « Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ կնքել է պայմանագիր, որով իր անձնական օգտագործման «Meesedes Benz C180» ավտոմեքենան ապահովագրել է:
Առուշանյանը ցուցմունք է տվել, որ 2014թ. հունվարի 6-ին վերոհիշյալ ավտոմեքենայով 30-40 կմ/ժամ արագությամբ Դիլիջանում երթեւեկել է, հետին տեսանելիության հայելիով նկատել է Ա. Ամիրյանի վարած «RAF-2203» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի այն իր մեքենային չհարվածի, ինքն ավելացրել է արագությունը, սակայն «RAF-2203» մեքենան նույնպես ավելացրել է արագությունը եւ հարվածել իր ավտոմեքենայի հետեւի աջ վահանակին, որի հետեւանքով «Meesedes Benz C180 »-ն ընկնելով կողասահքի մեջ` բախվել է ճանապարհի ձախ կողմում գտնվող էլեկտրական հենասյանը: Մ.Առուշանյանը ցուցմունքում նշել է, որ իր մեքենան նորոգելու համար ծախսել է 450 հազար դրամ, սակայն «Նաիրի Ինշուրանսից» պահանջել է 1 միլիոն դրամ:
Նախաքննության ընթացքում նման ցուցմունք է տվել նաեւ Ա. Ամիրյանը: Առուշանյանը ցուցմունք է տվել, որ Ա.Ամիրյանին ճանաչում է 5 տարի, վերջինս իր նախաքննական ցուցմունքի մեջ նշել է, որ Մ. Առուշանյանին չի ճանաչում: «Նաիրի Ինշուրանսի» աշխատակից Արամայիս Ասատրյանը դատարանում ցուցմունք է տվել, որ 2013թ. հունվարի 9-ի պատահարի մասին տեղեկանալով` մեկնել է դեպքի վայր, կատարել համապատասխան գործողություններ: Նրա մոտ կասկածներ են առաջացել, որ իրականում պատահարը եղել է ոչ այնպես, ինչպես ներկայացրել են 2 վարորդները: Իրականությունը պարզելու համար «Նաիրի Ինշուրանսը» դիմել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի պարզվի,թե «Meesedes Benz» –ավտոմեքենայի վնասվածքներն առաջացե?լ են «RAF-220» -ի հետ բախումից: Փորձագիտական կենտրոնից պատասխան է ստացվել, որ դրանք նշված վթարի հետեւանքով չեն առաջացել եւ ավելի վաղ ծագում ունեն:
Կարդացեք նաև
Հունվարի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը Մ.Առուշանյանին եւ Ա. Ամիրյանին մեղավոր է ճանաչել նրանց առաջադրված հոդվածներով եւ յուրաքանչյուրին դատապարտել տուգանքի` 600 հազար դրամի չափով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ