Օրերս, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հայ ասպիրանտները հանդես են եկել դասախոսությամբ: ԵՊՀ ասպիրանտներ Նարեկ Մկրտչյանը և Տիգրան Եփրեմյանն Aravot.am-ի հետ զրույցում ընդգծելով դասախոսության կարևորությունը, տեղեկացրեցին, որ Իսլանդիայի՝ 14 հազար ուսանող ունեցող մայր բուհն առաջին անգամ էր հյուրընկալում հայ երիտասարդ պատմագետների: Դա նաև Ցեղասպանության մասին իսլանդական գիտական հաստատություններում երբևէ կայացած առաջին գիտական դասախոսություն- քննարկումն է եղել։
Դասախոսություն-քննարկումը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ`ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի, Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիայի և Իսլանդիայի համալսարանի Պատմության ինստիտուտի համատեղ ջանքերով: Դասախոսության ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են Հայոց ցեղասպանությանը, դրա հետևանքներին և հայկական սփյուռքին վերաբերող հարցեր:
Դասախոսության հիմնական նպատակն էր իսլանդական գիտական, կրթական և հանրային շրջանակներին ներկայացնել Հայոց ցեղասպանությունը՝ իբրև բախում հայկական քաղաքակրթական ժառանգության և ուշ օսմանյան կայսերական ծավալապաշտական ծրագրերի միջև։
Կարդացեք նաև
Դասախոսությանը ներկա են գտնվել բազմաթիվ հայտնի պատմագետներ, հայագետներ, պատգամավորներ և կառավարական չինովնիկներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ