«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին իր ելույթում ասաց. «Այս իշխանությունը քաղաքացու եւ պետության համար որեւէ հարց չլուծեց: Ավելի վատացավ քաղաքացու վիճակը, բոլոր մակարդակներում ունեցանք ձախողումներ: Այս իշխանությունը պետությանը նայում է որպես բաժնետիրական ընկերություն՝ եկամուտ ստանալու աղբյուր: Այս իշխանությունները շատ մեծ արագությամբ սլանում են հակահայկական ուղղությամբ»:
Արամ Հարությունյանի դիտարկմամբ՝ այսօր կա քաղաքական դաշտի 2 բաժանում՝ կամ ուզում ես, որ այս իշխանությունները մնան, կամ չես ուզում. «Ընդ որում, այդ ուզողները մենակ ՀՀԿ-ն չի: Նրանք հիմնականում ընդդիմադիրի դիմակներ են հագել, որոնց հիմնական թիրախը Գագիկ Ծառուկյանն է, Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Համաժողովրդական շարժումը: Նրանք կարող են պահանջել նույնիսկ Պուտինի հրաժարականը: Բայց մենք բոլորս գիտենք ով ով է»:
Արամ Հարությունյանը նաեւ նշեց՝ ռուսական ասացվածքն ասում է՝ ձուկը գլխից է հոտում, բայց կա սրա հայկական տարբերակը՝ պետք է գլխից բռնել. «Իսկ ով է պետության գլուխը: Քանի որ գլուխն ի վիճակի է հրամաններ անցկացնել, երբեմն կասկածելի է նույնիսկ դա, որովհետեւ Գյումրիի դեպքերից տեսանք, որ անկողնային քաղաքականության վիճակում են, բայց մեկ է, քանի դեռ գլուխն ի վիճակի է հրաման արձակել, համաժողովրդական շարժումը պիտի գնա իշխանափոխության: Մեր ժողովուրդը մազոխիստ չէ, որ հանդուրժի այս իշխանություններին: Մեզ մայդան պետք չի, արաբական տարբերակը պետք չի»:
Անդրադառնալով խորհրդաժողովին՝ Արամ Հարությունյանն ասաց, որ Ծառուկյանին հաջողվել է բոլորին նստեցնել իրար կողքի, մարդկանց, որոնք իրար հետ խնդիրներ են ունեցել, ինչ ասես ասել էին. «Բայց ամենամեծ բարեգործությունը կլինի այն, որ իշխանությունը իր շնորհիվ, իր միջոցով հեռանա: Այսօր բոլորիս խնդիրն է, որ կանգնենք իրար կողք: Ես կուզեի, որ այսօր այստեղ լիներ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը: Մենք իրար ինչ ասես, ով ասես, ասել է, բայց կապ չունի: Այսօր ամենամեծ բանը, որ պիտի ժառանգենք մեր երեխաներին, նորմալ հայրենիքն է: ՀՀԿ-ն, որպես այդպիսին չկա, մարդկանց մի խումբ է, որը երկիրը թալանում է: Իշխանափոխությունից հետո հատ-հատ փողոցում ման ենք գալու՝ չենք գտնի»:
Կարդացեք նաև
Հետո Արամ Հարությունյանը խոսեց փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի մասին՝ ասելով. «Երանոսյանին իշխանափոխությունից հետո Վովա Գասպարյանի ասած ֆորմայից որ հանեն՝ տակը բան չի մնալու, ականջներից էլ, եթե հարկ կլինի, ականջօղեր են կախելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ