Թուրքն անիծած, խոսքը օրհնած:
Ժողովրդական ասացվածք
Ադրբեջանցիների հետ իմ շփումը եղել է շատ սահմանափակ (իսկ թուրքերի հետ՝ համարյա չի եղել): Ներկայացնեմ, թե մեր թեմային առնչվող ի՞նչ եմ կարողացել նկատել այդ շփման արդյունքում:
2012 թվական: Ախալցխայում համակովկասյան գիտաժողով էր: Բազմաթիվ մասնակիցների մեջ էին նաեւ մի քանի ադրբեջանցի: Գնացել էինք էքսկուրսիա՝ Խերթվիսի հրաշալի ամրոցը Կուր գետի ափին: Բարձրաբերձ պարիսպներից դժվարությամբ, հնարավոր հարմար ուղղություններ փնտրելով՝ իջնում եմ, եւ հետեւիցս լսում մեր խմբից մեկի բողոքը՝ «ո՞նց իջնենք, մի արահետ չկա»: Եվ ադրբեջանցու պատասխանը՝ «Գնա հայի հետեւից, չես սխալվի»: Պարզվեց, որ մի այդպիսի մտայնություն, թե նույնիսկ արտահայտություն կա իրենց մոտ:
Կարդացեք նաև
Մյուս դեպքը: Նույն օրերին, մի բանկետի ընթացքում ես հիշատակեցի «հայի բախտի» վերաբերյալ հայկական ստանդարտ պատկերացումը: Դիմացս նստած ադրբեջանցի տիկինը զարմացավ ու պատմեց, թե ի՞նչ են իրենք մտածում այդ հարցի վերաբերյալ եւ ի՞նչ են իրենք տեսել իրենց կյանքում: Հայերը, ընդհակառակը, շատ հաջողակ են՝ ամենուրեք, ՍՍՀՄ-ում, Ռուսաստանում, հետսովետական երկրներում, թե հեռավոր արտասահմանում, ինչպես եղել են հաջողակ նաեւ ժամանակին իրենց մոտ, Բաքվում: Ուր հանդիպես հայերի, միշտ ավելի լավ են ապրում, ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ունեն, քան մյուսները:
Նույն տիկինը պատմել էր գիտաժողովի հայ մասնակիցներից մեկին, որ երբ ՍՍՀՄ-ը փլուզվում էր, ազգային հանրապետությունները՝ անկախանում, իսկ հայ-ադրբեջանական պատերազմն էլ քթի տակ էր, Ադրբեջանում մտայնություն կար, որ սփյուռքի հայերն իրենց միլիարդները կլցնեն Հայաստան, եւ հայերը կապրեն որպես միլիոնատերեր, յուղ ու մեղրի մեջ:
Ցավոք, չեմ հիշում այս ադրբեջանցիների լրիվ անունները: Առաջինի ազգանունն էր Դադաշեւ, իսկ երկրորդի անունը՝ Ջամիլյա:
Ահավասիկ, ուրեմն, ադրբեջանցիները կարծում են, որ հայերը ճիշտ ճանապարհներ են ընտրում դժվարին իրադրություններում: Այդ գործում պետք է նրանց հետեւել: Այսինքն՝ հայերը ճիշտ որոշումներ են կայացնում: Եթե ճիշտ որոշումներ են կայացնում, ուրեմն հաջողակ են, ոչ անբախտ: Եվ հաջողակ են ամենուր, ողջ աշխարհում:
Իսկ հայկական ասացվածքն ասում է՝ «հայի վերջին խելքը իմը լիներ»: Այսինքն, մենք միշտ սխալվում ենք, եւ միայն հետո հասկանում, թե ինչպես պիտի վարվեինք, որ լավ լիներ: Բայց դա միայն հայկական հատուկ մտայնություն չի: Ռուսերենում էլ կա նման ասացվածք՝ «Ռուս մարդը հետին մտքով է ուժեղ» («հետին միտքը» մեր վերջին խելքի համարժեքն է): Բայց կարելի՞ է ասել ռուսի բախտ, որպես զուգահեռ հայի բախտի: Կարծում եմ՝ դրանք ամենահակադիր բախտերն են աշխարհում:
Հիմա ո՞վ է ճիշտ հայի բախտի վերաբերյալ իր պատկերացումներում: Մենք հո գիտե՞նք մեր բախտը: Բայց չէ՞ որ նրանք էլ են դիտում, տեսնում: Ուղղակի երեւույթի նկատմամբ մոտեցումներն են տարբեր: Մեզանում հայի բախտը սովորաբար հայ մարդկանց հավաքական ճակատագրին է վերաբերում, իսկ նրանց մոտ՝ անձնական: Որպես անհատներ հայերը, այո, հաջողակ են, հատկապես Հայաստանից դուրս: Իսկ որպես ժողովուրդ, անհաջողակ, հատկապես Հայաստանից ներս:
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2015