«Հույս և Օգնություն» h\կ-ն եւ Էստոնիայի կանանց ուսումնասիրությունների եւ հետազոտությունների կենտրոնը «Երեխաների պաշտպանություն բռնությունից գիտելիքների ամրապնդման եւ լավագույն փորձի միջոցով» ծրագրի շրջանակներում հետազոտություն են իրականացրել Երեւանում եւ Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում եւ Սյունիքում՝ 2014 թվականի մարտ-հուլիս ամիսներին: Հետազոտությունը «Երեխաների հանդեպ բռնության դրսեւորումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով է:
Այսօր՝ փետրվարի 5-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ հետազոտության շնորհանդեսը:
«Հույս և Օգնություն» h\կ- ի ղեկավար Ենոք Շատվորյանը նշեց, որ երեխաների բռնության հարցը ժամանակ առ ժամանակ է տեսանելի դառնում, երբ ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունենում, նոր են h\կ-ներն ու մամուլը սկսում հետաքրքրվել: Նրա համոզմամբ, բռնության դեպքերը հատկապես «փակ» հաստատություններում են տեղի ունենում, ինչպես, օրինակ, գիշերօթիկ դպրոցներում: Ենոք Շատվորյանի խոսքով, իրենց իրականացրած հետազոտությունը տալիս է իրավիճակը պարզելու հնարավորություն:
Հետազոտության արդյունքների համաձայն, հասակակից երեխաների միջեւ բռնության տարածվածությունը ամենաբարձրն է Երեւանում, այնուհետեւ հաջորդում են Լոռին, Տավուշը, Վայոց ձորն ու Սյունիքը: Ըստ նույն աղբյուրի, հոգեբանական բռնության ենթարկվում են առավելապես իգական սեռի երեխաները, կիբերհանցագործությունների ռիսկի տակ հիմնականում տղաներն են, որոնք, մի կողմից, առավել հաճախ եւ երկարատև են գտնվում համացանցում, իսկ մյուս կողմից՝ փնտրում են ծանոթություններ եւ արկածախնդրորեն պատրաստ են հանդիպումների:
Ծրագրի հայաստանյան կողմի համակարգող Մարիա Շատվորյանը նշեց, որ 13-18 տարեկանների հանդեպ իրականացված բռնությունները պարզելու նպատակով էր ուսումնասիրությունը, ընդ որում, 780 դեմ առ դեմ հարցազրույցներ են իրականացվել: 780 հոգուց 711-ը եղել են 8-12-րդ դասարանների աշակերտներ, մյուսները՝ առաջին կուրսի ուսանողներ: Մարիա Շատվորյանի ասելով, դպրոցների ուսուցիչները տեղեկացված չեն, թե ինչ ասել է բռնություն, դա նրանք ասոցացնում են միայն թրաֆիքինգի հետ.«Ուսուցչի տված հայրական ապտակը իրենց կարծիքով բռնություն չէ»: Մարիա Շատվորյանը հավելեց, որ երեխաներն առաջարկել են թեժ գիծ ստեղծել, որի միջոցով կարողանան իրազեկել իրենց հետ կատարվող բռնությունների մասին:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ խոչընդոտների չե՞ն հանդիպել՝ դպրոցներում հետազոտություն իրականացնելիս: Մարիա Շատվորյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունները ներկայացվել են դպրոցներից դուրս, ու իրենց ծնողները տեղյակ են եղել:
ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Մուրադյանը նշեց, որ հաճախ երեխաները չեն էլ հասկանում՝ ինչ ասել է բռնություն, եւ պետք է նախ իրենց հասկացնել, թե դա ինչ է, որոնք են բռնության տեսակները, որովհետեւ հաճախ բռնությունը ասոցացվում է բռնաբարության ու թրաֆիքինգի հետ:
Ենոք Շատվորյանն ասաց, որ պատրաստ են ուսումնասիրության արդյունքներն ուղարկել գոնե Երեւան քաղաքի դպրոցների տնօրեններին, ուսումնական գծով տեղակալներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Հույս և Օգնություն» h\կ- ի ղեկավար Ենոք Շատվորյանին ,Մարիա Շատվորյանին հխւմ եմ բարի մախտանքներ․ չապազանց կարեվօր գօրց են նախազեռնել․պետք ե հրատարակել ուսումնասիրության արդյունքներն․Ավելին, պետք ե հասարակւթիւն հասկանա,վոր նւիսկ չի կարելի պարտադրել երեխաին հագնվելւ հարցւմ անգամ, դա ել ե դիտվւմ բռնւթւն․սխեմաներով չպետք ե մեցանա այսօրվա սերւնդը․Civic Education ,վոչ թե առարկա,այլ կօնկրետ օգնւթյւն դպրօցականներին․