Փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար:
Դաշնակահարն առաջին անգամ է լինում Հայաստանում: «Անցած տարի պետք է ձեր Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգ ունենայի, բայց, դժբախտաբար, շատ ծանր կորուստ ունեցա, մայրս մահացավ, ու չկարողացա գալ Հայաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ շատ է սիրում մեր երկիրը և ուրախ է վերջապես այստեղ գտնվելու համար. «Ինձ հատկապես գրավում է Հայաստանի պատմությունը: Գիտեմ, որ 2015 թվականը շատ կարևոր տարի է. Ցեղասպանության 100-րդ տարին է լրանում: Ցավոք, կարճ ժամանակով եմ Հայաստանում լինելու, բայց հուսով եմ՝ այդ ընթացքում կհասցնեմ այցելել Ծիծեռնակաբերդ»,- ասաց Ա. Կոնսալեսը:
Գալով իր դաշնակահար դառնալուն՝ նա ասաց, որ դեռ մանկուց է հասկացել՝ ինչ ուղի է ընտրելու. «Երաժշտության հանդեպ սերն ինձ ծնողներիցս չի փոխանցվել: Մեր ընտանիքում երաժիշտներ չկան: Կարծում եմ, որ երաժշտությունն Աստծուց տրված պարգև է ինձ: Ոչ միայն ծնողներս էին նկատել, որ տարված եմ երաժշտությամբ, այլև ես. դեռ մանկուց գիտեի, որ դաշնակահար եմ դառնալու»,- ասաց Ա. Կոնսալեսը:
Հայ կոմպոզիտորներից նա սիրում է հատկապես Արամ Խաչատրյանին. «Ես պաշտում եմ նրա գործերը: Փոքր տարիքում, միջազգային մրցույթների մասնակցելիս, հաճախ եմ կատարել նաև Արամ Խաչատրյանի գործերից»,- ասաց դաշնակահարը՝ ցավով նկատելով, որ հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերին ընդհանրապես ծանոթ չէ: Իսկ իտալացի ժամանակակից կոմպոզիտորներից սիրում է հատկապես Էնիո Մորիկոնեին, որն առավել հայտնի է իր՝ ֆիլմերի համար գրված մեղեդիներով:
Ի դեպ, Կոնսալեսի երաժշտությունը բուժիչ է համարվում, և նա նշեց, որ ժամանակին համագործակցել է ամերիկյան մի ընկերության հետ, որը երաժշտության միջոցով բուժում է սրտային հիվանդությունները:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ