Ինչպես տեղեկացրել ենք, այսօր փակ խորհրդակցություն էր տեղի ունենում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ, որին մասնակցում էին գլխավոր դատախազի տեղակալը, մարզի բոլոր ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի, ոստիկանության բաժինների ներկայացուցիչներն ու Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Մի քանի ժամ շարունակ այդ խորհրդակցության ավարտին սպասող լրագրողները համոզված էին, որ խորհրդակցություն հրավիրելու պատճառը սառնաղբյուրցի երիտասարդի՝ Մնացական Ալեքսանյանի երեկվա ձերբակալությունն էր: Այն հետագա բախումներ, տհաճ պատմություններ ստեղծելու առումով, բնականաբար, վտանգավոր է, քանի որ մարզը իրար է խառնվել, սառնաղբյուրցիները սպառնում են բողոքի ցույցեր կազմակերպել: Այսօր դատախազության շենքի մոտ էին գալիս ակտիվիստներ:
Ինչեւէ, մի քանի ժամ տեւած խորհրդակցությունից առաջինը դուրս եկավ Ախուրյանի ոստիկանապետ Գեւորգ Թադեւոսյանը: Լրագրողները փորձեցին կանգնեցնել նրան ու հարցնել, թե ինչո՞ւ եք ապօրինություններ թույլ տալիս, ինչո՞ւ երեկ թույլ չէիք տվել, որ ձերբակալված Մնացական Ալեքսանյանը փաստաբան ունենա: Վերջինս չկանգնեց, սակայն հեռանալով պատասխանեց, որ ամեն ինչ օրինական են արել:
Կարդացեք նաև
Հետո խորհրդակցության սենյակից իջավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա ասաց, որ տղայի ձերբակալության հարցը չի քննարկվել եւ իրականում գլխավոր դատախազի տեղակալի մասնակցությամբ ամփոփվում էր դատախազության 2014 թվականին կատարված աշխատանքները: Արդյոք մարզպետը նորմա՞լ է համարում ակտիվիստ տղայի ձերբակալումը, պարոն Ցոլակյանը հեռացավ՝ չպատասխանելով այս հարցին:
Այնուհետ ներքեւ իջավ Շիրակի մարզի Ազգային անվտանգության պետ Աշոտ Ղահրամանյանը : Լրագրողներից մեկը նրա հետեւից բացականչեց՝ «էդ ինչպե՞ս եղավ, որ Պերմյակովին չկարողացան ձերբակալել ազգային անվտանգության աշխատակիցները, երբ նրա մոտ երեք հատ հեռախոս կար»: ԱԱԾ-ի պետը խորհուրդ տվեց դիմել իրենց լրատվական բաժին: «Բա դուք ինչի՞ համար եք»,-նետեց լրագրողը:
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ