Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Ես հավատում եմ հեքիաթներին»

Փետրվար 05,2015 14:30

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան մի հեքիաթային նպատակ ունի` Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերում Հայաստանցի մասնակից ունենալ: Որքանո՞վ է այդ ցանկությունը իրականանալի: «Առավոտը» զրուցել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանի հետ:

– Ձիասպորտում օլիմպիական ուղեգրի հույս ունե՞նք:

– Մեր մարզաձեւում օլիմպիական վարկանիշ նվաճելը ֆանտաստիկ ժանրից է: Աշխարհում վեց-յոթ երկիր այնքան են առաջ անցել, այնպիսի անջրպետ է ստեղծվել նրանց եւ մյուս երկրների միջեւ, որ եթե հանկարծ մեզ հաջողվի ուղեգիր նվաճել, դա հեքիաթ կլինի: Բայց ամեն մի հեքիաթ, ի վերջո, կարող է եւ իրականություն դառնալ: Իսկ ես իմ էությամբ հեքիաթներին հավատացող մարդ եմ:

– Կան հրաշապատում եւ իրապատում հեքիաթներ: Դուք երկրորդին եք դավանում, որը թեեւ հեքիաթ, բայց իրականությանն ավելի մոտ է:

– Տվյալ դեպքում հեքիաթի հերոսը Գերմանիայում բնակվող Քերի Աղաջանյան Շոպֆն է, որն, ի դեպ, Քըրք Քրքորյանի զարմուհին է` փլիսոփայության դոկտոր, որն արդեն ութ տարի մեր հավաքականի կազմում գեղավարգի մրցաշարերում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Քերին բնակվում է գերմանիայում, ունի իր սեփական ձիանոցը` 27 անձնական նժույգներով եւ շատ հաջող մասնակցում է մարզաձեւի էլիտար մրցումներին: Մասնավորապես, նա իր «Սանցիսկո» նժույգով այս տարի Ֆիլադելֆիայում մասնակցեց չորս աստղանի խոշոր մրցաշարի (առավելագույնը հինգ աստղն է: Ա. Հ.) եւ գրավեց 3-րդ տեղը` բարձրացնելով Հայաստանի դրոշը: Դրանից հետո հանդես եկավ «Գրան Պրի» մրցաշարում` զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

– Ձիասպորտում օլիմպիական վարկանիշներն ինչպե՞ս են ձեռք բերվում:

– Վարկանիշային մրցումներում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում համապատասխան միավորներ վաստակելով: Հիմա Քերի Աղաջանյանը որոշակի միավորներ ունի: Դա դեռ շատ քիչ է, բայց հեռանկարներ կան: Ապրիլ-հունիս ամիսներին նա պետք է որ մասնակցի վարկանիշային մրցումների, որոնց նախնական հայտերը Քերիի հետ համաձայնեցնելով Հայաստանի ֆեդերացիան ներկայացրել է:
Մրցումների մեկնելը շատ բարդ խնդիր է, որը կապված է հսկայական ծախսերի հետ: Պետք է հատուկ ինքնաթիռներով քո նժույգը տեղափոխես, դա անես այնպես, որ նժույգը սթրեսների չենթարկվի, տեղում կենդանու համար ապահովես համապատասխան պայմաններ` ադապտացվի, չհիվանդանա, նորմալ սնվի ու էլի հազար ու մի հարց: Երբեմն ավելի հեշտ է մի ամբողջ ֆուտբոլային թիմ տանել, քան մի նժույգ: Քերին այս ամենի հիանալի մասնագետ է ու իր «մրցակցային զույգի» համար ոչինչ չի խնայում:

– Հայաստանում ավելի տարածված Է արգելքների հաղթահարում մրցաձեւը: Այստեղ որեւէ հույս չկա՞:

– Անկեղծ ասեմ` ոչ:

– Ձիասպորտն ինչո՞վ է տարբերվում մյուս մարզաձեւերից:

– Այստեղ երկու մարզիկի միացյալ ուժերով է հաջողությունը կերտվում` մարդու եւ կենդանու: Երկուսն էլ մարզավիճակ, տրամադրություն, առողջական վիճակ, սննդակարգ ու այլ խնդիրներ ունեն: Ու եթե մեկի մոտ մրցման օրը ինչ-որ բան այն չեղավ, ամբողջ ընդհանուր աշխատանքը ջուրն է ընկնում:

– Հայաստանում ձիասպորտի ընդհանուր վիճակն ինչպիսի՞ն է:

– Իրականում պարզվեց, որ մենք ձի առանձնապես սիրող ազգ չենք: Ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը երկար տարիներ շատ մեծ ներդրումներ կատարեց, ջանքեր գործադրեց, որպեսզի ձիասպորտը Հայաստանում դառնա մասսայական: Բայց հատուկենտ մարդիկ են գալիս: Սխալ կարծիք կա, որ ձիասպորտը հարուստների մարզաձեւ է, որով զբաղվելու համար մարդը պետք է մեծ գումարներ ունենա: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում շատ մատչելի գներ են, մեծ ցանկություն ունեցողների համար հատուկ զեղչեր են գործում, երեխաների համար մարզվելը բացարձակ անվճար է: Ժամանակին պարոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ անվճար դպրոց էինք հիմնադրել, որտեղ մարզիկները, երեխաները սովորում էին ոչ միայն ձի վարել, այլեւ կենդանու հետ եւ ընդհանրապես վարվեցակարգ եւ օտար լեզու: Ցավոք, պարզվեց, որ մեզանում առանձնակի մեծ խանդավառություն չկա: Այսօր վիճակն այնպիսին է, ինչպիսին պետք է լիներ` միջինից ցածր:

– Բայց ձիասպորտի ակումբներ կան, որոնք գործում են:

– Դրանց մեծ մասը հիմա էլ կա եւ գործում է: Մի պահ եղավ, որ ակումբներն էլ մարզական առումով զարգացման բուռն փուլ անցան: Ֆեդերացիայի օժանդակությամբ դրանց թիվը հասել էր 12-ի: Մենք նժույգներ էինք տալիս, կարգավորում էինք գրանցումները, գրեթե ամեն ամիս տեղական, տարվա ընթացքում մի քանի միջազգային մրցումներ էինք անցկացնում, որպեսզի ակումբները կայանան: Բայց ֆինանսական ճգնաժամերը չշրջանցեցին նաեւ ձիասպորտը: Ձիասպորտի ֆեդերացիան պետական աջակցություն չի ստանում: Բայց գործարար Հայրապետ Հայրապետյանի անձնական միջոցներն էլ անսպառ չեն: Արդյունքում, որոշ ակումբներ փակվեցին, որոշները ուղղվածությունը փոխեցին տուրիստականի: Էկոտուրիզմն են զարգացնում ու բավականին հաջող: Ֆեդերացիան էլ նրանց հիմա այդ ուղղությունը զարգացնելու հարցում է աջակցում` միեւնույն ժամանակ շարունակելով անել ամենաանհրաժեշտը, ինչ հարկավոր է մարզաձեւը պահպանելու եւ զարգացնելու համար: Իսկ որ ձիասպորտը Հայաստանում լավ ժամանակներ է ունենալու, ես կասկած չունեմ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728