Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչների պետի տեղակալն այլ անձանց անունով երկու քարտ է ունեցել

Փետրվար 05,2015 16:00

Հաջորդ նիստում ցուցմունքներ կտան
դատական կարգադրիչների պետն ու նախկին պետը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում են դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ տարբեր ստորաբաժանումների տասից ավելի պատասխանատուների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստերը:

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ մյուսների դեմ գործով երկու օր առաջ ցուցմունք տված Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը հայտարարել է, որ «չի ընդունում պաշտոնեական կեղծիքի մեղադրանքը. ինքը մեխանիկորեն է ստորագրել աշխատաժամանակի հաշվարկման «կեղծ տեղեկություններ պարունակող» տեղեկագրերը»:

Գեղամ Գրիգորյանը հերքեց նաեւ այն մեղադրանքը, թե ինքը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 1.206.330 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դիտավորությամբ՝ Մերուժան Կյուրեղյանին դրդել է վերջինիս կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքին ընթացք չտալու համար իր միջոցով պաշտոնատար անձին կաշառք տալով եւ 2010 թվականի ապրիլին ստանալով նշված գումարը՝ խարդախության եղանակով հափշտակել է այն:

Գ. Գրիգորյանը դատարանում նաեւ հայտնել է, որ այլ անձանց անունով երկու քարտ է ունեցել: Այդ քարտերն ունենալու հանգամանքը բացատրել է նրանով, թե իրենց ծառայության ղեկավարն է իրեն ասել, թե՝ «կարող ես երկու քարտ ունենալ»: Ինքն էլ այդ քարտերով գումարները ստացել եւ տնօրինել է: Ի դեպ, նշվեց, թե ծառայությունում աշխատավարձերը ցածր են եղել:

Ծառայության պետին մեկ այլ «մեղադրանք» էլ էր սպասվում. Գ.Գրիգորյանը հայտնել է նաեւ, որ Մ. Մարտիրոսյանն է իրեն ասել, թե. «ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին հավելավճար տա, քանի որ վերջինիս աշխատավարձը ցածր է եւ նա ունի առողջական խնդիրներ»:

Գ. Գրիգորյանի ցուցմունքի համաձայն, որեւէ մեկին չի հավաքագրել, որեւէ մեկից ոչ ընդունման, ոչ ազատման դիմում չի վերցրել: Մինչդեռ, ըստ մեղադրանքի կողմի, «նա կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով՝ Դատական կարգադրիչների ծառայության շենքում իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների եւ խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը, ինչպես նաեւ դրդել կազմակերպված խմբի անդամ չհանդիսացող ստորաբաժանման պետերին կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ նշված տեղեկագրերում մտցնել փաստացի ծառայություն չիրականացնող անձանց տվյալներ»:

Դատարանում ցուցմունքներ են տվել Դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանը, ով հայտարարեց, որ համաձայն չէ յուրացման իրեն մեղսագրված մեղադրանքի հետ, համաձայն չի, որ այն կատարվել է կազմակերպված խմբի կողմից, համաձայն չէ նաեւ յուրացման չափի հետ: Ամբաստանյալը հրաժարվեց հարցերին պատասխանելուց:

Հրապարակվեցին նրա նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Համաձայն դրանց, ծառայության ղեկավարն իրեն առաջարկել է երկու ձեւական անձանց անունով բանկային պլաստիկ քարտեր ունենալ, կանխիկացնել գումարը՝ ամեն քարտից 15 հազարական դրամ գցել «օբշչակ», ինքը հասկացել է, որ դա կրիմինալ է, հրաժարվել է, ինչին ղեկավարությունն արձագանքել է՝ «դեգրադացիայի մեջ ես, արձակուրդ վերցրու»: Հետագայում տեսնելով, որ ղեկավարության վերաբերմունքն իր հանդեպ փոխվել է, եւ ինքը կարող է աշխատանքը կորցնել, տեղի է տվել:

Եղիազար Սարգսյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հայտարարեց, թեեւ իր պաշտպանյալը 6-8 անգամ է կանխիկացրել գումարը, իր հաշվարկով այն ընդհանուր առմամբ կազմել է 400-500 հազար ՀՀ դրամ, թեեւ համաձայն չէ մեղադրական եզրակացության մեջ նշվող շուրջ 4 մլն ՀՀ դրամի յուրացման գումարի չափի հետ, սակայն 5 մլն-ից ավելի գումար է փոխանցել:

Ինչ վերաբերում է ամբաստանյալներից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Մերուժան Կյուրեղյանին, նա ընդունեց բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կեղծելու մեղադրանքը, սակայն չընդունեց յուրացման մեղադրանքը:

Միսակ Մարտիրոսյանը հայտարարել է, որ 2013թ. սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երեւանի քննչական վարչությունում հարցաքննությունից հետո դուրս գալիս, շենքի մուտքի մոտ հանդիպել է Մերուժանին, ով ասել է՝ «եթե ուզում ես տուն գնալ, ինչ ասում են, պիտի գրես»: Մ. Կյուրեղյանը հաստատել է, որ հանդիպել է Միսակ Մարտիրոսյանին, սակայն նման խոսակցություն չի եղել: Թե ինչ խոսակցություն է եղել, հավանաբար պարզ կդառնա գալիք ցուցմունքի ժամանակ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արման says:

    Մերուժան Կյուրեղյանին իր կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքին իրավապահ մարմինները մինչ օրս այդպես էլ ընթացք չեն տրվել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728