Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Վտանգ կա, որ ՄԱԿ-ի մյուս կառույցները եւս տեղափոխվեն Իստամբուլ»

Փետրվար 04,2015 21:00

«Եթե ուզում ենք, որ ճանաչվի եւ դատապարտվի Հայոց ցեղասպանությունը, ապա դա պետք է արվի ՄԱԿ-ի կառույցներում»,- փետրվարի 4-ին Թեքեյան կենտրոնում «Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի» կազմակերպած ժողովի ընթացքում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա համարում է, որ Թուրքիան շատ լավ է հասկանում ՄԱԿ-ի դերն այս հարցում: Նա նշեց, որ Թուրքիայի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ամենալուրջ քայլը ՄԱԿ-ին շուրջ չորս միլիարդ դոլար փոխանցելն է, որպեսզի ՄԱԿ-ն իր եվրոպական կառույցները տեղափոխի Իստամբուլ. «Ստացվում է, որ ՄԱԿ-ում եվրոպական կենտրոնը Թուրքիան է լինելու, Հայաստանը, որպեսզի առնչվի ՄԱԿ-ի հետ պետք է դիմի Իստամբուլին: Պատկերացնո՞ւմ եք՝ մենք պետք է համաշխարհային հանրության հետ մեր հարցերը Իստամբուլի միջոցով լուծենք»:

Տիկին Դանիելյանը հիշեցրեց ներկաներին, որ իրենք բողոքել են այդ երեւույթի դեմ՝ նամակ ուղղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Արդյունքում՝ Հայաստան է եկել գլխավոր քարտուղարի խորհրդականը եւ հանդիպել իրենց հետ. «Ինչ-ինչ խնդիրներ լուծվել են, բայց ընդհանուր մոտեցումը չի փոխվել: Մենք երկրորդ նամակը գրեցինք, երրորդ նամակը գրեցինք: Պատմության մեջ առաջին անգամ բավականին բարձր պատվիրակություն եկավ, դարձյալ մեզ հետ հանդիպումներ ունեցան, տիկին Քլարկը արտաքին գործերի նախարարությունում ասուլիս տվեց եւ ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանը չտուժի: Բայց մենք չենք վստահում այդ հայտարարություններին, որովհետեւ կայացված որոշումները կիսատ-պռատ են»:

Կարինե Դանիելյանը վտանգ է տեսնում, որ ՄԱԿ-ի մյուս կառույցները եւս տեղափոխվեն Իստամբուլ: Այդ պատճառով պատրաստել են եւս մեկ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Երէկ հպանցիկ անդրադարձայ (կամ ինչպէս նորաձեւ է ասել՝ «անդրադարձ կատարեցի» 🙂 ) ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ խնդրին:Մենք փորձում ենք եղածը բարելաւել, այս կինը դեռ մի բան էլ հակառակն է անում՝ Ստամբուլը դարձնելով Իստամբուլ:

    Հայկական շահերը շօշափող յատուկ անունների հարցում չափազանց բծախնդիր պէտք է լինել, յատկապէս, երբ դրանց աշխարհագրութիւնը Հայկական լեռնաշխարհն ու յարակից տարածքներն են:

    ՅՈՒՆԱՍՏԱՆԻՑ մինչեւ ՀԱՅՔ գրեթէ բոլոր տեղանունները բնիկ անունում ունեն:
    Ինչպէ՞ս է ստացւում, որ յոյները պահպանել են հին անունները, իսկ մենք մեզ կոտորելով թուրքացնում ենք այդ անունները: Ամէն անգամ «Գործք Առաքելոցը» կարդալով մի տեսակ տխրում եմ: «Պօղոս առաքեալը եկաւ այստեղ, գնաց այնտեղ. Գաղաթիա, Պամփիւլիա, Լիդիա, Փռունգիա, Թրակիա, եւ այլն»: Բիւզանդական երբեմնի քաղաքներ, որ հիմա թուրքերէն անուններ ունեն, բոլորի բայց ոչ յունաց համար:

    Ես մեծացել եմ Հայաստանում, որտեղ բոլորը Ստամբուլ են ասում: Բայց հիմա ,շնորհիւ կամային որակներիս, այդ երբեմնի քրիստոնէական քաղաքն ինձ համար ՊՈԼԻՍ (սեռ. ՊՈԼՍՈՅ) է:

    Ջանք գործադրել չընկնել նորաձեւութեան ծուղակը եւ պահպանել ՊԱՏՄԱԿԱՆ անունները:

    Ստամբուլ = Պոլիս
    Իզմիր = Զմիւռնիա
    Էրզրում = Կարին
    Դիարբեքիր = Տիգրանակերտ
    Չանաքալէ = Գալիպոլի (Դարդանել)
    Սալոնիկ = Թեսաղոնիկ
    Ազերբայջան (որպէս Իրանի նահանգ) = Ատրպատական
    Չարդախլու = Խաչիսար
    Գյանջա = Գանձակ եւ այլն

    Հայաստանում տեղանունների հարցը շատ լաւ է լուծուած: Բոլորս ԲԵՐՁՈՐ ենք ասում, տարիներ անց միանշանակ մոռանալուենք «լաչին» անունը:

    Այս պահին Հայաստանում երկու տեղանուն կայ, որ ականջ է սղոցում՝ ՂԱՐԱԲԱՂ եւ ԱԼԼԱՀվերդի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728