«Չնայած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական երաշխիքներին՝ պատգամավորների թվի ընդամենը 10,69 տոկոսն են կանայք, եւ այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Հազարամյակի զարգացման նպատակների թիրախներին». մեր երկրում այսպիսի իրավիճակ է արձանագրել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը, որը դիտարկել է Հայաստանում տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների վիճակը:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը, որն իր զեկույցը պատրաստել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ, այն ներկայացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:
Ըստ նույն աղբյուրի՝ համապետական հետազոտության արդյունքները վկայում են, որ բնակչությանը մտահոգող լրջագույն հինգ հիմնախնդիրներից է կոռուպցիան. «Կենտրոնացած կառավարման օլիգարխիկ համակարգը խրախուսում եւ ամրապնդում է ոչ ֆորմալ տնտեսության գերակայությունը, նվազեցնում առանց այն էլ չնչին ծավալներ կազմող պետական ծախսերը սոցիալական եւ մշակութային ոլորտներում՝ ոչ միայն առաջացնելով կոռուպցիոն չփարատված ռիսկեր, այլ նաեւ վտանգելով սոցիալական ծրագրերը եւ մշակութային ժառանգությունը»: Խումբը, որպես ասվածի վառ օրինակ, նշում է Ազգային ժողովի՝ գործազրկության նպաստները վերացնելու եւ պետական աշխատողների, այդ թվում եւ պատգամավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին որոշումները:
Ըստ զեկույցի. «Մշակույթի ծրագրերի եւ ծախսերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս հանրային կարծիքը հաշվի չի առնվում: Դրա մասին են վկայում ներկայումս Երեւանում տեղի ունեցող 2 զուգահեռ գործընթացներ: Նախ՝ ի հեճուկս հանրային բողոքի, զանգվածային ցույցերի՝ քաղաքապետարանը որոշել է Երեւանի կենտրոնում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Զուգահեռաբար, ի հեճուկս երկար շարունակվող բողոքի ակցիաներին եւ միջնորդություններին, ապամոնտաժվում է Երեւանի կենտրոնում գտնվող Աֆրիկյանների տունը, որը 2006-2008 թվականների ընթացքում պատմական կենտրոնի զանգվածային ոչնչացումից հետո կանգուն մնացած սակավաթիվ պատմական շինություններից է, եւ ապամոնտաժման ընթացքում բողոքի ցույցերի մասնակիցները բերման են ենթարկվում եւ մեղադրվում քրեական հանցագործությունների մեջ»:
Կանանց իրավունքների մասով խմբի անդամները նաեւ արձանագրում են, որ ընտանեկան բռնությունը արմատացած է եւ լայն տարածում ունի մեր երկրում.
«Չկան տուժողների պաշտպանության համարժեք իրավական մեխանիզմներ, եւ հստակորեն չի ընկալվում պաշտպանության շրջանակը: Տուժողների համար չկան օժանդակության ծառայություններ: Ոստիկանությունն ի սկզբանե խորհուրդ է տալիս նրանց ձեռնպահ մնալ բողոք ներկայացնելուց, ինչի հետեւանքով առաջացել է ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների պակաս»:
Կարդացեք նաև
Զեկույցը փաստում է, որ ոստիկանության տվյալներով՝ 2012-ին արձանագրվել են ընտանեկան բռնության 766 դեպք, 2013-ին՝ 586 դեպք, մինչդեռ տեղական հասարակական կազմակերպությունները պնդում են, որ այդ թիվը գերազանցում է 2000-ը. «Ընտանեկան բռնության դեպքերի քննության եւ դատական վարույթների նկատմամբ բավարար վստահություն չկա: Տուժողները եւ նրանց ընտանիքի անդամները չեն հավատում, որ կիրականացվի արդարադատություն եւ բռնարարը պատասխանատվության կենթարկվի… Ընտանեկան բռնության մասին օրենք պետք է ընդունվեր դեռեւս 2010-ին, սակայն կառավարությունը փաստարկում է, թե ընտանեկան բռնության մասին առանձին օրենք ունենալու անհրաժեշտություն չկա, քանի որ նոր Քրեական օրենսգիրքը եւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքն անդրադառնալու են այս հիմնախնդիրներին: Հաշվի առնելով իրավիճակի ծանրությունը եւ իրավապահ մարմինների կողմից այն ոչ բավարար չափով կարեւորելը՝ տուժողների լիարժեք պաշտպանությունը երաշխավորելու համար իսկապես անհրաժեշտ է ընտանեկան բռնության մասին առանձին օրենք»:
Զեկույցի հեղինակները գտնում են, որ զբաղվածության բնագավառում նույնպես խտրականություն է դրվում: Այդ է վկայում, որ Հայաստանում կանանց շրջանում նախկինի պես բարձր է գործազրկության ցուցանիշը: Պաշտոնապես գրանցված գործազուրկների 71 տոկոսը կանայք են: Բացի այդ՝ կանայք եւ տղամարդիկ անհավասար չափով են վարձատրվում: Խմբի անդամների համոզմամբ՝ այս եւ զբաղվածության ոլորտում մի շարք այլ խնդիրներ պայմանավորված են անկանոն եւ անհավասար տնտեսական զարգացմամբ, ինչի հետեւանքով գործազուրկ կանանց թիվը Հայաստանում վերջին մի քանի տարիներին աճել է ավելի քան 5000-ով, մինչդեռ գործազուրկ տղամարդկանց թիվը մոտավորապես նույն չափով նվազել է:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը դիտարկելով առողջության իրավունքը՝ նշում է, որ կառավարության կողմից սուբսիդավորվող համավճարների համակարգը գործում է 2011 թվականից՝ ծախսերի առնվազն 50 տոկոսի չափով, սակայն հաշվի առնելով, որ աղքատության ցուցանիշը 2008-ի 17,4 տոկոսի փոխարեն 2012թ.-ին հասել է 32,4 տոկոսի, որին զուգահեռ զգալիորեն ավելացել է հիվանդացությունը, ապա համավճարի համակարգը լրջագույն բեռ է ավելացնում բնակչության խոցելի խմբերի համար եւ կարող է երկարաժամկետ հատվածում ծանր եւ անշրջելի վնաս պատճառել անձանց առողջությանը:
Զեկույցի հեղինակներն անդրադառնալով Ներարկային թմրամիջոցներ օգտագործողներին՝ փաստում են, որ նրանք հաճախ խոչընդոտների են հանդիպում մեթադոնային փոխարինման ծրագրի հասանելիության հարցում, ինչն էլ մարդկանց դրդում է չդիմելու թմրադեղերից կախվածության բուժման:
Մեկ այլ նկատառում էլ խմբի անդամները ներկայացնում են պալիատիվ՝ ցավամոքիչ բուժման վերաբերյալ: Ըստ նրանց՝ չնայած ՀՀ կառավարությունը իրավական դաշտի եւ քաղաքականության մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել պալիատիվ խնամքը առողջապահական ընդհանուր համակարգում ներառելու համար, սակայն դեռեւս կառավարության կողմից չեն հաստատվել թմրամիջոցների մասին օրենքը, ցավի կառավարման ազգային ուղենիշները եւ պալիատիվ խնամքի չափորոշիչները:
Այդուհանդերձ՝ հիմնական դեղերի ցանկում կատարվել են փոփոխություններ՝ ներառելով կարճատեւ եւ երկարատեւ ազդեցության ափիոնային դեղամիջոցներ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2015