Փետրվարի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Այդ մասին տեղեկացանք Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանից:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ փետրվարի 4-ին, ժամը 19-ից 20-ի արանքում ադրբեջանական զինուժը մի քանի կրակոց է կատարել Կոթի գյուղի վրա: Դրանք վնաս չեն պատճառել:
Բերդի տարածաշրջանի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանից իմացանք, որ փետրվարի լույս 5-ի գիշերն ադրբեջանական զինուժը գնդակոծել է Այգեպարը, պատճառել բավականաչափ նյութական վնաս: Ազերիների կրակից վնասվել են տների պատեր, տանիքներ, պատուհաններ, ջարդվել` ապակիներ: Հայ սահմանապահների պատասխան կրակից հետո ազերիները դադարեցրել են գյուղի գնդակոծությունը:
Այգեպարի գյուղապետն ասաց, որ ադրբեջանական զինուժը անցած գիշեր, ժամը 1-2-ը կրակ է բացել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի վրա. «Միայն ես չեմ տեսել, այգեպարցիները բոլորը տեսել են, թե նրանք ինչպես էին լուսածիր գնդակներով գնդակոծում իրենց գյուղը»,-ասաց Անդրանիկ Այդինյանը
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ