Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զեկույցի վերաբերյալ արձագանքը՝ Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեում

Փետրվար 04,2015 19:12

Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (ԲԱԿ) առաջին անգամ դիտարկեց Հայաստանը: Կոմիտեի կազմում մարդու իրավունքների հարցերով 10 անկախ միջազգային փորձագետներ են, նրանք դիտարկում է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի իրականացման ընթացքը։

Նշենք, որ ՀՀ-ն այդ Կոնվենցիան վավերացրած 44 պետություններից է և այդպիսով Կոմիտեի դիտարկման շրջանակներում զեկույց ներկայացնելու պարտավորություն ունի։ Հայաստանի զեկույցը  ներկայացվեց ԲԱԿ նստաշրջանին, որն անցկացվում է փետրվարի 2-13-ը։ Ժնևում կայացած նստաշրջանի ընթացքում ՄԱԿ ներկայացուցիչները հատկապես հետաքրքրվեցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ-ն Կոնվենցիայի համապատասխան դրույթներով սահմանված պարտավորությունների կատարման համար: Նստաշրջանի ընթացում հարց հնչեց՝ արդյոք զեկույցը նախապատրաստելիս համագործակցե՞լ են ՀՀ հասարակական սեկտորի և մարդու իրավունքների պաշտպանի հետ: ՄԱԿ-ի պաշտոնյաներին հետաքրքրում էին նաև կոնկրետ օրինակներ, երբ ՀՀ-ում կիրառվել են Կոնվենցիայի դրույթները մինչև գործը դատարան հասնելը:

«Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» կոնվենցիայով սահմանված ՀՀ պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից`ՀՀ քրեադատավարական պրակտիկայի վերլուծության հիման վրա: Ներկայացվել է այն իրավական շրջանակը, որով արգելվում են բռնությամբ անհետացումները: Զեկույցում ամրագրված է. «ՀՀ քրեական օրենսգրքով որպես առանձին հանցատեսակ բռնությամբ անհետացումը սահմանված չէ, այնուամենայնիվ, օրենսգիրքը նախատեսում է այդ արարքի տարրերը պարունակող մի շարք հոդվածներ (131-րդ, 133-րդ, 308-րդ, 309-րդ, 348-րդ, 392-րդ հոդվածներ և այլն)»:

Այնուհետև անդրադարձ է կատարվում Կոնվենցիայի և ՀՀ օրենսդրության համադրելիությանը: Հատուկ անդրադարձ կա նաև պաշտոնատար անձի կողմից մարդուն ապօրինի ձերբակալելուն, կալանավորելուն կամ կալանքի տակ պահելուն: Այս մասին զեկույցում նշված է. «Կոնվենցիայի իմաստով, որպես բռնությամբ անհետացմանն առավել համահունչ, կարելի է դիտել ՀՀ քրեական օրենսգրքի 392-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում արտաքսման, ապօրինաբար կալանքի տակ պահելու, ստրկացնելու, առանց դատի զանգվածային և պարբերական մահապատիժներ կիրառելու, մարդկանց առևանգելու, ինչին հետևում է նրանց անհետանալը, խոշտանգելու կամ դաժան գործողությունների համար, որոնք կատարվում են ըստ քաղաքացիական բնակչության ռասայական, ազգային, էթնիկական պատկանելության, քաղաքական հայացքների և դավանանքի: Տվյալ դեպքում առկա են բռնի անհետացումը բնորոշող բոլոր 3 տարրերը, սակայն անհրաժեշտ է նշել, որ նշված հոդվածով արարքը կորակվի հանցագործություն, եթե կատարվել է ըստ քաղաքացիական բնակչության ռասայական, ազգային, էթնիկական պատկանելության, քաղաքական հայացքների և դավանանքի»:

Զեկույցում անդրադարձ կա նաև երեխաների իրավունքի պաշտպանությանը և այլն:

Նշենք, որ Հայաստանի ներկայացրած զեկույցի վերաբերյալ Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն իր եզրակացությունները կներկայացնի նստաշրջանի եզրափակիչ օրը՝ փետրվարի 13-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728