Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության աջակցության ծրագրերը

Փետրվար 05,2015 14:29

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ հաստատել է 2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի,  ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով:

Ընդգծելով, որ գյուղատնտեսության զարգացումը ՀՀ կառավարության  առաջնահերթություններից է, և այս համալիր ծրագիրը դրա վկայությունն է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին անձամբ վերահսկել վառելանյութի և պարարտանյութի ներկրումն ու տրամադրումը գյուղացիներին: Պետք է ներգրավել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, մարզպետներին՝ խնդիրներին օպերատիվ լուծում տալու համար: Եվ քանի որ, ըստ մասնագետների, այս տարին սակավաջուր է լինելու,  վարչապետն ասել է, որ  ՀՀ նախագահի մոտ պատկան մարմինների հետ  քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն քննարկել նաև եկող շաբաթ, որովհետև մոտ 3 մլրդ դրամի սուբսիդավորման և մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա:

 

 

 

 

Համապատասխանեցվում են արտոնագրման ընթացակարգերը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրի և հայտի ձևերը, սահմանել որոշ ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրերի տրամադրման առանձնահատկությունները, ինչպես նաև փոփոխություն կատարել կառավարության մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ կապահովվի ՀՀ գործող օրենսդրության համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հաստատված՝ երրորդ երկրների հետ առևտրում ԵՏՄ անդամ երկրների կողմից կիրառվող  արգելքի ու սահմանափակման ենթակա ապրանքների միասնական ցանկի և այդ ցանկում ընդգրկված ապրանքների ԵՏՄ մաքսային տարածքից արտահանման և մաքսային տարածք ներմուծման արտոնագրման ընթացակարգերին: Որոշումը կապահովի ԵՏՄ-ի շրջանակում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումը:

Կառավարությունը հաստատել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950թ. նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը:

ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորումն ու վարումն իրականացնող լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը: Որոշումը բխում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցից»: Որոշման նպատակը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և հետագայում դրա վարման աշխատանքների իրականացումն է:

 

 

Տնտեսվարողները կապահովվեն ՀԴՄ-ներով

Տնտեսվարողներին ՀԴՄ-ներով ապահովելու նպատակով «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել է 910 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նիստում հաստատվել են պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրով Երևան քաղաքի Ադոնցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երկրորդ փուլի վաճառքի պայմանները:

Գործադիրը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը թույլատրել է Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող շուրջ  5 հազար քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքի ապամոնտաժման գործընթացը: Առաջացած տարածքում կառուցվելու է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց, որի ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների 2010թ. հանդիպման ժամանակ: Կարևորելով ծրագիրը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, որպեսզի մինչև ս.թ. մայիսի վերջը շինարարությունը սկսելու հնարավորություն ստեղծվի:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ կառավարությունն անհրաժեշտ իրավական կարգավորումներ է արել սոցիալական վճարների կատարումից հրաժարվելու և վճարումը վերսկսելու՝ անձանց իրավունքների իրացման համար:

Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովն իրականացնելու նպատակով «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը շուրջ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Համաժողովը կնպաստի ՀՀ և ՌԴ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կապերի սերտացմանը: Ակնկալվում է համագործակցության համաձայնագիր կնքել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև:

 

 

 

Հաստատվել է ազգային գործողությունների ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540-րդ բանաձևի իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը: Այն ուղղված է միջազգային հարաբերություններում զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց փոխանցման միջոցների տարածման դեմ պայքարի օրակարգային խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացումը զգալիորեն կխթանի այդ ոլորտում միջգերատեսչական փոխգործակցությունը և առավել արդյունավետ կդարձնի ՀՀ միջազգային հանձնառությունների կատարմանն ուղղված քայլերն ու համագործակցությունը:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են աշխարհում էբոլա վիրուսի հարուցած հիվանդության լարված իրավիճակով, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններով: Որոշման նպատակը Հայաստանի Հանրապետություն էբոլայի և մի շարք  այլ վարակիչ հիվանդությունների մուտքը կանխելն է:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. նպատակը Նիդերլանդներից վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով  աջակցություն ցուցաբերելն է: Երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կնքված համաձայնագրով ՀՀ ՏԿ և ԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի ամեն մի քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու, ուսումնական և մասնագիտական վերապատրաստման կամ այլ կարիքների համար:

 

 

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակել հատուկ կենսաթոշակ՝ ՀՀ նախագահի՝ օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով: Նաև  առաջարկվում է պաշտոնաթող նախագահի կահավորված գրասենյակը նրան տրամադրել ցմահ օգտագործման իրավունքով:

Գործադիրը հավանություն է տվել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հաստատել է պետպատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերի ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը:

ՀՀ կառավարությունը 4 տարով երկարաձգել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728