«Լայֆ Նյուզ» լրատվականի պնդմամբ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը 2014թ. մայիսին զորակոչվելուց անմիջապես հետո ընկել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ու պառկել այնտեղ մինչև հունիս:
«Այժմ զինվորականներին մեղադրում են անփութության մեջ , որը կարող էր ողբերգության պատճառը դառնալ», – գրում է լրատվականը՝ նշելով, որ հետաքննություն է սկսվել Բալեյ քաղաքի զինկոմի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկիի և Չիտայում տեղակայված զորամասի, որտեղ Պերմյակովը ծառայել է մինչև Գյումրու 102-րդ ռազմակայան տեղափոխվելը, հրամանատար Եվգենի Սոցկովի դեմ: Զինկոմը մեղադրվում է, որ թույլ է տվել ծառայության անցնել հոգեկան խանգարումներ ունեցող անձին, շարունակում է «Լայֆ Նյուզ»-ը:
Սակայն Լոգինովսկին պնդում է, որ Պերմյակովը բոլոր առումներով պիտանի է ծառայությանը. «Նրա դասղեկը, որին ես գիտեմ, անձամբ է զորակոչիկներին մեզ մոտ բերում, ինչպես նաև ծառայության անցնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ նրանց բնութագիրը: Այնուհետև փաստաթղթերն ուսումնասիրում է հոգեբույժը: Անշուշտ, բժիշկը զորակոչիկներին կյանքում առաջին անգամ է տեսնում, այնպես որ հիմնվում է նրանց բնութագրերի վրա», – ասում է Լոգինովսկին:
«Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին, որին անունը չի նշվում, փոխանցում է, որ Պերմյակովի մոտ մտավոր հետամնացություն է (Օլիգոֆրենիա) ախտորոշվել:
Կարդացեք նաև
«Նախկինում նրա մոտ օլիգոֆրենիա է ախտորոշվել: Նրան ընդհանրապես զորակոչելու իրավունք չունեին, առավել ևս զենքը ձեռքին հերթափոխ նշանակելու», – ասել է «Գազետա.ռու»-ի աղբյուրը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ