ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը
Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Նաիրիտի 2200 աշխատակիցներից նամակ է ստացել, որտեղ նրանք խնդրում են բարձրացնել Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցը:
Նշեմ, որ փետրվարի 6-ին Նաիրիտի 2200 աշխատակիցներ ազատվելու են աշխատանքից:
Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի՝ նրանք պետք է ստանան իրենց աշխատավարձերն ու դրան հավասարեցված վճարները:
Նաիրիտցիների բողոքի ցույցերից ակնհայտ է դառնում, որ նրանց աշխատավարձերի պարտքը փետրվարի 6-ին չի մարվելու:
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցս պետք է լիներ վերոշարադրյալի մասին, բայց քանի որ ինչպես գրեթե միշտ է լինում, ԱԺ հարցուպատասխանը էլեկտրոնային համակարգը չգիտես ինչու կրկին այնպես հերթագրեց, որ ինձ հարց հնչեցնելու հերթ չհասավ:
Կարդացեք նաև
Հարցս Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այստեղ…
Հարց.
1. Ի՞նչ է արվել կամ արվում Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար:
2. Ի՞նչ է արվում Նաիրիտի վերագործարկման ուղղությամբ:
Նաիրիտցիների խնդիրն արդեն տարիների պատմություն ունի և յուրաքանչյուր անգամ կառավարության կողմից առաջարկվում են որոշակի խոստումներ և երաշխիքներ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ տարածաշրջանում այդ քիմիական գիգանտի հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցն այդպես էլ լուծում չի ստանում:
Թե ի՞նչ արդյունք կլինի այս անգամ և արդյո՞ք կրկին չի ոտնահարվի հազարավոր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, կերևա առաջիկա 48 ժամերի ընթացքում: