ԱԺ-ն շարունակում է քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը: Մասնավորապես պատգամավորներից շատերի մտահոգությունն առաջացրեց այն, որ ըստ լրացման` 50 միլիոն և ավելի արտահանման ծավալներ ունեցող կազմակերպություններից շահութահարկը 20 տոկոսի փոխարեն գանձվելու է 2 տոկոսը: Այս առիթով ելույթ էր ունենում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նիստերի դահլիճում զրուցում էր պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատողություն արեց. «Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, հատկապես կառավարության ներկայացուցիչներին, հարգելի պարոն Միրումյան, խնդրում եմ միաժամանակ մի քանի գործողություն չանել»:
Պարոն Միրումյանը շարունակում էր զրույցը, պարոն Շարմազանովը բորբոքվեց. «Պարոն Միրումյան, ես ձեր հետ եմ խոսում: Բարձր եմ գնահատում, որ կարողանում եք միաժամանակ մի քանի գործողություն անել, բաց լսեք, որ հետո պատասխանեք, լսեք, որ իրար հարգենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ