Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետը Վենետիկի բիենալեի՝ մասնակցության մասին. «Հայաստանին կարող են մեղադրել ֆաշիզմի մեջ»

Փետրվար 04,2015 19:01

Արվեստագետ Սահակ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում մտահոգություն  է հայտնել Վենետիկի բիենալեին՝ Հայաստանի մասնակցության  վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում էլ նա նշեց. «Ես նախորդ բիենալեի ժամանակ էլ եմ հարցեր բարձրացրել: Նախորդի դեպքում գոնե ձեւական հանձնաժողով  ստեղծվեց, որը կուրատոր  նշանակեց, պրոյեկտ տարան Վենետիկ: Այն ժամանակ էլ լիքը կազուսներ կային, բայց անցած լինի: Հիմա  ինչպե՞ս է կազմակերպվում այս տարվա Վենետիկի բիենալեն…»:

Սահակ Պողոսյանի գնահատմամբ, Վենետիկի Բիենալեն միջազգային կարեւոր հարթակ է, որտեղ Հայաստանը ժամանակակից արվեստով կարող է ներկայանալ, եւ այնտեղ ողջ աշխարհն է ներկայանում:  Արվեստագետի համար «մութ» են  մնացել  հետեւյալ  հարցերը. ինչպե՞ս  է ընտրվել 2015 թ. Վենետիկի միջազգային արվեստի բիենալեի կուրատորը, ի՞նչ կապ ունեն ընտրված արվեստագետները Հայաստանի հանրապետության հետ (չեն քննարկվում արվեստագետների մասնագիտական որակները, նրանց մեջ հրաշալի արվեստագետներ կան), ի՞նչ է նշանակում Բիենալի Armenity ասված կոնցեպտը, որքա՞ն պետական միջոցներ են տրամադրվել, որպես Հայկական տաղավարը ընտրված է Սուրբ Ղազար կղզու ցուցասրահը, որտեղ  անցած Բիենալեին հնարավոր չեղավ ցուցադրել մեկ արվեստագետի, 18 արվեստագետների ինչպես են ցուցադրելու:

Սահակ Պողոսյանի ասելով, ըստ  նախնական տվյալների Սարգիս Զաբունյանը այս տարի ներկայացնելու է Թուրքիան, բայց կա նաեւ Հայաստանը ներկայացնող արվեստագետների մեջ,  արդյոք ըստ կանոնադրության կարո՞ղ է նույն արվեստագետ ներկայացնել երկու երկիր:

Սահակ Պողոսյանին տարօրինակ է թվում, որ Հայաստանի «դրոշի» տակ հանդես գալու համար ընտրված  18 արվեստագետներն էլ ներկայացնում են Սփյուռքը, եւ ոչ մի հայաստանցի արվեստագետ  ցանկում չկա:

Մեր զրուցակիցը Բիենալի Armenity կոնցեպտի վերաբերյալ էլ մտահոգություն ունի. «Եթե Armenity է, հիմքում ազգային բան է դրված, վաղը, մյուս օրը մեզ կարող են ֆաշիզմի մեջ մեղադրել: Իրենք (մշակույթի նախարարությունն ու համակարգողը-Գ.Հ.) չեն գիտակցում են, թե հետագայում ի՞նչ կարող է լինել: Սա այն դեպքում, երբ նույն թուրքական աշխարհը հայազգի արվեստագետ է ներկայացնելու՝ Սարգիս Զաբունյանին: Սրանք խորը գնացող բաներ են, դրանց տակից այլ բաներ  կարող են դուրս գալ; Գոնե կես ճանապարհին խուսանավելու տեղ թողնեն…»:

Սահակ Պողոսյանն ասում է, որ շատերին կարող է թվալ, որ ինքն իբրեւ արվեստագետ անձնական շահագրգռություններ ունի, ինչն իրականում այդպես չէ. « Ես երրորդ-չորրորդ Բիենալեն է, որ հայտարարում եմ՝ եթե նույնիսկ ընտրեք էլ, ես չեմ մասնակցի, կհրաժարվեմ: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանը տաղավար չի վարձում այն տարածքում, որտեղ ամբողջ աշխարհն է ներկայանում: Հայաստանը գնում է սուրբ Ղազար կղզի, որտեղ ոչ մի պրոֆեսիոնալ դիտող չի գալիս: Էնտեղ մի փոքր սենյակ է հատկացվում որպես ցուցասրահ, որտեղ հազիվ մեկ-երկու արվեստագետ կկարողանա ներկայանալ»:

ՀՀ  մշակույթի նախարարության մեկնաբանությունները՝ առաջիկայում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սահակ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ararat says:

    Որպես Վենետիկի 55-րդ Բիեննալեում Հայաստանը ներկայացրած արվեստագետ` փաստում եմ, որ վերոնշված կարծիքները չեն համապատասխանում իրականությանը: Անցած տարվա ցուցադրության տեսագրությունն ու արձագանքող հոդվածները կարող եք գտնել հետևյալ հղումներով` https://www.youtube.com/watch?v=aykCgCDrY14
    https://theculturetrip.com/europe/armenia/articles/ararat-sarkissian-s-old-armenian-tales-enter-the-venice-biennale-saga/

    Զարմանալի է Ս. Պողոսյանի մեկնաբանությունը, որն իքն իբրև արվեստագետ անձնական շահագրգռվածություն չունի, քանի որ Վենետիկի 55-րդ Բիենալեի ընտրության ընթացքում ներկայածված չորս նախագծերից մեկում ընդգրկված էր նաև ինքը: Ընտրվելու դեպքում իր հրաժարվելու գաղափարը երևէ չի նշել` ինչու՞ ներկայանալ ընտրության, եթե միևնույն է հրաժարվելու է:
    Հարկ եմ համարում նշել, որ անցած Բիենալեի հայկական տաղավարի վայրը պատահական չէր ընտրված, այլ ընտրված էր համադրող Արման Գրիգորյանի կողմից` հաշվի առնելով պերֆորմանսի բուն նյութը: <> պերֆորմանսը և դրան հաջորդող վեցամսյա ցուցադրությունը տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզում գործող հին տպագրական գործիքների թանգարանի տարածքում և այնուհետև հեղինակի կողմից նվիրվեց թանգարանին:

    Ի գիտություն հոտվածագրի` Վենետիկի Բիենալեի հարյուրից ավելի ազգային և անկախ ցուցահանդեսային տաղավարները չեն սահմանափակվում միայն ժարդինիում և Արսենալում ներկայանալով, այլ սփռված են քաղաքի այլ մասերում: Մեջբերումը անգլերենից` Address: Giardini della Biennale and Arsenale and different venues in town https://www.myartguides.com/venice-art-biennale-2013/art-biennale/the-encyclopedic-palace/item/478-55-international-art-exhibition

    Պետք չէ ձևացնել, որ չենք հասկանում` ինչու հենց այս տարի Վենետիկի Բիենալեում Հայաստանը կներկայանա Սփյուռքի արվեստագետներով: Վստահ եմ, որ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով նրանք Հայաստանի պատիվը բարձր կպահեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728