2014-ը աննախադեպ համախմբման տարի էր, որի գլխավոր նպատակը իշխանափոխությունն էր: Անկախության տարիներից ի վեր այսպիսի իրավիճակ չի ստեղծվել, երբ ամբողջական իշխանափոխության պահանջն այսքան հրատապ լինի: Առանձին ուժեր իշխանափոխություն են ուզել, բայց այս իրավիճակը լրիվ ուրիշ է: Սա պետականության հիմքերը վերջնական խարխլումից փրկելու ժողովրդի հրամայականն է»,- այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովի ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքերով՝ «Այսօր իշխանությունն ուղղակի բացակա է: Կան անհատներ, որոնք բառի իսկական իմաստով իշխում են պարզապես, բայց չկա իշխանություն, որը ճիշտ գնահատում է իրավիճակը, դրանից ելնելով գործում, որը համարժեք վարքագիծ է դրսեւորում ճգնաժամային վիճակներում: Չկա ծրագիր, չկան արդյունքներ, կա պետությունը անձնական բիզնեսի վերածած իշխողների մի խումբ, որն իր համար գրանցում է «դրական արդյունքներ»: Ակամա գալիս ես եզրակացության, որ նրանց մոտ ոչ կարողությունը կա, ոչ հնարավորությունը, ոչ էլ ցանկությունը՝ երկրում ինչ-որ բան փոխելու: Սրա օրինակները կան՝ բյուջեի ընդունումից մինչեւ քաղաքական դաշտում շահարկումները, պաշտոնների նշանակումները եւ հատկապես վերջին շրջանում, երբ երկրի տնտեսությունն արդեն միանշանակ ճգնաժամային վիճակում է, թերեւս տարեկան հաշվետվություններում հնչող ելույթները միանշանակ վկայում են, որ իշխանությունները կամ չեն ընդունում այսօրվա վիճակը, կամ չեն գիտակցում, կամ գիտակցում են, բայց չեն կարող ոչինչ փոխել»:
Ըստ Վարդան Օսկանյանի, մարդիկ, որ այսօր տիրապետում են երկրում իրավիճակ փոխելու լծակներին՝ չեն գնում փոփոխությունների. «Ակնկալել, որ այդ նեղ խումբն ինչ-որ բան է փոխելու երկրի կյանքում՝ միամտություն է: Երկրում միակուսակցական իշխանություն է հաստատվել, փակ շուկա է ստեղծվել: Քաղաքական մենաշնորհը պահպանելու համար անհրաժեշտ է գրպանային ԶԼՄ-ներով այս ամենի դրական փաթեթավորման մատուցումը: Ակնհայտ է, որ այսօրվա խորհրդարանը չի արտացոլում իրական հարաբերակցությունը քաղաքական ուժերի: Պետք է լինի քաղաքական հակակշիռների հիման վրա կառուցված համակարգ»:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Քաղաքական, տնտեսական ձախողումների հետեւանքը ժողովուրդն անմիջապես է զգում, իսկ արտաքին քաղաքականության ձախողումների հետեւանքները կարող են երկար տեսանելի չլինել: Ղարաբաղյան գործընթացը երբեք այսքան խորը փակուղում չի եղել: Անգամ պատերազմի տարիներին այսքան մեծ անվստահություն չի եղել իշխանությունների հանդեպ: Ադրբեջանի վարքագիծը սրա հետ կապված տեսնում եք ամեն օր, ամեն ժամ: Թուրքիայի հետ հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են, հարաբերություններից վերածվել են փոխադարձ կշտամբանքների: Իրանի հետ երկկողմ բանակցության բոլոր ծրագրերը շարունակվում են ձգձգվել՝ մնալով բարի ցանկությունների ցանկում: Վրաստանի հետ գնում ենք հակառակ ուղղությամբ՝ տնտեսական, քաղաքական,անվտանգության առումներով: Մենք կորցրել ենք ՌԴ-ի հարգանքը, կորցրել ենք Արեւմուտքի վստահությունը: Այս բոլոր խնդիրների լուծման ճանապարհը մեկն է՝ իշխանափոխություն: Այսօր ով ինչպես կուզենա փաթեթավորել իր ելույթը, ներկայացնել վիճակը, մենք հանգում ենք մի բանի՝ ժողովրդի պահանջն է, որ մենք գնանք իշխանափոխության: Ժողովրդի հետ շփումները միանշանակ ցույց են տալիս, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ արդեն սկսել է թափվել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ