Թաներ Աքչամի հետ զրուցեցինք 2015-ին ընդառաջ պաշտոնական Անկարայի վարած քաղաքականության, Թուրքիայում ցեղասպանության ճանաչման նկատմամբ զգայնության ու, ըստ այդմ, կիրառվելիք հնարավոր մոդելների մասին։ Ըստ Աքչամի՝ Թուրքիայում միտումնավոր և գիտակցաբար խուսափում են խոսել անարդարության վերացման, հանցագործության ճանաչման ու փոխհատուցման և նման այլ թեմաների մասին:
Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում տարբեր խմբերի կողմից տարբեր կերպ է ընկալվում։ Ոմանք 1915 թիվն ընկալում են որպես գիտակցում և ճանաչում հասարակության կողմից, իսկ ոմանք էլ պահանջում են նաեւ ճանաչում պետության կողմից։ Ըստ ձեզ, ճանաչումը ինչպիսի՞ն պետք է լինի։
Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են հակադրվում ցեղասպանության պետական ճանաչումն ու հասարակական ճանաչումը։ Հանրությունը թող ճանաչի, բայց կարիք չկա, որ պետությունն էլ ճանաչի․ ես նման տեսակետը չափազանց անսեթեթ եմ գտնում։ Հասարակության կողմից անարդարության ընդունմամբ արդարությունը չես վերահաստատի։ Այսօր Միացյալ նահանգներում տեղաբնիկների բնաջնջման մասին խոսում, քննարկում են, հանրությունն, ընդհանուր առմամբ, ընդունում է այդ իրողությունը… Բայց տեղաբնիկների զոհ դարձած անարդարությունների վերացման առումով դա ոչինչ չի նշանակում։ Հարցադրումը պետք է ճիշտ ձեւակերպել։
Ի՞նչ է նշանակում պատմական անարդարության վերացում։ Նախ, պետք է, որ պետությունը և/կամ կարեւոր կառույցներ ու հաստատություններ ընդունեն այդ անարդարությունը և դրա առաջացրած վնասները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռք առնեն։ Փոխհատուցումը պետք է լինի ոչ միայն փողի տեսքով, այլ նաեւ բարոյական հարթությունում։ Երկրորդ՝ հասարակությունը եւս պետք է ընդունի ու ճանաչի այդ անարդարությունը։ Հանրության կողմից ճանաչումը չի սահմանափակվում անարդարության վերացմամբ։ Հասարակական ճանաչումը նշանակում է ժողովրդավարական պայմաններում մարդկանց միասին ապրելու հնարավորություն։ Այսինքն, դա նշանակում է, որ պետք է լուծում գտնել հայերի, այլ փոքրամասնությունների այսօրվա առկա խնդիրներին։
Կարդացեք նաև
Եթե տարանջատումն այս ձեւով արվի, ապա պետության կողմից անցյալում տեղի ունեցած անարդարության ճանաչման ամենակարեւոր կետը կլինի անարդարությունը վերացնող փոխհատուցումը և նմանատիպ այլ միջոցները։ Իսկ հասարակության կողմից ճանաչմամբ հնարավորություն կստեղծվի ապրել ավելի խաղաղ ու ժողովրդավարական միջավայրում։ Հանրության կողմից ճանաչումը, օրինակ, կնշանակի, որ հայերը պարզապես կկարողանան հանգիստ փողոց դուրս գալ, բարձրաձայն իրար անուններով կանչել ու հայերեն խոսել: Էլ չեմ խոսում այլ իրավական խոչընդոտների վերացումից…
Մինչեւ հիմա Թուրքիան ներողություն չի խնդրել, բայց ցավակցություն է հայտնել։ Թուրքիան նմանատիպ քայլերո՞վ է ուզում առաջ շարժվել արդյոք։
Այս պահին որեւէ կանխատեսում անելը դժվար է։ Սակայն Թուրքիան, կարծես թե, երկակի ռազմավարություն է իրականացնում։ Առաջինով՝ կարճ ժամկետում նա կփորձի էսկալացիայի միջոցով մի կերպ գլուխն ազատել 2015-ից: Իսկ երկրորդով՝ նա, մասնավորապես կփորձի միջազգային հանրությանը ցույց տալ, որ հիմնախնդրի կարգավորման իսկական կողմնակիցն ինքն է։ Իսկ Սփյուռքին ու Հայաստանին նա կներկայացնի որպես լուծումից խուսափող, հաշտեցումից փախչող կողմ։
Էսկալացիայի քաղաքականության վերաբերող մի քանի օրինակ բերեմ։ Այցելեք հայկական հարցին նվիրված Թուրքական պատմագիտական ընկերության նորաբաց վեբկայքը։ Դուք այդ կայքում կարող եք տեսնել 80-ամյա ժխտման քաղաքականության էլ ավելի կոշտացած շարունակությունը։ Այնտեղ ի մի են բերված 80 տարի շարունակ հրապարակված բոլոր տեսակի հոդվածներն ու գրքերը, արխիվային նյութերը։ Կարծես վերջին պայքարից առաջ զինամթերքի թարմացումը լինի։ Երկրորդ օրինակը դասագրքերին է վերաբերում։ Նայեք դասագրքերին՝ այնտեղ ժխտողականությունը ավելի ծայրահեղության է հասցված, քան անցյալում էր։ Հայերի հանդեպ ակնհայտ ռասիզմից բացի, այնտեղ հայերը ներկայացված են որպես մեծ սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը։
Երրորդ օրինակը, Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններին միջազգային իրավունքի խախտումով, իսկ Թուրքիայում ակցիաներ կազմակերպելու իրավունք տալն է։ «Գազի» համալսարանի Ադրբեջանի դեսպանատան հետ կազմակերպած Առաջին աշխարհամարտում հայերի կազմակերպած ջարդերին վերաբերող պաստառների մրցույթը դրա վառ օրինակն է։ Ընդ որում, նրանք հայտնում էին, որ մրցույթի հաղթողին կհայտարարեն Հրանտ Դինքի մահվան տարելիցին։
Ինչպես գիտեք, որեւէ պետության դեսպանություն մի այլ պետության սահմաններից ներս նման քաղաքական գործունեությամբ չի կարող զբաղվել, արգելված է, հակասում է միջազգային իրավունքին։ Էսկալացիայի քաղաքականության հետ կապված չորրորդ օրինակը Սարիղամիշի ու Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտերի հարյուրամյակին նվիրված միջոցառումներն են լինելու։ Այստեղ եւս «մենք էլ ցավ ապրեցինք» թեման է արծարծվելու։ Այս օրինակները ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը շարժվում է հետեւյալ տրամաբանությամբ՝ «Եթե դուք ձեր ցեղասպանությունն եք առաջ քաշում, մենք էլ մերը կանենք»։
Երկրորդ ռազմավարությունն Արեւմուտքին է ուղղված։ Ասելու են՝ «մենք այս խնդրին ըմբռնմամբ ենք մոտենում, տեսեք՝ անցյալ տարի ցավակցություն ենք հայտնել»: «Արդար հիշողության» գաղափարի շուրջ ձեւավորվելու է «բոլորի ցավերը հասկանալու» մոտեցումը: Իրականում, թեեւ բովանդակության առումով 1915-ի վերաբերյալ նախկինում հայտնած մտքերը նույնությամբ կրկնվում են, սակայն մի տարբերությամբ. ժխտման քաղաքականությունը ներկայացվում է մարդասիրական նոր լեզվով ու տարազով: Կլինեն, իհարկե, մարդիկ, որոնք սա դրական փոփոխություն կհամարեն։
Ամփոփելով, կարող եմ ասել, որ կառավարության հիմնական քաղաքականությունը, նկատի առնելով նաեւ համապետական ընտրությունները, 2015 թվականից նվազագույն վնասով դուրս գալն է։ Չեմ կարծում, որ թուրքական կառավարող էլիտան շատ է մտահոգված հայկական հարցին լուրջ լուծում փնտրելու ցանկությամբ:
Այդ ինչպե՞ս է, որ Թուրքիայում որոշ հեղինակներ կարողանում են այս մոտեցումը հեղափոխություն որակել։
Եթե բարի մտադրությամբ մեկնաբանենք, մի հասարակությունում, որտեղ 90 տարի ոչ մի նախաձեռնություն չի եղել, նման փոքր նախաձեռնությունների դրական ընկալմանը ըմբռնմամբ պետք է մոտենալ։ Այդ ուրախությունն ապրողներին հանդուրժողաբար պետք է վերաբերվել։ Եթե այս փոփոխությունների դիմաց քիթ ու մռութ անեք, ձեզ հետեւյալը կասեն՝ «Անցյալում սա էլ չկար»: Հնի վատ լինելու պատճառով, այսօր ամենաչնչին փոփոխությունն իբրեւ հեղափոխություն է ընկալվում։ Սա հասկանալով հանդերձ, ինձ մոտ հարցեր են առաջանում։ Քանի որ, ի վերջո, «անորակության մեջ որակ ես փնտրում»։ Այնպես է ստացվում, որ պաշտպանում ես ոչ թե ճիշտը, այլ բավարարվում ես ամենավատի այլընտրանքով։
Այսպիսի չնչին փոփոխությունները, որպես հեղափոխություն դիտարկելը մեկ այլ բացասական կողմ էլ ունի։ «Առաջ դա էլ չկար»՝ նման փաստարկը բերվում է, որպեսզի եղածով բավարարվեք. «Էլ ինչ ես ուզում, քեզ այսքանը հերիք է» տրամաբանությունն է։ Նույնիսկ անամոթաբար նմանատիպ թեզեր են առաջ քաշում՝ «ինչ-որ պետք է, մենք արել ենք. այժմ իրենց հերթն է»։ Պատմական ճշմարտությունն ընդունելը սակարկության առարկա են դարձնում։
Հարցի լուծման հիմնական սկզբունքը ճշտելու և ողջամիտ լուծումների շուրջ խորհրդածելու փոխարեն, կարծես մարդիկ ասում են՝ «Սա Թուրքիան է, այսքանի համար էլ պետք իմանաս շնորհակալություն հայտնել»: Բացի այդ, իրականացվող նախաձեռնությունները, որպես մի տեսակ շնորհ ներկայացնելու միտում կա։ Բայց ես կողմնակից եմ կազմել այլ տիպի նախադասություններ՝ «խնդիրը սա է, լուծումն էլ սա է»։ Մեկ խոսքով, դա պետք է արվի պատմական իրականությունն ընդունելով՝ այն որպես ոճիր սահմանելով, ներողություն խնդրելով ու փոխհատուցում վճարելով։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում