ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին ելույթ ունեցավ ՎՍԴՀԿ-ի անունից. «Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները երբեք կյանքի չեն կոչվում: Ներքին քաղաքականության ասպարեզում եւս իշխանությունները ձախողել են, ընդ որում՝ բոլոր ոլորտներում»:
Նա ասաց, որ շան գլուխը թաղված է քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների միաձուլման մեջ. «Քաղաքական մենաշնորհներին են ուղղված նաեւ սահմանադրական փոփոխությունները: Իշխանության մոտ պատվախնդրության բացակայության եւ վասալային հոգեբանության վառ ապացույց է նաեւ Գյումրիի ողբերգությանը հաջորդած իշխանության պահվածքը՝ ոստիկանությունից ու դատախազությունից սկսած՝ չնայած Գեւորգ Կոստանյանը վերջին օրերին փորձում է արդարացնել իրեն»:
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, ժողովուրդն արդարացի պահանջ ունի՝ հեռացնել այս իշխանությանը: Նա անդրադառնալով շտաբներին, ասաց, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, պետք է սկսել հանրահավաքային գործընթացը եւ ձեւավորել ազգընտիր լեգիտիմ իշխանություն:
Խորհրդաժողովի ժամանակ հայտարարվեց, որ Բրյուսելի Եվրահայերի կազմակերպությունը ուղերձ է հղել խորհրդաժողովի մասնակիցներին. «Մենք մեր լիակատար վստահությունն ենք հայտնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ողջունում ենք համաժողովը, ուշիուշով հետեւելու ենք խորհրդաժողովին»:
Կարդացեք նաև
Սուրեն Զոլյանն իր ելույթը սկսեց Մովսես Խորենացու «Ողբով». «Ողբում եմ քեզ հայոց աշխարհ՝ դատավորները տմարդի, խաբող, իրավունքը չպաշտպանող…Մենք այսօր հավաքվել ենք ոչ թե ողբալու համար, այլ՝ լուծումներ գտնելու: ՀՀ-ում կան գյուղեր, որտեղ մարդ չի ապրում, բայց կա գյուղապետ, ավագանի, պարբերաբար ընտրություններ են անցկացնում եւ պարզ է, թե ում օգտին են տոկոսներ խփում»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ իր ելույթում խոսեց Վարդան Օսկանյանի՝ փողերի լվացման քրգործի մասին. «Մի մարդ, որը 10 տարի անբասիր երկրի արտաքին քաղաքականությունն է ղեկավարել, բերեցին այդ մարդուն ԱԺ, սարքեցին մի կլոունադա, 131 օրինակից մի թղթապանակ են սարքել, բաժանել: Ես ասացի՝ ինձ թղթապանակը պետք չի, չեմ հավատում նրանց: Ինձ հետաքրքիր չի, թե պարոն Օսկանյանը Սիվիլիթասի փողերից է ծախսել, թե ինչ: Ես ունեմ մարդկային սովորական արժեք՝ եթե չեմ հավատում այդ մարդուն, ուրեմն չեմ հավատում: Մենք պետք է սկսենք ինքներս մեզ չխաբելուց: Եթե ինքներս մեզ չենք խաբում, մնացած ամեն ինչը մեր ձեռքում է»:
Նրա խոսքերով՝ «Կամ մենք մեր վրա պատասխանատվություն ենք վերցնում ու ասում՝ հերիք ա, գործ ենք անում ու պտուղներով դատում՝ ասենք՝ մենք մեր երկրի տերերն ենք՝ տերերն ենք՝ ոչ թե շահույթների մասով, այլ՝ պատասխանատվության: Եթե մենք դա ցանկանում ենք անել, կարող ենք անել, ես եւ ՄԻԱԿ-ը, երկու ձեռքերով ու բազմահազար ոտքերով կանգնած ենք ՝այդ գործն անելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ