Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյանն ապահովագրվում է. «Ժամանակ»

Փետրվար 05,2015 10:37

Ներկայիս եռյակի փոխարեն, դառնում է «բոլորը +1» կամ «1 + բոլորը» ֆորմատ, որտեղ գագաթին Ծառուկյանն է, իսկ ներքևում` բուրգը: Հարց է առաջանում, բայց չէ՞ որ Տեր-Պետրոսյանն ինքն էլ Ազատության հրապարակի հարթակում Գագիկ Ծառուկյանին առաջնորդական առաքելություն էր վերապահում: Այո՛, իհարկե: Սակայն այդտեղ Տեր-Պետրոսյանն էր որոշում, թե ով է առաջնորդը, և հանրությունը ենթագիտակցորեն, միևնույն է, առաջնորդ ընկալում էր հենց իրեն, որովհետև հրապարակը Տեր-Պետրոսյանի հռետորական տարերքն է, այստեղ նա անգերազանցելի է և եթե նույնիսկ Սերժ Սարգսյանին հռչակի առաջնորդ, միևնույն է` հրապարակում առաջնորդ ընկալվելու է հենց ինքը:

Ծառուկյանը և նրա շրջապատը բավական արագ հասկացան այդ «խորամանկությունը»՝ երկու-երեք հանրահավաք հետո, և անմիջապես փորձեցին գործընթացը տանել հրապարակից, հեռացնել հանրահավաքներից և դնել լիովին այլ հիմքերի և կառուցվածքի վրա: Նախ ԲՀԿ-ի հայտնի խորհրդակցությունն ու շտաբների ձևավորման հանձնարարականները եղան, որից հետո ՀԱԿ-ն իր առաջին դժգոհությունը հայտնեց հանրահավաքների դադարեցումից: Սակայն ԲՀԿ-ն անդրդվելի մնաց և շարունակեց իր պլանների համաձայն, որի շրջանակում էլ Ծառուկյանը հանդես եկավ քաղաքացիական-քաղաքական մեծ համաժողովի անձնական նախաձեռնությամբ: Բնական է, որ ՀԱԿ-ի դժգոհությունը պետք է սրվեր, քանի որ կորում էր այն ստվերային առավելությունը, որը հրապարակն ապահովում էր Տեր-Պետրոսյանի համար:

Համաժողովից հետո Ծառուկյանը հանդիպելու է Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի անունն այս ֆորմատում, երևի թե, արդեն վաղուց իներցիա է, այդ հանդիպումը, բնականաբար, առանցքային է ՀԱԿ-ի հետ Ծառուկյանի հարաբերությունների մասով: Հանդիպումն, իհարկե, ունի կոմպրոմիսային նշանակություն, Ծառուկյանը, որ հանդես է գալիս լայն կոնսոլիդացիայի դիրքերից, բնականաբար չի ցանկանում հանդես գալ, այսպես ասած, ուզուրպատորական դիրքերից և հայտարարել հարաբերությունների խզման մասին, ինչ է թե իր հետ համաձայն չեն: Նման անհրաժեշտություն նա չունի:

Ավելին` նրա համար, ըստ էության, ոչինչ չարժե մի ձեռքով ընդգծել իր լիդերությունը, մյուս ձեռքով լիդերի կարգավիճակում իրեն թույլ տալ, այսպես ասած, հավասարություն ցուցադրել: Ավելին` նրա այդ ժեստն այլևս աստիճանաբար ընկալվելու է որպես յուրօրինակ քաղաքական բարեգործություն, որ անում է Տեր-Պետրոսյանի հանդեպ: Առավել ևս, որ հրապարակի մի կողմ մղվելու պայմաններում Ծառուկյանի եռյակ-ֆորմատում ունեցած ռիսկերը գրեթե չեզոքանում են իսպառ: Այս ամենից բացի, ԲՀԿ առաջնորդը, առավել ևս չի շտապի որևէ արմատական քայլ անել ՀԱԿ-ի հետ հարաբերությունների ուղղությամբ, քանի դեռ կայացած չէ այն բուրգը, որը նա փորձում է ձևավորել:

Սակայն հստակ է, որ Ծառուկյանի համար կայացված որոշումը ռազմավարական է, ինչն էլ, ըստ էության, ավելի ու ավելի է սպառում «հիմնադիր եռյակի» մարտավարությունը` ստեղծելով ճգնաժամային իրավիճակ: Այս տեսանկյունից, ԲՀԿ առաջնորդի գործողություններն էլ հասկանալի և օբյեկտիվ են: Վերջին հաշվով, նա չէր կարող չգիտակցել, որ ՀԱԿ-ի հետ հարաբերությունները չեն կարող ռազմավարական հեռանկարներ ունենալ, հետևաբար տրամաբանական է, որ Ծառուկյանը փորձում է այդ մարտավարական իրավիճակը ծառայեցնել իր համար ռազմավարական նշանակություն ունեցող բուրգ ձևավորելու համար, որով նա կկարողանա քիչ թե շատ հեռանկարային հաշվարկներ կատարել, այսպես ասած, քաղաքական գործընթացներում: Հակառակ դեպքում` եռյակի մարտավարության անգամ ամենահաջող դասավորության դեպքում գալու է ռազմավարական տարաձայնությունների անխուսափելի ժամանակը՝ առնվազն անձնավորված ընտրության մասով:

Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, պատրաստվում է ոչ միայն ՀՀԿ-ի հետ, այսպես ասած, համակարգված, բրգային մրցակցության կամ դիմակայության, այլ նաև «հիմնադիր եռյակի» հետ ռազմավարական տարաձայնությունների փուլին, քանի որ այդ փուլում, որքան էլ ԲՀԿ-ն հենց իր ներկայիս վիճակով և ռեսուրսներով ունի, այսպես ասած, հաղթելու ամենամեծ հավակնությունը, միևնույն է` զուտ փուլն ինքնին կարող է էապես հարվածել ԲՀԿ-ին ՀՀԿ-ի հանդեպ դիրքավորվածության առումով: Գագիկ Ծառուկյանին բուրգն անհրաժեշտ է այդ փուլում թեկուզ փոքր-ինչ անկումից երաշխավորվելու համար:

Հոդվածն ամբողջությամբ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728