Ռուսական 11 լրատվամիջոցներ և տեղեկատվական կայքեր ֆրանսիական «Շարլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի ծաղրանկարները հրապարակելու համար զգուշացում են ստացել «Ռոսկոմնադզոր»-ից (Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն), փոխանցում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH):
Զգուշացումն արվել է հունվարի 26-ին՝ «ծայրահեղական գործունեությանն հակազդելու» մասին դաշնային օրենքի հիման վրա: 2002թ. հուլիսի 25-ին ընդունված այս օրենքը հնարավորություն է տալիս առանց դատավարության կասեցնել կամ վերացնել այն ԶԼՄ-ի գործունեությունը, որը «վիրավորական կամ արժանապատվությունը նվաստացնող» բնույթի նյութեր է տարածել, գրում է «FIDH»-ը ու նաև մտահոգություն հայտնել «Ռոսկոմնադզոր»-ի 2015թ. հունվարի 15-ի հրամանագրի կապակցությամբ, որի համաձայն ռուսական ԶԼՄ-ներում արգելվում է կրոնը վիրավորող պատկերներ հրապարակել:
«Վերջին տարիներին Պուտինի ներդրած ազատությունը խեղդող օրենսդրությունը, առանց որևէ դժվարությունների նրան թույլ է տալիս ոչնչացնել ազատության բոլոր դրսևորումները , – հայտնել է «FIDH»-ի նախագահ Կարիմ Լահիջին՝ զարմանք արտահայտելով, թե ինչպես կարող են Ռուսաստանի իշխանությունները նման միջոցներ ձեռնարկել, երբ այդ երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 11-ին Փարիզում մասնակցել է «Շարլի Էբդո»-ի սպանդի դեմ ցույցին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ