Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեզ անվանում են սադրիչ, շոումեն, թող հրապարակեն ամբողջ տեսագրությունը»

Փետրվար 05,2015 17:30

Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներն անդրադարձան Բերձորի դեպքերին եւ Ժիրայր Սեֆիլյանին, ավտոերթի մասնակիցներին անվանեցին «հայրենասիրության շոումեններ», «կեղծ հայրենասերներ» եւ այլն: Ըստ ՀՀԿ-ականների՝ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց այդ քայլով ջուր են լցրել Ադրբեջանի ջրաղացին:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանն ասաց. «Բուն իրադարձության մասին խոսելիս պետք է փաստերով խոսել: Ոստիկանների կողմից նկարահանվել է իրադարձությունների ամբողջությունը: Չի ներկայացվել մեզ վարկաբեկող գեթ մեկ կադր: Եթե մեզ անվանում են սադրիչ, շոումեն, ուրեմն թող հրապարակեն իրադարձության ամբողջ տեսագրությունը: Թող հրապարակեն, եւ մենք համոզվենք, որ գործ ունենք շոումենների հետ: Հակառակ դեպքում «պատգամավորները» զբաղված են էժանագին զրպարտությամբ: Այն նյութը, որը հրապարակված է, թույլ չի տալիս այդպիսի եզրակացություն անելու: Հերթական անգամ տեսնում ենք, որ փաստերը մի կողմ դրած՝ օգտվում են իրենց ամբիոնից եւ ցեխ են շպրտում ժողովրդի գլխին: Մենք չենք զարմանում, քանի որ գործ ունենք կամազուրկ, ապազգային վերնախավի հետ, եւ իրենց այս վարքը դրա հերթական ապացույցն է»:

Մեր դիտարկմանը, որ ԼՂՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ասում են, որ ձեզ մի քանի անգամ զգուշացվել է չանել այդ ավտոերթը, Դուք չեք լսել՝ Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ զգուշացրել են: Արցախում կային մարդիկ, որոնք մեզ սպասում էին: Այդ մարդկանց մոտ էինք գնում, որոնց մի մասի նկատմամբ նույնպես կիրառվել է բռնություն: Եվ առհասարակ՝ եթե անգամ սպասող չլիներ, կարող էինք վստահ ասել, որ գնում ենք մեր տուն: Ժիրայր Սեֆիլյանը Արցախում՝ Շուշիում կարող էր ունենալ իր սեփական տունը, այնպես չէ՞: Չնայած ամբողջ Արցախն իր տունն է: Հիմա նա իր տուն էր վերադառնում՝ իր կնոջ ու երեխաների հետ: Ժողովուրդն իրեն սիրում է, իրեն այնտեղ դիմավորողներ կան, ինքը իրավունք ունի՞ գնալու իր տուն, թե՞ ոչ: Թե՞ պիտի թույլտվություն հարցնի ինչ-որ մեկից: Կա՞ ԼՂՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, որը բարոյական իրավունք ունի իր առջեւ Արցախի դուռը փակելու, կամ միգուցե կա արգելող նման օրե՞նք, Սահմանադրության կե՞տ: Հարյուրավոր ոստիկաններ՝ զինված դիպուկահար զենքերով, ավտոմատներով, հերիք չի՝ կանգնեցնում են շարասյունը եւ սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, հետո, երբ շարասյունը առանց դիմադրության շրջվում է, սկսվում է կատարյալ վայրագությունը: Նրանց հրաման են տվել»:

Երբ ասացինք, որ ավտոերթը զանգվածային միջոցառում է, որի համար թույլտվություն է պետք՝ Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Այո, զանգվածային միջոցառում է, որի մասին նախապես զգուշացվել է, որ գնում ենք մեր տուն՝ մեր երեխաների եւ կանանց հետ: Հնարավոր չէ՞ պատկերացնել, որ 40 մեքենաներով մարդիկ գնում էին իրենց տուն»:
Մեր հարցին՝ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսի ներքո է այս ամենը կատարվում, ռեժիմ ասելով ՀՀ ռեժիմը նկատի ունեք, այդ դեպքում ի՞նչ կապ ուներ Արցախը՝ պարոն Չուքասզյանը պատասխանեց. «ՀՀ ռեժիմը կապ չունի՞ արցախաբնակ մեր հայերի հետ, չէ՞ որ նրանք Հայաստանի Հանրապետության անձնագրեր ունեն: Արցախաբնակ հայերը իրավունք են ստանում ՀՀ բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու, այնպես չէ՞:

Հայաստանի Արցախ երկրամասում ծառայում եւ ամեն ամիս զոհվում են Հայաստանի մնացյալ շրջանների բնակիչներ: Հիմա կապ ունի՞ Արցախը, թե՞ չունի ՀՀ ռեժիմի ճակատագրի հետ: Այս մարդիկ եւ նախկինում ազատամարտիկները իրենց հայրենիքի մի մասը չէ՞ արդյոք, որ պաշտպանում են, թե՞ մենք ինչ-որ բան լավ չենք հասկանում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Հիմնադիր խորհրդարանի նախագահ»…

    ոոոոհ, ուրեմն ես մարդն է, երեք ամսից պակաս՝ լինելու Հայաստանի Նախագահը. յառաջիկայ Ապրիլ 24-ին, ճշգրիտ լինելու համար…

    իսկ Հանրապետության Նախագահի իր երդումը կատարելու է նաեւ նոյն օ՞րը, Ծիծեռնակաբերդո՞ւմ

    թող ասեն, եդ ել գիտնանք, որպեսզի յաւելեալ ծաղկեպսակներ տանենք մեր հետ…

  2. Գալուստ Ենոքյան says:

    «Կա՞ ԼՂՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, որը բարոյական իրավունք ունի իր առջեւ Արցախի դուռը փակելու, կամ միգուցե կա արգելող նման օրե՞նք, Սահմանադրության կե՞տ:»

    Ցավոք այդ «կետը» կա: Այդ «կետը», ահը «իշխանավորներից», ստրկությունը, 70 տարվա ընթացքում մարդկանց գիտացության, հոգիների մեջ են «դրոշմել» ԿԳԲ եականները, պարոն Թրավիսի նման «ամենահեղափոխական» կուսակցությունների ներկայացուցիչները, որ «պետության» անունից հրամայեցին 5 նվիրյալ հայերին բանտախցերում պահելու…ինչպես որ վարվել էին անցյալ դարի Առաջին Հանրապետության տարիներին, որ Հայաստանից մի փշրունք մնաց…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728