Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական կամերային նվագախումբը լուրջ գործ է անում

Փետրվար 05,2015 15:30

Նվագախմբի «կարգավիճակն»
առայժմ միայն ճանաչված դասախոս-դիրիժորն է

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յուրի Գալստյանի (լուսանկարում) գործունեությունը շուրջ 30 տարի սերտորեն առնչվում է հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների քարոզման եւ տարածման հետ: Երաժիշտը, որը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային ամբիոնի դասախոս-դիրիժոր է, 1980-ականներից իր նախաձեռնությամբ ՀՀ երաժշտագետների եւ կոմպոզիտորների միությանը կից հիմնում է կամերային նվագախումբ՝ հանդիսանալով կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը: Նպատակը մեկն էր՝ հայ կոմպոզիտորների երկերի պրոպագանդումը: Նվագախումբը կարճ գործունեության (շուրջ 3 տարի) ընթացքում հասցնում է ոչ միայն հնչեցնել, այլեւ ձայնագրել հայ հեղինակների, այդ թվում՝ Արտաշես Քարթալյանի, Աշոտ Բաբայանի, Վահրամ Բաբայանի, Աննա Գարսոյանի, Արմեն Բոյամյանի շուրջ 25 ստեղծագործություն, մասնակցում համերգների, փառատոների ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:

Կամերային անսամբլի լուծարումը կապված էր խորհրդային երկրի փլուզման հետ: Ասում են, որ մշակութային «մեռյալ» տարիներին էլ Յուրի Դավթյանին հաջողվում է Երեւանի կոնսերվատորիայի ուսանողներից կազմված անսամբլային տարբեր կազմերով դարձյալ հնչեցնել իր կոլեգաների ստեղծագործությունները: Ասում են նաեւ, որ 2000-ականների սկզբներին Յուրի Գալստյանը մշակույթի նախարարին է ներկայացնում նախագիծ՝ պետական կամերային անսամբլ ստեղծելու մասին: Վերջինս հավանության արժանանալուց հետո, սակայն, ստեղծվում է Մենակատարների պետական անսամբլ՝ այլ դիրիժորի ղեկավարությամբ: Այս փաստի առիթով Յուրի Գալստյանն «Առավոտին» հայտնեց, որ թեեւ ինքը փոքր-ինչ հիասթափություն է ապրել, այդուհանդերձ, բուռն գործունեություն է ծավալել դարձյալ կոնսերվատորիայում, այս անգամ էլ ներկայացնելով հիմնականում երկեր՝ գրված փողային տարբեր կազմերի անսամբլների համար:

Երեւանում ունեցած համերգները իրենց շարունակությունն են ունենում Վրաստանում, նրանց է միանում Ռուսաստանից հրավիրված փողային կվարտետը:

Մեզ հետ զրույցի ընթացքում կոմպոզիտորը հիշեց հատկապես 2009 թվականից մինչ այսօր իր գործունեությունը Ռուսաստանում, մոսկովյան տարբեր անսամբլների հետ, որոնք պրոպագանդել են մեր հեղինակների գործերը: Հավելեց, որ համերգներն անցել են հեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճ, Ռախմանինովի սրահ եւ այլն: Նշեց, որ 2009-ից մինչ այսօր Մոսկվայում հնչել են հայ կոմպոզիտորների շուրջ 50 կամերային երկեր:

Հարկ է նշել, որ Յուրի Գալստյանի ղեկավարությամբ կոնսերվատորիայի ուսանողներից կազմված կամերային նվագախումբը մասնակցել է ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած գարնանային եւ աշնանային ամենամյա համերգաշարերին, ներկայացնելով ոչ միայն հայ հեղինակների գործերի առաջին կատարումներ, այլեւ մեծակտավ ստեղծագործություններ: Այդ թվում է Արթուր Ահարոնյանի «Գրազ» կամերային օպերան՝ նվագախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ:

Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել ունկնդրի հիշողության մեջ դեռեւս թարմ, ասենք՝ 2014թ. հայաստանյան եւ արտերկրյա կամերային նախագծերը: «Գարնանը Երեւանում տեղի ունեցավ հայ եւ ռուս երիտասարդ կոմպոզիտորների կամերային երկերի փառատոն, ինչն ունեցավ շարունակություն Կազանում, Եկատերինբուրգում եւ Ամանորի շեմին՝ Մոսկվայում: Հունիս-օգոստոս ամիսներին փառատոնային շրջանը «ընդմիջեցինք» ռուս երաժիշտների մեկնաբանմամբ Չայկովսկու եւ Ռախմանինովի անվան դահլիճներում կայացած հայ կոմպոզիտորների երկերի երեկոներով: Ընդ որում, հնչեցրինք նաեւ այսօր մեզանում հազվադեպ կատարվող անվանի կոմպոզիտորներ Էդվարդ Աբրահամյանի, Էդվարդ Բաղդասարյանի եւ Խաչատուր Ավետիսյանի կամերային երկերը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե նախագծերի իրականացմանը հավանաբար խոչընդոտում է անընդհատ կոնսերվատորիայի ուսանողներից կամերային նոր կազմեր ստեղծելը, Յուրի Գալստյանը համակարծիք լինելով՝ ընդամենը հայտնեց, որ վերջերս Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանին է ներկայացրել ուսումնական ծրագրում ուսանողներից կազմված կամերային նվագախումբ ընդգրկելու անհրաժեշտության մասին, որը կխթանի ոչ միայն մեր կոմպոզիտորների, այլեւ ընդհանրապես ուսանող ստեղծագործողների երկերի տարածմանը: Գաղափարը դեռ քննարկման փուլում է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728