Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչների՞դ է պետք նախանձն ու բամբասկոտությունը

Փետրվար 05,2015 13:00

Հունվարի սկզբին Ուրուգվայում մի լավ դեպք պատահեց: Մի մարդ, աշխատանքից հոգնած, տուն հասնելու համար փորձում էր մեքենա կանգնեցնել: Մոտ 25-30 մեքենա անցավ ու ոչ մեկը չկանգնեց: Երեւի նրա հոգնած ու բանվորական տեսքից էր, քանի որ նա գործարանում էր աշխատում: Հետո հանկարծ մի 30 տարվա հին Volkswagen Beetle աջ քաշեց ու կանգնեց, որ նրան տեղ հասցնի: Երբ մարդը դուռը բացեց, որ նստի, զարմանքով տեսավ, որ վարորդը Ուրուգվայի նախագահն է: «Ես չէի կարողանում հավատալ, երկրի նախագահն ինձ տուն էր հասցնում»,- պատմում է մարդը El Observador  թերթին:

Հիմա այստեղ դուք հավանաբար կասեք. «Վա՜յ, այս ինչ լավ բան է կատարվել, ինչո՞ւ մեզ մոտ էլ այդպես չէ, երանի մեր նախագահն էլ այսպես վարվեր երբեմն…»: Իսկ ես ուրիշ բան կասեմ:

Երանի դու այդպես վարվես (ես էլ՝ իմ հերթին): Երանի դու այդպես հոգատար լինես քո շրջանակի մեջ, որում ապրում ես: Երանի դու սիրես քո ծնողներին ու ազգականներին, եղբայրներին ու քույրերին, քո բակի հավաքարարին ու փողոցում դանդաղ քայլող անծանոթին, ինչպես քո անձը: Դժվա՞ր է այդպես սիրելը: Ո՛չ: Բայց անփորձ մարզիկի համար 200 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնելն էլ անհնար է: Իսկ մի քանի ամիս պարապելուց հետո՞: Սկզբի համար, գոնե որեւէ մեկին վատ բան մի կամեցիր, նրանցից ոչ մեկի մասին վատ բան մի մտածիր: Դու ավելի կարեւոր բաներ ունես անելու այս կյանքում: Դրա համար էլ կյանքի կոչվեցիր այս հողի վրա:

Մեզանից ամեն մեկս, որ աշխարհ ենք գալիս ու ապրում այս երկրի վրա, պատասխանատու ենք այս հողի, այս երկրի ու այս հողի վրա ապրող մարդկանց համար: Նրա առաջ, որ քեզ ու նրանց կյանք տվեց: Սրա համար անդիմադրելի փաստարկները շատ են, իսկ հակառակն էլ որեւէ մեկը չի կարողացել ապացուցել:

Մեր հասարակության մեջ մենք անմիջապես կարող ենք մեր շուրջը լուսավորել ու ջերմացնել, եթե առաջինը մենք մեր սեփական մոմը վառենք: Բայց դրանից հետո դու չես գնում եւ ուրիշների ասում՝ «ես լույս եմ, ես լույս եմ, դուք էլ լույս դառեք»: Չէէէ: Դու պարզապես շարունակիր վառվել ու լուսավորել՝ կողքից մարդկանց միայն բարություն անելով ու կամենալով: Մի քիչ կսպառվես, բայց ոչինչ: Մեկ էլ տեսար, հանկարծ մեկը եկավ ու քեզանից ուզեցավ իր մոմն էլ վառել: Մեկ էլ հանկարծ մյուսն էլ…. ու այսպես շարունակվում է: Ոչ միայն քո անմիջական շրջանն է լուսավոր ու ջերմ, բայց նաեւ արդեն բակն ու թաղամասն էլ: Սիրելի ընթերցող, մեր կյանքերն իսկապես աննկարագրելիորեն կփոխվեն դեպի լավը, եթե մենք միայն բարիք գործենք, բարի բաների մասին մտածենք ու իրար նկատմամբ ավելի ներողամիտ լինենք: Մեր միջից դուրս պիտի հանենք «եղունգ ունես գլուխդ քորի» եսասիրական մտածողությունը: Իրար նկատմամբ բարություն անելու եւ իրար նկատմամբ բարի տրամադրվածություն ունենալու կոչումը միայն որեւէ երկրի ղեկավարներինը կամ եկեղեցականներինը չէ: Մենք բոլորս պետք է իրար նկատմամբ բարությամբ ու կամեցողությամբ ապրենք՝ շինարար, թե նախագահ, ուսուցիչ, թե բժիշկ, մեքենավար, թե առեւտրական:

Ինչպիսին ձեր մտքերն են, այնպես էլ կլինեն ձեր կյանքերը: Եթե ձեր մտքերը բարության ու կամեցողության մասին են, ձեր կյանքերն էլ այդպիսին կլինեն: Իսկ եթե ձեր մտքերը բամբասկոտության, նախանձի ու փառասիրության մասին են, ձեր կյանքերն ու շուրջի մարդիկ էլ այդպիսին կլինեն: Դա նեղում է մարդուն: Ինչների՞դ է պետք:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
ԱՄՆ
Լուսանկարը՝ www.elobservador.com-ի

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Բարին բարի կամեցողին է գալիս

  2. Իրավացի ես Գագիկ ջան: Անգլերենում էլ նման բառերով մի հայտնի ասացվածք կա – What goes around, comes around.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728