Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Այլևս անհամոզիչ են գեղեցիկ խոսքերն ու գնահատականները»

Փետրվար 05,2015 14:18

Ռուբեն Հակոբյանի ելույթը «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովում»

Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, համատարած անտարբերության պայմաններում չափազանց պատասխանատու եւ համարձակ քայլ է ներկա պահին նման օրակարգով խորհրդաժողով հրավիրելը:  Հանրահավաքների հարթակներից ու ամբիոններից հնչող ամենատարբեր բնույթի գեղեցիկ նախադասությունները, գնահատականներն ու տեսություններն այլեւս անհամոզիչ են: Հասարակության բացարձակ մեծամասնությունը սպասում է  գործնական ծրագրերով հստակ եւ  համոզիչ քայլերի, որոնք կհամախմբեն ժողովրդին եւ համաժողովրդական օրակարգով երկիրը դուրս կբերեն այս ծանր վիճակից:

Իսկ թե ինչպես՝ խորհրդաժողովը պարտավոր է տալ այս կարեւորագույն հարցի պատասխանը: Չնսեմացնելով մեզանում  մյուս  քաղաքական ուժերի դերակատարումը` պետք է ընդգծել, որ  երեք քաղաքական ուժերի կողմից նախաձեռնած Համաժողովրդական շարժումը, որին միացել են բազմաթիվ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ,  ըստ էության, Հայաստանում դարձել է գործող իշխանությունների հիմնական քաղաքական այլընտրանքը: Եվ եթե այս Համաժողովը դառնա ընդամենը հասարակության ակնկալիքները չարդարացնող հերթական քաղաքական միջոցառում, ապա պետք է ընդունենք, որ իշխանությունների հետ միասին մենք նույնպես պատասխանատու ենք երկրում ստեղծված այս գաղջ մթնոլորտի, համատարած հիասթափության, արտագաղթի եւ ազգային անվտանգությանը սպառնացող այլ մարտահրավերների համար:

Այո´, օրվա իշխանության հետ համատեղ, պատասխանատվության լուրջ բաժին ունեն նաեւ իշխանությունից դուրս գործող ուժերը, որոնք իրենց քաղաքական կեցվածքով պարտավոր են կասեցնել ցանկացած իշխանության հակաօրինական քայլերը, լկտիությունն ու հանցագործությունը: Իսկ մեր հասարակությունը տարիներ շարունակ եղել եւ շարունակում է մնալ օրվա իշխանությունների նման պահվածքի զոհը:

Կարճ կփորձեմ անդրադառնալ այն հիմնական մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր պետության առջեւ.

ա/ հասարակության բացարձակ մեծամասնության ընդգծված անվստահությունը գործող իշխանությունների նկատմամբ: Հիմնական պատճառը, թերեւս,  ակնհայտ է՝ ընտրություն առ ընտրություն ժողովրդի քվեն կեղծելով՝ իշխանության բռնազավթում, ինչը երկու տասնամյակ շարունակ դարձել է մեր պետականության կայացման հիմնական խոչընդոտն ու թշնամին: Իսկ 2013 թ. նախագահական ընտրությունները մեկ անգամ եւս եկան ապացուցելու, որ ժողովրդի ձայնը գողանալով իշխանությունը բռնազավթելու ավանդույթը լավագույնս շարունակվում է նաեւ օրվա իշխանությունների կողմից,

բ/ պետության բնականոն զարգացման ծրագրի բացակայությունը: Պատճառը, թերեւս, այդ ծրագիրը ձեւավորող միջին խավի բացակայությունն է, ինչն արդյունք է տարիներ շարունակ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության: Քաղաքագիտական աքսիոմ է, որ որեւէ հասարակությունում  միջին խավի հիմնական հենարանը փոքր եւ միջին բիզնեսն է, ինչը, հատկապես վերջին տարիներին, գրեթե վերացման եզրին է եւ, այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում այն կարող է հայտնվել «Կարմիր գրքում»: Այսօր բացարձակ փոքրամասնություն կազմող հարուստներին եւ բացարձակ մեծամասնություն կազմող աղքատներին եւ չքավոր խավին բաժանող միջանկյալ տարածքը լցված է քաղաքական վակուումով, ինչի առկայությունը մշտապես հղի է անկանխատեսելի եւ վտանգավոր զարգացումներով,

գ/ Հայաստանի տնտեսության եւ, ընդհանրապես, ֆինանսատնտեսական քաղաքականության վրա արտաքին գործոնների ընդգծված եւ վտանգավոր ազդեցությունը: Տարիներ շարունակ այս ոլորտում վարվող քաղաքականության արդյունքում տեղի է ունեցել  օրվա իշխանությունների եւ բիզնեսի բացարձակ սերտաճում, ինչի հետեւանքով մեկտեղված այս ոլորտները  վերաճել են իշխող կլանի բացահայտ մենաշնորհի: Պետության ֆինանսատնտեսական ոլորտը կորցրել է իր իմունիտետը արտաքին գործոնների նկատմամբ, ինչի ականատեսը մենք դարձանք հատկապես վերջին ամիսների ընթացքում: Այն փաստը, որ Հայաստանում ներկրումների քանակը ավելի քան չորս անգամ գերազանցում է արտահանմանը, բացահայտ ցուցիչ է, որ գործ ունենք մեռնող տնտեսության հետ: Համատարած կոռուպցիա, իր չափերով Ազգային բյուջեին գրեթե չզիջող ստվերային տնտեսություն, կադրային խայտառակ քաղաքականություն եւ այլն. ահա թե ինչ ունենք այսօր վարվող քաղաքականության արդյունքում:

դ/ արցախյան հակամարտության կարգավորման՝ իշխանությունների կողմից անհրաժեշտ ծրագրի ակնհայտ բացակայությունը: Խոսքս առկա լիկբեզային ձեւակերպումների մասին չէ: Ստատուս քվոյի՝ Արցախի համար տարիներ շարունակ շահավետ պայմաններում բոլոր ժամանակների իշխանություններն այդպես էլ անհրաժեշտ ծրագիր եւ քաղաքական կամք չունեցան ազատագրված տարածքների վերաբնակեցումն իրականացնելու համար, ինչը կարող էր որոշակիորեն փարատել կասկածը, որ այս տարածքների հետհանձնումը ինչ-որ պահի կարող է դառնալ քննարկման առարկա: Իսկ առայժմ Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայկական բանակն է, որը դեռեւս  կարողանում է տեր կանգնել մեր ազգային արժանապատվությանն ու պետության անվտանգությանը,

ե/ տնտեսության ռազմավարական եւ համակարգաստեղծ ոլորտների օտարումը պետությունից, ինչպես նաեւ դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում արտաքին քաղաքական հարթակներում իշխանությունների անհասկանալի եւ չպատճառաբանված իրադրային դեգերումները քայլ առ քայլ վտանգել եւ շարունակում են վտանգել մեր ինքնիշխանությունը: Նման քաղաքականության շարունակումը կարող է ավարտվել Անկախ պետականության կորստով:

Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներից  այս՝ ընդամենը մի քանիսի թվարկմամբ իսկ կարելի է արձանագրել, որ սրանց, ինչպես նաեւ սաստկացող տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսական եւ քաղաքական ճգնաժամերից  պաշտպանվելու եւ դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է համազգային ռեսուրսների բացառիկ կոնսոլիդացիա, եթե կուզեք՝ համազգային ուժերի  հավաքագրում: Համոզված եմ, որ օրեցօր  խորացող ներպետական այս ճգնաժամից կարող ենք արժանապատիվ եւ անցնում դուրս գալ քաղաքական ուժերի միասնական եւ համոզիչ ծրագրի առկայությամբ եւ համազգային պոտենցիալի համախմբվածության դեպքում:

Իսկ այժմ մի քանի խոսք՝ Համաժողովրդական շարժման ինքնակազմակերպման եւ առաջիկա անելիքների մասին:

Կարծում եմ՝ պատեհ առիթ է, որ մեր անելիքների եւ, հատկապես, եղած թերությունների ու սխալների մասին  խոսենք անկեղծ եւ անկաշկանդ, հասարակության համար՝ համոզիչ,  վստահություն ներշնչող եւ փաստարկված: Այս առումով Համաժողովրդական շարժման հաջողությունը, կարծում եմ, մեծապես պայմանավորված է նրանից, թե որքանով են Շարժման ղեկավարությունը, մասնավորապես՝ եռյակի ղեկավարները իրենց խոհանոցում գործում միմյանց նկատմամբ անկեղծ եւ վստահության մթնոլորտում: Այստեղ, կարծում եմ, մենք եւ, հատկապես, Շարժման առաջնորդները լուրջ անելիքներ ունեն: Մեր համակիրների եւ, առավել եւս՝ ոչ համակիրների համար, նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Շարժման ղեկավարման խոհանոցում կան չհամակարգված եւ միմյանց նկատմամբ անվստահության դրսեւորումներ, ինչը թերահավատություն է առաջացնում Շարժման նկատմամբ:

Խորհրդարանական համագործակցության ձեւաչափով, ի պատիվ այս քաղաքական ուժերի ներկայացուցիչների, կարծում եմ՝ արվեց առավելագույնը՝ փոխադարձ վստահության եւ առողջ համագործակցության շնորհիվ ոչ իշխանական ուժերը կարողացան ԱԺ-ն վերածել քաղաքական ամբիոնի եւ դառնալ այդ ամբիոնի քաղաքական օրակարգը ձեւավորող ուժը: Երեք քաղաքական ուժերի միջկուսակցական ձեւաչափով համագործակցության միասնական եւ համաձայնեցված օրակարգ ձեւավորելու հարցում Շարժման ղեկավարները լուրջ անելիքներ ունեն: Նրանք պետք է միասնաբար ընդունեն, որ չափազանց լուրջ պատասխանատվություն են կրում Շարժման կայացման եւ հաջողության համար: Հարթակից կամ ամբիոններից հնչող որեւէ նախաձեռնություն պետք է ձեւավորվի միասնական քննարկման արդյունքում:

Եթե հայտարարվում է Համաժողովրդական շարժում ստեղծելու մասին, ապա Շարժման ղեկավարներից որեւէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի յուրովի սահմանել, թե որ քաղաքական ուժը կամ գործիչն իրավունք ունի դառնալ Շարժման անդամ եւ ով՝ ոչ: Եկեք հավատարիմ մնանք քարեր հավաքելու եւ քարեր նետելու աստվածաշնչյան իմաստությանը եւ մեզ փորձենք տեսնել եւ գործել այդ դաշտում: «Ժառանգությունը» ողջունում է հասարակական եւ քաղաքական բոլոր այն ուժերին, որոնք միացել եւ, կարծում եմ, առաջիկայում էլ կշարունակեն միանալ Համաժողովրդական շարժմանը:

Շարժման ներկայացուցիչները հասարակության շրջանում համոզիչ լինելու համար պարտավոր են խոսել ամբողջական ճշմարտության լեզվով: Մշտապես պետք է նկատի ունենալ, որ կիսատ, սելեկտիվ կամ ընտրովի ճշմարտություններն առավել վտանգավոր են, քան բացարձակ սուտն ու կեղծիքը: Իմ համոզմունքն եղել եւ մնում է, որ մեր պետականության կայացման ողնաշարին ամենադաժան հարվածը հասցրել եւ շարունակում է հասցնել ընտրությունները կեղծելու միջոցով իշխանության բռնազավթումը: Բայց, եթե նշում ենք, որ 2008թ. կամ 2013թ. նախագահական ընտրությունները կեղծվել են, ինչը բացարձակ ճշմարտություն է,  ապա պետք է արդար եւ անկեղծ լինել ավելացնելու համար, որ ընտրողների ձայները գողանալու միջոցով իշխանությունը բռնազավթելու ավանդույթը ձեւավորվել է 1996թ. նախագահական ընտրություններով, ինչը անընդմեջ կատարելագործվել է հաջորդ ընտրությունների ժամանակ:

Կդժվարանամ վկայակոչել մեկ այլ պետության,  որտեղ օրվա իշխանությունը, կեղծիքների եւ բռնությունների դիմելով, թույլ չի տվել հաղթած թեկնածուին անցնել իր պարտականությունների կատարմանը՝ նորից զավթելով իշխանությունը, ինչպիսին Հայաստանն է: Դժվարանում եմ արտաբերել նաեւ մեկ այլ երկրի անուն, որտեղ գահակալել են այդքան չընտրված «նախագահներ», ինչքան մեր երկրում: Այս փաստերը մեր նորագույն պատմության, թերեւս, ամենախայտառակ էջերն են եւ որպես ծանրագույն խարան՝ դաջված են մեր արդի պատմության ճակատին:  Այլ խոսքով՝ միայն ամբողջական ճշմարտությունը կարող է խոսել ճշմարտության դիրքերից եւ ընկալելի ու համոզիչ լինել հասարակության լայն շրջանակների համար:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ բոլորիս սխալների պատճառով է Հայաստանը հասել այս օրվան: Պետք չէ չնկատելու տալ սեփական սխալները եւ նկատել միայն ուրիշինը. դա համոզիչ չի դարձնում Շարժման նպատակների անկեղծությունը: Մեծագույն հաճոյախոսություն կլիներ գործող իշխանությունների համար, եթե մեզանում եղած բոլոր արատներն ու սխալները բարդեինք նրանց վրա. նրանք այդքան ուժ եւ մտավոր կարողություն չունեին այս մի քանի տարիների ընթացքում այդքան կործանարար չարագործություններ կատարելու: Երկրի այս ծանրագույն վիճակի պատճառը պետք է փնտրել ավելի քան երկու տասնամյակ շարունակ իշխանությունների վարած անպատասխանատու եւ կլանային քաղաքականության, ինչպես նաեւ բոլոր ժամանակների ընդդիմության ոչ համախմբված եւ պայքարի ամբողջական ծրագրի բացակայության շրջագծում: Կարծում եմ՝ մենք բոլորս ամբողջությամբ սպառել ենք սխալվելու բնական իրավունքը, այժմ եկել է սխալներն ուղղելու ժամանակը: Եւ դա բոլորիս է վերաբերում:

Այժմ մի քանի խոսք՝ ինչպես եմ պատկերացնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Կարծում եմ լավագույն տարբերակը՝ եթե գործող իշխանությունը քաղաքական կամք դրսեւորի, համարժեք գնահատի երկրում ստեղծված իրավիճակը եւ հիմնական քաղաքական ուժերի հետ միասին քննարկի եւ լուծումներ գտնի ստեղծված իրավիճակից: Այս դեպքում իշխանությունը պետք է հայտարարի Սահմանադրական բարեփոխումներից հրաժարվելու իր ծրագրի մասին, որն, ակնհայտ, ընդամենը իշխանական բուրգի վերարտադրման խնդիր է լուծում եւ երկրորդ, որ ամենաէականն է՝ պատրաստակամություն հայտնի բարեփոխված Ընտրական օրենսգրքով եւ արտահերթ ու արդար ընտրությունների միջոցով նոր իշխանություններ ձեւավորելուն:

Եվ դա պետք է իրականացնի սեղմ ժամկետում՝ առաջիկա մի քանի ամիսներին: Իսկ եթե շարունակի «Ապահով Հայաստան» կարգախոսով երկիրը տանել դեպի անապահովություն եւ անորոշություն՝ կառչած մնալ իր աթոռներին, ապա, Համաժողովրդական շարժումը իր վրա պետք է վերցնի ամբողջ պատասխանատվությունը՝ Հայաստանում իրականացնելու արտահերթ, ամբողջական եւ համակարգային իշխանափոխություն: Համաժողովրդական շարժումից այսօր դա է սպասում ժողովուրդը:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728