Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատությունից հուզվողները

Փետրվար 05,2015 10:04

«Քննադատությունից խուսափելու համար ոչինչ մի՛ ասա, ոչինչ մի՛ արա եւ ընդհանրապես քեզանից ոչ մի բան մի՛ ներկայացրու»: Պատկերացրեք, այս խիստ արդիական խոսքերն ասվել են շատ վաղուց՝ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում: Դրանց հեղինակն է հույն փիլիսոփա Արիստոտելը՝ ժամանակակից արեւմտյան գիտության նախահայրերից մեկը: Մի բան գիտեր, երեւի, որ ասում էր: Չեմ կարող ասել՝ արդյոք այդ միտքը նա կարողացե՞լ է հասու դարձնել իր աշակերտ Ալեքսանդր Մակեդոնացուն: Կասկածում եմ, որովհետեւ հատկապես իշխանավորները, քաղաքական գործիչները ունակ չեն հանգիստ, անվրդով լսել քննադատությունը: Շատ են հուզվում:

25 դար շարունակ նրանք բաժանում են քննադատությունը կառուցողականի եւ ոչ կառուցողականի, արդարի եւ անարդարի, վիրավորականի եւ ոչ վիրավորականի: Կառուցողականը, հավանաբար, այն է, որը սկսվում է «դուն է՛ն գըլխեն իմաստուն իս» նախաբանով, եւ հետո միայն շարադրվում են քննադատական թեզերը: Բայց, ինձ թվում է, այդ սկզբնական ռեւերանսներն այնքան էլ պարտադիր չեն: Լսեք, թե ինչ են ձեզ ասում ձեր քննադատները, եւ եթե բանական հատիկ գտնեք՝ օգտվեք դրանից, եթե չգտնեք էլ՝ մեծ ողբերգություն չի: «Արդարն» ու «անարդարն» էլ խիստ հարաբերական են: Օրինակ՝ մարդը, որն այս կյանքում չի կարողանում հասնել իր նպատակներին, դա «անարդար» է համարում՝ չնայած սովորաբար ոչ մեկին, բացի ինքն իրենից, մեղադրելու հիմքեր չունի: Կամ՝ մենք եւ ադրբեջանցիները պահանջում ենք ղարաբաղյան հարցի «արդարացի լուծում», բայց դրա տակ տրամագծորեն հակառակ բաներ ենք հասկանում:

Այնպես որ՝ քննադատության դեպքում կառուցողական-ոչ կառուցողականը, արդար-անարդարը, այսպես ասած՝ կեղծ կատեգորիաներ են: Մնում է վիրավորվել-չվիրավորվելը: Հանրահավաքային մշակույթի, իսկ այնուհետեւ համացանցի եւ ֆեյսբուքի զարգացմանը զուգահեռ՝ քննադատական բառապաշարն, իհարկե, գնալով ավելի անզուսպ է դառնում: Բայց այս դեպքում էլ ես չէի հուզվի, պարզապես կողքով կանցնեի, չէի փչացնի իմ կարման՝ վիրավորանքը ներս գցելով (ինչպես որ առաջ սխալմամբ վարվում էի): Ով գիտի՝ այդ հայհոյողը ինչ հոգեվիճակում է՝ ես չեմ նրա դատավորը: Եթե հայհոյանքն այնպիսին չէ, որ այն չպիտի կարդան 18-ից ցածր քաղաքացիները, ուրեմն ամեն ինչ նորմալ է:

Դառնալով քննադատությանը՝ նշեմ, որ իշխանավորները, կուսակցապետերն ու օլիգարխները գտել են իրենց ավելորդ հուզումներից պաշտպանելու ձեւը՝ նրանք ունեն սեփական հեռուստաալիքներն ու կայքերը եւ դիտում են հենց դրանք՝ ընկալելով իրականությունը իրենց հաճո տեսանկյունից: Այդ առիթով հիշեցի, որ 1923-24 թվականներին Ստալինը մահացու հիվանդ Լենինի համար մեկ օրինակով առանձին «Պրավդա» էր տպագրում՝ միայն լավատեսական լուրերով: Որպեսզի առաջնորդը չհուզվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. david says:

    Ֆաշիզմը չի հուզվում:Մարդու ազատ տեղաշարժին քաղաքական տաբու դնող ֆաշիզմը պիտի վերանա:Ահա միակ արդարությունը:Աթոռ չունեցող հայը միշտ դժգոհ է արդարությունից, ունեցողը`գոհ:Հայեցի է:

  2. Արթուր Ղազարեան says:

    ռեւերանս = ԱԿՆԱԾԱՆՔ

    • Մարգար Մախսուդյան says:

      Շատ հարգելի Արթուր Ղազարեան, այս անգամ թույլ տվեք չհամաձայնել Ձեր առաջարկած տարբերակի հետ, և եթե անգամ հղում կատարեք որևէ բառարանի վրա, ապա այն գոնե ինձ համար դարձյալ համոզիչ չի լինի, որովհետև ռեվերանսը հարգանք և պատկառանք արտահայտելուն միտված՝ մարմնի շարժումն է, իսկ ակնածանքը՝ դեմքի արտահայտության / ակն ածել /:
      Այնուամենայնիվ փորձեցի ինձ ստուգել այստեղ՝
      https://www.armdict.com/dictionary/foreign-languages/%D5%8C%D4%B5%D5%8E%D4%B5%D5%90%D4%B1%D5%86%D5%8D
      Պատասխանը հետևյալն էր.
      ՌԵՎԵՐԱՆՍ
      [< реверанс < ֆր. reverence]
      գ.
      Հարգական խոնարհում՝ աջ ոտքի վրա թեթևակի հենվելով:

  3. Արթուր Ղազարեան says:

    Շնորհակալ եմ արձագանքիդ համար, Մարգար: Սա լաւ առիթ էր եւս մէկ անգամ ուշադիր քրքրել բառարանները:
    Ասում ես «ինչ յղում էլ տեղադրես, միեւնոյն է չեմ համոզուելու»: Հիմա մտածում եմ պատասխանե՞մ, թէ՞ դա կի լինի ժամանակի վատնում 🙂

    Քանի որ գիտական ոլորտի հետ ենք առնչւում, ուստի բառարաններն էլ պիտի գիտական արժէք ունենան: Այլ կերպ ասած՝ քո նշած բառարանը կամ Google translate-ը այս պարագայում վաւեր չեն:

    Այս բառը կայ անգլերէնում, ֆրանսերէնում, ռուսերէնում եւ այլն: Անգլերէնի համար կարելի է օգտուել “Oxford English Dictionary” կամ ֆրանսերէնի համար “Dictionnaire de l’Académie française” հեղինակաւոր բառարաններից:

    Իսկ ահա հայերէնի համար ունենք անչափ օգտակար nayiri.com կայքը, որտեղ ներառուած են հայոց լեզուի ամենահեղինակաւոր բառարանները: Բոլորն էլ գիտական գործածութեան համար:

    Հիմա բուն բառի մասին՝ անգլ. Reverence, ֆր. Révérence:

    Միանշանակ բազմիմաստ բառ է:
    1. Յարգանք,ԱԿՆԱԾԱՆՔ, մեծարանք, պատկառանք, պատիւ, խոնարհութիւն,
    2. Խորը յարգանքի զգացում (վերաբերմունք)՝ ՎԱԽԻՑ կամ դիմացինի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ դրդուած
    3. Աւետարանական եկեղեցու հոգեւորականի կոչում, որին հայերէն ասում ենք ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ
    4. Ծնկակալ ողջոյն, ծնրողջոյն

    Մեր հայերէն բառը (ԱԿՆԱԾԱՆՔ) առաւելաբար ունի 1-ին եւ 2-րդ կէտերի իմաստները (տե՛ս, օրինակ, Էդ. Աղայեանի բառարանը):
    ԱԿՆԱԾԱՆՔՆ, ըստ իմ գիտելիքների, 4-րդ կէտի իմաստ («Ծնրակալ ողջոյն») չունի:

    Արամ Աբրահամեանի գրած «ռեւերանս» բառն այս յօդուածում հիմնականում ունէր 2-րդ կէտի յատկանիշները:

    Յուսով եմ՝ կարողացայ միտքս մատչելի շարադրել: Եթէ անհամաձայնութիւն կայ, գրի՛ր, քննարկենք:

    • Մարգար Մախսուդյան says:

      Ողջույն, Արթուր, ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար, և որպեսզի չչարաշահենք տանտիրոջ հյուրընկալությունը / 🙂 / , կաշխատեմ հնարավորինս հակիրճ լինել: Նախ, կխնդրեի, որ չակերտների մեջ դնեիք իմ ասածները միայն, այլ ոչ թե դրանց իմաստափոխված վերաշարադրանքը:
      Իսկ հիմա անցնեմ իմ մոտեցումներին այս բարդ և խճճված հարցի վերաբերյալ: 🙂
      Որևէ բառարանի հղում անելով միայն հարցը լուծված համարելը համարում եմ ոչ ճիշտ, քանի որ նախ, բառարան կազմողներն էլ անսխալական չեն կարող լինել, բայց հիմնականում այն պատճառով, որ ցանկացած բառ ըստ էության հնչյուններից / տառերից / բաղկացած մի պայմանականություն է, որն իր ՛՛ծնված՛՛ օրվանից իմաստային էվոլյուցիա է ապրում, այդ ընթացքում ֆիքսելով մի շարք իմաստներ և ենթաիմաստներ, որոնք շատ հաճախ տարբեր մարդկային խմբերի կողմից և տարբեր ժամանակներում կարող են միանգամայն այլ կերպ ընկալվել:
      Ինչ վերաբերում է հեղինակի կողմից օգտագործված ՛՛ռեվերանս՛՛ բառի տեղին կամ անհարկի լինելուն, ապա ըստ իմ ընկալման Ձեր առաջարկած տարբերակներից քիչ թե շատ ընդունելի են ՛՛խոնարհում՛՛ կամ ՛՛ծնրողջոյն՛՛ տարբերակները, սակայն ցավոք այդ բառերը չեն արտահայտում արքունիքին հաճոյանալու և նրա հնազանդը լինելու հանգամանքը, որը, դարձյալ ըստ իս, փորձել է արտահայտել հեղինակը իր ՛՛ռեվերանս՛՛ բառով: Կարծում եմ, որ այստեղ՝ https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B5%D0%B2%D0%B5%D1%80%D0%B0%D0%BD%D1%81
      մատուցված բացատրությունը արտահայտում է այդ բառի այսօրվա ընկալումը:
      Մեր լեզուն, իհարկե, շատ հարուստ է և ունի դեռ շատ չօգտագործված բառամթերք, և այդ հարցում Ձեր պատվախնդրությունը ինձ ևս ոգևորում է, սակայն արժե մի փոքր զգույշ լինել, մաքրամոլության մեջ չընկնելու համար:

  4. Ջիվան Նադարյան says:

    Խրատ կամ Քննադատություն (իհարկե առողջ) ընդունող մարդը կուղղվի, իսկ այն անընդհատ արհամարհողը մի օր կխորտակվի: Մոտավորապես այսպիսի միտք կա Աստվածաշնչում` առակացում:

  5. Արթուր Ղազարեան says:

    Լիովին համամիտ եմ գրածիդ, թէ բառն իր ՛՛ծնված՛՛ օրվանից իմաստային էվոլյուցիա է ապրում, այդ ընթացքում ֆիքսելով մի շարք իմաստներ և ենթաիմաստներ, որոնք շատ հաճախ տարբեր մարդկային խմբերի կողմից և տարբեր ժամանակներում կարող են միանգամայն այլ կերպ ընկալվել:

    Ես չեմ ասում, թէ քո ասածը ճիշտ չէ, այլ ասում եմ, որ դա երկրորդական իմաստ է (ռուսերէնի պարագայում վստահ չեմ, ես այդ լեզուն լաւ չգիտեմ):
    Բայց անգլերէնում եւ ֆրանսերէնում յստակ է: Անգլերէնում ԾՆՐՈՂՋՈՅՆԸ նոյնիսկ այլ անուն ունի՝ curtsey, իսկ ահա ֆրանսերէնում 3 իմաստներից միայն վերջինն է նշանակում ծնրողջոյն՝
    1. Respect profond, vénération (Յարգանք, Պատկառանք)
    2. Titre d’honneur qu’on donne à certains religieux (Վերապատուելի)
    3. Mouvement du corps qu’on fait pour saluer, en s’inclinant, pour les hommes; ou en pliant les genoux pour les femmes (Ծնրողջոյն)

    Յստակ է, որ այս բառի բուն եւ առաջնային իմաստը իմ՝ վերը նշած տարբերակներից առաջին երկուսն են, այսինքն՝ ՅԱՐԳԱՆՔ, ՊԱՏԿԱՌԱՆՔ, երբեմն նաեւ ՎԱԽՈՎ պայմանաւորուած: Իսկ յետագայ դարերում բառի իմաստն ընդլայնուել է առնուզն երկուսով՝ Ծնրողջոյն եւ եկեղեցու Վերապատուելի:

    ՎԱԽ բառը նոյնիսկ սրա արմատում է՝
    révérence < լատ. reverentia = re + verērī (ՎԱԽԵՆԱԼ)

    Յստակ է նաեւ, որ մեր ԱԿՆԱԾԱՆՔ բառը եւս ունի ՎԱԽ, ՊԱՏԿԱՌԱՆՔ, ՅԱՐԳԱՆՔ իմաստները:

    ԱԿՆԱԾԱՆՔԸ հանդիպում է Աստուածաշնչում (5-րդ դար) հինգ անգամ, որից մէկն էլ ի դէպ Ջիւան Նադարեանի նշած նախադասութիւնն է (գրաբարով) Առակաց գրքում (ԻԹ:9):

    ԱԿՆԱԾԱՆՔ բառը Սուրբ Գրքում ՎԱԽԻ իմաստ ունի թէ՛ հայերէն, եւ թէ՛ եբրայերէն (գրուած է ירג «յարագ» վախենալ) տարբերակում, որն ի դէպ բնագիր լեզուն է:

    Յ.Գ. Իմ նշած բառարանները վստահաբար հաւաստի են: Դրանցից մի քանիսն աշխարհում ԼԱՒԱԳՈՅՆՆ են իրենց տեսակի մէջ: Արժէ վստահել 🙂

    • Ջիվան Նադարյան says:

      Հարգելի Արթուր, կարծում եմ բավականին հետաքրքիր և արդյունավետ աշխատանք եք կատարում, շարունակեք նույն հոգով:

Պատասխանել