Լրահոս
Օրվա լրահոսը

Տուլայից բժիշկների այցի հետքերով

Փետրվար 04,2015 17:49

Նախորդ շաբաթ Aravot.am-ն անդրադարձել էր Մանկան ուղեղային կաթված ախտանիշով հիվանդ հինգ երեխաների դեպքին, որոնց վիրահատության համար շտապ գումար էր անհրաժեշտ:

Հրապարակման հեղինակիս դիմել էին երեխաների ծնողներին ճանաչող մարդիկ եւ խնդրել էին արագ արձագանքել: Խնդրին ծանոթները ներկայացրել էին, որ Ռուսաստանի Տուլա քաղաքից բժիշկներ են գալու Հայաստան եւ իրականացնելու լազերային վիրահատություն, որը հայաստանյան բժիշկները չեն անում:

Մինչ երեխաների ծնողների հետ զրույցը խնդրել էինք, որպեսզի նրանք ներկայացնեն փաստաթղթեր վիրահատության եւ երեխաների հիվանդության մասին: «Առավոտը» ձեռքի տակ է ունեցել «Արեւամանուկ» բարեգործական կազմակերպության կնիքով կնքված տեղեկանքն այն մասին, որ երեխաները անցել են հետազոտություն Տուլայի «Վերականգնողական կլինիկայի ինստիտուտից» իրենց կազմակերպության կողմից հրավիրված տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի գլխավոր բժիշկ Անդրեյ Իվանովիչ Չերեշնեւի մոտ: Տեղեկանքի մեջ նաեւ նշված էր, որ բժիշկները Երեւանում են լինելու փետրվարին, վիրահատության արժեքը 1500 ԱՄՆ դոլար է:

Դրամահավաքն ավելի արագ կազմակերպելու համար ծնողները դիմել էին «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին, որի հաշվեհամարին պետք է փոխանցվեին գումարները:

«Առավոտը» զրուցեց նաեւ երեխաների ծնողների հետ, նրանք ասացին, որ վիրահատությունը լինելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, արժեքը փոխվել է, դարձել 1200 դոլար: Ծնողների հետ զրույցից հետո համոզվեցինք, որ դեպքին արագ է պետք արձագանքել, քանի որ քիչ ժամանակ է մնացել՝ մինչեւ փետրվարի 5-ը որոշակի գումար էլ արդեն պետք է փոխանցված լինի:

Մեզ կթվար, որ փորձել ենք հինգ երեխաների օգնել, եթե չլինեին համացանցում եւ տարբեր շրջանակներում այս ընթացքում քննարկումները, որոնցում մատնանշվում է, որ Տուլայից բժիշկները գալիս են առանց առողջապահության նախարարության թույլտվության եւ «Սուրբ Գրիգոր լուսավորիչի» հիվանդանոցի իմացության: Հարցը բարձրաձայնողներին անհանգստանում է, որ ինչ-որ բժիշկներ են գալիս, առանց հայաստանյան պատասխանատու օղակների իմացության, վիրահատությունից հետո խնդիրներ առաջանալու դեպքում, երեխաների ծնողները որեւէ մեկին պատասխանատվության կանչելու հնարավորություն չեն ունենալու:

«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարությունից հաստատեցին տեղեկատվությունը, որ Տուլայից բժիշկների հրավերի մասին իրենց չեն տեղեկացրել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի առաջին տեղակալ Ռոբերտ Օրհուսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք Տուլայի որեւէ բժշկի հրավերի մասին տեղեկատվություն չունեն. «Կարո՞ղ է Տուլայից բժիշկ գա, ես չիմանամ: Մեզ ոչ զանգել են, ո՛չ պայմանավորվել ենք, ո՛չ խոսակցություն է եղել: Ես առաջին անգամ եմ իմանում այդ մասին»,- ասաց նա:

Մեր հարցին, որեւէ առնչություն ունեցե՞լ են «Արեւամանուկ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որը եւ եղել է բժիշկներին հրավիրողը, պարոն Օրհուսյանը պատասխանեց՝ ոչ, մենք նման կազմակերպության ծանոթ չենք:

Aravot.am-ը խոսեց նաեւ «Արեւամանուկ» հ/կ-ի նախագահ Վարդուհի Մկրտչյանի հետ: Նա մեզ հավաստեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Օրթոպեդիայի բաժանմունքի վիրաբույժ Լեւոն Մկրտչյանի եւ Տուլայի բժիշկների միջեւ համաձայնություն եղել է վիրահատությունն անցկացնելու համար, հիմա ինքն էլ է զարմանում, որ հիվանդանոցը ժխտում է դա. «Ես ինքս էլ հիմա հարց եմ ուղղել հիվանդանոցին, որ ինչն է պատճառը, որ չեք պատասխանում մարդկանց, որ ձեր մոտ է լինելու վիրահատությունը: Այն դեպքում, երբ իրենք վերցրել են պայմանագիրը, ուսումնասիրել են, սպասում են, որ բժիշկը գա, կնքի: Երեխաների վիրահատության օրը նշանակված է: Անեսթեզիոլոգները իրար հետ արդեն զրուցել են: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու հիվանդանոցների միջեւ, ոչ թե «Արեւամանուկը» կամ Վարդուհի Մկրտչյանը: Մենք խոսում ենք երկու բժշկական կենտրոնների մասին, ու հիմա ինչի՞ մասին է խոսքը: Առողջապահության նախարարությունն ինձ հարցում արեց, եւ բնականաբար որպես կազմակերպիչ, որպես կազմակերպության նախագահ, միայն գործ ունեմ կազմակերպչական աշխատանքների հետ, մնացածն անում է հիվանդանոցը: Եթե հիմա հիվանդանոցը մերժում է… մենք վաղվա համար ժամ ենք վերցրել տնօրինության մոտ՝ զրուցելու համար, որ պարզաբանենք՝ ի՞նչ է կատարվում: Եթե չկա նման բան, ապա ի՞նչ վիրահատության մասին է խոսքը, ի՞նչ Տուլայի բժիշկների հրավերքի մասին է խոսք, դա եմ ուզում հասկանալ:

Վիրահատության համար օր է սահմանված , կարգ ունի, փետրվարի 12-ին, 13-ին երեխաները վիրահատվելու են, սա թաքցնելու բան չէ: Ամսի 9-ից մարդիկ մոտենալու են օրթոպեդիայի բաժանմունք, արդեն երեխաների համար անկետա է բացվել, բժիշկը հետազոտելու է, ուղարկելու է արդեն անալիզները, օրը ժամը նշանակված է»,- ասաց Վարդուհի Մկրտչյանը, նորից նշելով, որ վաղը գնալու է հիվանդանոց պարզելու, թե «սա ինչ խառնաշփոթ է»:

Aravot.am-ը փորձել է կապ հաստատել Տուլայի Վերականգնողական կլինիկայի ինստիտուտի հետ: Այստեղից հաստատեցին, որ բժիշկ Անդրեյ Իվանովիչ Չերեշնեւը, ըստ նշանակված ժամանակացույցի գալու է Հայաստան: Այցը չի հետաձգվել: Քանի որ բժիշկը տեղում չէր, չկարողացանք պարզել, թե հայաստանյան որ հիվանդանոցի հետ է պայմանավորվածություն եղել:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728