Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկայական վնաս հասցվեց ՀՀ եւ ԼՂՀ ազգային անվտանգությանը

Փետրվար 05,2015 18:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է մարդու իրավունքների եւ խաղաղության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը:

– Պարոն Օհանջանյան, հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ տեղի ունեցածի վերաբերյալ ԼՂՀ-ում հասարակության տեսակետը տարբերվո՞ւմ է իշխանական տեսակետից: Ծանոթացանք Արցախի հանրային հեռուստատեսության ոչ օբյեկտիվ, միակողմանի ռեպորտաժին, եւ կարելի է ենթադրել, թե ինչ տրամադրություններ կարող են լինել Ղարաբաղում:

– Ղարաբաղում ոչ միանշանակ արձագանք կա տեղի ունեցածի առնչությամբ: Հասարակության մեծ մասը պաշտպանում է իշխանությունների գործողությունները Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ավտոերթի ընթացքը դադարեցնելու ուղղությամբ: Դրան նախորդել էր «ուղեղների լվացման» ակտիվ գործընթաց բնակիչների շրջանում իշխանությունների կողմից, եւ իշխանությունները մաքսիմալ ջանքեր ու միջոցներ գործադրեցին ավտոերթը Լեռնային Ղարաբաղ խափանելու համար` վախենալով, որ դա կարող է Լեռնային Ղարաբաղում հակակառավարական ելույթներ հրահրել` անկանխատեսելի հետեւանքներով:

– Օրերս Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից Իգոր Մուրադյանը կարծիք էր հայտնել, թե ծեծի ենթարկելով Հիմնադիր խորհրդարանի անդամներին եւ ապօրինաբար արգելելով նրանց մուտքը Արցախ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ցանկանում են Արցախը վերածել ռուսական «զոնայի», որի հետեւանքն էլ ի վերջո կլինի ռուսական զորքերի մուտքը Արցախ: Համաձա՞յն եք նման գնահատականի հետ:

– Նման մոտեցումները համարում եմ բավական հեռու իրականությունից: Լեռնային Ղարաբաղում հասարակության հիմնական մասի մոտ ռուսամետ տրամադրություններ են, բայց դա ամենեւին չի նշանակում, որ հասարակությունը կողմ է ղարաբաղյան եւ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներ ռուսական զորքեր մտցնելուն: Ղարաբաղցիները բավական խոհեմություն ունեն եւ ուշիմ են, որպեսզի գիտակցեն, թե ինչ վտանգ կարող է իր մեջ պարունակել դեպքերի նման զարգացումը: Ի գիտություն Իգոր Մուրադյանի՝ կցանկանայի հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է լինել ռուսական զոնա 1988 թվականի փետրվարից: Եվ առավել եւս ցավալի է լսել նման համոզմունք մի մարդու բերանից, որը կանգնած է եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում: Առավել քան վստահ եմ, որ մեր Շարժումը եղել է ազգային-ազատագրական, եւ մենք ազատվել ենք խորհրդային իմպերիալիզմի եւ տոտալիտարիզմի ճանապարհից, եւ պետք չէ կրկին նետվել տոտալիտար զգացմունքների անդունդը:

– Պարոն Օհանջանյան, Դուք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին մշտապես բարձրաձայնել եք վերջին տարիներին: Այսօր Հայաստանում նույնպես հնչում են կարծիքներ, որ հունվարի 31-ին տեղի ունեցածի առնչությամբ «Ադրբեջանի բերանը չպետք է լեզու դնել», «պատերազմի վտանգ կա» եւ այլն: Ձեր կարծիքով՝ պե՞տք է խոսել Ղարաբաղի ներսում գոյություն ունեցող խնդիրների մասին, թե՞ ոչ:

– Նրանք, ովքեր շահարկում են Ադրբեջանի` իրավիճակից օգտվելու վտանգը՝ կապված Լեռնային Ղարաբաղում ներքաղաքական իրավիճակի ու ղարաբաղյան իշխանությունների նկատմամբ քննադատության հետ, նրանք բացառապես մեկ նպատակ են հետապնդում` երկարաձգել սեփական իշխանավարումը կամ իշխանություններին են աջակցում` սեփական օրակարգն իրականացնելով, որն ամենեւին էլ կապված չէ մեր պետության ո՛չ ազգային գաղափարների, ո՛չ էլ մեր երկրի բարեկեցության հետ: Ընդհակառակը` քննադատությամբ հզորանում եւ զարգանում է պետականությունը: Այն, ինչ տեղի ունեցավ, անողոք քննադատության է արժանի, քանի որ հսկայական վնաս հասցվեց Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությանը, գործնականում ստեղծվել է անհաղթահարելի մի ջրբաժան մեր պետությունների բնակչության միջեւ եւ ոտնահարվել է Լեռնային Ղարաբաղի իմիջը միջազգային հարթակում` որպես կիսաժողովրդավարական պետություն:

Այս ամենի համար մեղավոր է Լեռնային Ղարաբաղի կոռումպացված եւ ոչ ժողովրդավարական իշխանությունը: Ես պահանջում եմ իշխանություններից, որպեսզի անկողմնակալ քննություն իրականացնեն տեղի ունեցածի առնչությամբ` հասարակության լայն եւ անաչառ շերտերի ներգրավմամբ, իսկ քննության արդյունքում պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին` Լեռնային Ղարաբաղի օրենքներին համապատասխան: Լեռնային Ղարաբաղի նախագահը պետք է Լեռնային Ղարաբաղի անունից հրապարակավ ներողություն խնդրի հայ ժողովրդից` իր խնամակալության տակ գտնվող պետական մարմինների պահվածքի համար:

– Ո՞ւմ էր ձեռնտու այս լարվածությունը` «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատման խոսակցությունները, Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի այս լարվածությունը չվնասի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին:

– Այն համատեքստում, ինչ տեղի ունեցավ, կարծում եմ, որ ավտոերթի կազմակերպիչները նույնպես ունեին իրենց թաքնված օրակարգը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ապակայունացնելու համար, եւ օգտվելով դրանից՝ ստանալ մաքսիմալ քաղաքական շահ: Կարճաժամկետ կտրվածքով նրանք հասան իրենց նպատակին, երկու հանրապետությունների հասարակ քաղաքացիների միջեւ անբարյացակամության մակարդակը հասել է մաքսիմալի` առավել քան երբեւէ մեր պետությունների գոյության ընթացքում:

Սրա համար, իհարկե, մեղավոր են նաեւ երկու հանրապետությունների իշխանությունները, որոնք մեր անկախության ընթացքում չեն կանխել կենցաղային մակարդակում նման խոսակցություններն ու նախազգուշացումները: Ավելին՝ քաղաքացիական հասարակության, ինտելեկտուալների եւ վերնախավի ներկայացուցիչների մեղքը նույնպես չափազանց մեծ է: Դրա հիմքում ժողովրդավարության բավական ցածր մակարդակն է մեր երկրներում, իրական պետականության գաղափարի ընկալման եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների միջեւ փոխհարաբերությունների մշակույթի բացակայությունը:

Հիմա անհրաժեշտ է, որ երկու կողմերը բարի կամք դրսեւորեն, որպեսզի շտկեն իրավիճակը` ծայրահեղ ծանր եւ թշնամական վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Առաջին քայլը կարող էր լինել ԼՂՀ նախագահի կոչը կատարվածի առիթով` ուղղված ողջ հայ ժողովրդին: Դա, անվիճելիորեն, կմեղմացներ լարվածությունը: Հայերը պետք է համբերություն եւ բարի կամք դրսեւորեն: Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ եւ միայն միասին կարող ենք դրանք հաղթահարել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728