Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Պետրոսյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Սպասենք ինչի՞ն, այս իշխանություններին ինչքա՞ն ժամանակ ենք տալու»

Փետրվար 05,2015 18:15

Այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին Ռուբեն Գեւորգյանն ասաց. «Երդվյալ ազատամարտիկների միությունը առաջիններից մեկն է, որ չի կարող անտարբեր մնալ երկրի ճակատագրի հանդեպ: Մինչ այսօր երկրում մշակվող եւ տարվող քաղաքականությունը տարվում է ըստ իշխանության կարիքի, բայց ժողովրդի կարիքն ավելի ուժեղ է, քան իշխանությանը: Մենք ՝ ազատամարտիկներս, ապրելով ժողովրդի ցավով, մեր եղբայրների արյան պայքարի միջոցով մեծ ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք գավառական մտածելակերպով մի չինովնիկ կարող է ծեծի ենթարկել ազատամարտիկի՝ իր հաղթանակած երկրում: Երկրի իշխանավորները հայրենասիրությունը խառնել են ապրանքի հետ, դարձրել են իրենց մենաշնորհը»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ ասաց, որ սովորաբար հեղափոխությունները սկսվում են հրապարակներում, ավարտվում սյունազարդ դահլիճներում. «Մեր հեղափոխությունը սկսվում է սյունազարդ դահլիճում եւ պետք է ավարտվի հրապարակներում»:

Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով էլ՝ «Չեմ ուզում վատաբանել Սերժ Սարգսյանի ավանդը ղարաբաղյան պատերազմում, բայց այն խեղճ վիճակը, որը ստեղծված է երկրում, դրա համար 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Մենք իրավունք չունենք, այդ ազգը չենք եւ չի կարող որեւէ մի խումբ մարդկանց փորձեն իրենց չաշխատելով՝ երկրում իրավիճակը դարձնել անկառավարելի»:

Բազմաթիվ ելույթներից, կանանց, երիտասարդների, ազատամարտիկների տարբեր միություններ ներկայացնող մասնակիցների կոչերից հետո հանպատրաստից ելույթի հնարավորություն խնդրեց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Նա հիշեցրեց խորհրդաժողովի կազմակերպիչներին, թե ինչի համար են հավաքվել ու ինչ եղավ արդյունքում. «Մենք այսօր հավաքվել ենք մարտավարության մշակում անելու, ժամանակացույցով պետք է հստակեցնեինք: Բոլորի ելույթում կա, որ իշխանությունը սպառել է իրեն, ամեն մեկի հայտարարության մեջ նկատվում էր, բայց երբ գալիս հասնում է երկրորդ փուլին, թե ինչ ենք առաջարկում…Մենք բոլորս գիտենք, որ եռյակի ձեւաչափով ձեւավորվեց քաղաքական թիմ, որին մեր ժողովուրդն ամբողջությամբ վստահեց: Հանրահավաքների հուժկու լինելով մենք զգացինք, որ ժողովուրդը վստահում է եռյակին: Բայց հետո որոշվեց ժամանակ տալ համաժողովրդական շարժմանը, որ յուրաքանչյուր քաղաքացի իրազեկվի: Համոզվեցինք, որ այո՛, ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության, ավելին՝ գտնում է, որ օր առաջ է անհրաժեշտ իշխանափոխություն: Բոլորի ելույթում հնչեց, որ թե արտաքին քաղաքականության մեջ, բոլոր ուղղություններով իշխանությունն իրեն սպառել է: Սպասենք ինչի՞ն: Մենք այստեղ հավաքվել ենք, որ ի մի բերելով մեր ելույթները՝ քայլեր անենք»:

Հետո Ռազմիկ Պետրոսյանը հայտարարեց. «Ազատամարտիկների դաշինքի անունից լիազորված եմ ասելու, որ պետք է եռյակի առաջնորդներին պարտավորեցնենք, որ առաջիկա օրերին՝ 10-15 օրվա մեջ հրավիրենք համաժողով եւ որոշենք՝ այս իշխանություններին ինչքա՞ն ժամանակ ենք տալու: Ես առաջարկում եմ, որ մենք Եռյակի առաջնորդներին հնարավորություն տանք եւ խնդրենք, որ իրենք հրավիրեն հանրահավաք եւ այդ հանրահավաքում մենք քննարկենք ժողովրդի հետ մեր հետագա անելիքները»:

Ռազմիկ Պետրոսյանի կոչից հետո հավաքվածները ծափահարեցին:

Նաիրա Զոհրաբյանը, ամփոփելով խորհրդաժողովը, ասաց, որ բոլորի ելույթները քարտուղարությունը գրանցել է, դրանք ի մի կբերեն եւ առաջիկա օրերին կլինի հռչակագիր, որը տանելու է արագ իշխանափոխության. «Մի իշխանություն, որը չունի վստահություն, այդ իշխանության օրերը ուղղակիորեն հաշված են»

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728