Aravot.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ի գիշերը գազանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալներ Գնել Թեւոսյանի եւ Նորայր Սահակյանի պաշտպանությունը այսօրվանից ստանձնել են համապատասխանաբար ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Արա Զաքարյանն ու Հովիկ Արսենյանը:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժնի քննիչը մեղադրանք է առաջադրել փետրվարի մեկին, այն բանի համար, որ զորամասի 408 զորանոցում «փոխադարձ լրացնելով միմյանց գործողությունները», գիշերվա ժամը երեքի սահմաններում, նախնական համաձայնությամբ շարքայիններ Վաչե Սահակյանը, Մովսես Արազյանը , Գնել Թեւոսյանը, Նորայր Սահակյանը վնասել են իրենց համածառայակցի արմնկափոսում տեղակայված երակը, զորանոցի մահճակալում պառկածին, անօգնական վիճակի մեջ բերելով նրա դիմադրողականությունը, ձմեռային բաճկոններից եւ կոշիկներից հանելով քուղերը, պատրաստել են պարան, քառատակ քուղերի պարանից նախապես պատրաստված օղակով պտտաձողից կախել, կյանքից զրկել են Հայկազին:
Մեր տեղեկություններով, մեղադրյալները ծանոթացել են իրենց՝ մեղադրյալ ներգրավվելու մասին որոշմանը:
Նորիկ Սահակյանի մերձավոր շրջանակների տեղեկացմամբ, այդ օրվա կեսգիշերին, նա մի քանի կուրսանտների հետ պարապել են «հրետանու հրաձգություն» առարկան, քանի որ քսանինին պետք է հանձնեին քննություն: Պարապելու համար կուրսանտը թույլտվություն է ստացել հրամանատարից, մարտկոցի պատասխանատուից, գտնվել է նրանց աչքի առաջ:
Կարդացեք նաև
Օրվա հերթապահը, պատասխանատուները հարցաքննվե՞լ են, թե ոչ, առայժմ հայտնի չէ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ