Մեզ հասած տեղեկություններով, օրերս Շիրակի մարզի հարկային տեսչության պետի պաշտոնից ազատել են Վախթանգ Սիսակյանին, որին անցած տարվա հուլիսին Կովալենկո Շահգալդյանի փեսայի` Հրանտ Կարապետյանի Երևան հեռանալուց հետո Շիրակի մարզ բերեցին Լոռուց: Վերջինս զբաղեցնում էր Լոռու մարզի հարկայինի պետի պաշտոնը:
Այժմ Շիրակի մարզի հարկայինի պետ են նշանակել Դավիթ Ալումյանին, որը Երևանից է:
Նշենք, որ այս մարզում հաճախակի են փոխում հարկայինի պետերին. նրանց մի մասը գալով Գյումրի` չի կարողանում գլուխ հանել հարկահավաքությունից, քանի որ Գյումրին աղքատ մարզ է, և պետերին չի հաջողվում հարկայինում ընդունված մեթոդներով գումարներ գանձել ձեռներեցներից:
Նշենք, որ Վախթանգ Սիսակյանը այն եզակի պաշտոնյաներից է, որին տեղի լրագրողներից և ոչ մեկին բախտ չվիճակվեց տեսնել, անգամ «Շրջանառության հարկի մասին » օրենքում կատարված փոփոխությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաներին այս պաշտոնյան հարկ չհամարեց գոնե մեկ անգամ գալ ու հանդիպել բողոքավորներին: Չնայած առևտրականները պահանջում էին, որ հարկայինի պետը անհապաղ գա կենտրոնական շուկա ու պարզաբանումներ ներկայացնի, սակայն նրա փոխարեն միշտ ներկայանում էր տեղակալներից մեկը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ