Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ինստիտուտում զինծառայողին սպանելուց առաջ խմել են, նկատողություն արել ուտելու էթիկան չպահելու համար

Փետրվար 04,2015 17:43

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց ուղղեց Ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի սպանության վերաբերյալ: Նա խնդրեց մանրամասներ պատմել դեպքի մասին, որովհետեւ սա արդեն երկրորդ նման դեպքն է այդ ինստիտուտում վերջին տարիներին:

Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Իրոք, խոսքը մի ցավալի երեւույթի մասին է, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ Ռազմական ինստիտուտում, երբ գտել էինք Բարսեղյանի դին: Իրականում փաստերն ու իրողությունը խեղաթյուրված են, տեղի է ունեցել սպանություն: Անցկացվել է ծառայողական քննություն եւ պարզվել են մի շարք բացթողումներ Ռազմական ինստիտուտի ղեկավար կազմի նաեւ անմիջական ենթակաների կողմից: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում է տեղի ունեցել դեպքը, իսկ դեպքին նախորդել է ոգելից խմիչքների օգտագործման փաստ՝ մի քանի կուրսանտների կողմից, այնուհետեւ՝ վիճաբանություն: Հայկազ Բարսեղյանի եւ այլ կուրսանտի միջեւ վիճաբանություն է եղել, որը նկատողություն էր արել, որ պետք է պահպանի էթիկայի նորմերը սնունդ ընդունելու ժամանակ: Եղել է ծեծկռտուք, որը վերածվել է սպանության»:

Նախարարն ասաց, որ քրեական գործ է  հարուցված, մեղադրյալների մի շրջանակ՝ 4 հոգի արդեն ձերբակալված են, բացի այդ, ստորաբաժանման ղեկավարներ, որոնք պետք է վերահսկեին, բայց չեն վերահսկել. «Բացահայտվել են մի շարք բացթողումներ, առաջին հերթին՝ գաղափարադաստիարակչական աշխատանքների, երկրորդը՝ ուսումնադաստիարակչական բացթողումներ»:

Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց՝ կլինե՞ն կադրային փոփոխություններ եւ ժամը 3-ից հետո իրավունք ունե՞ն հանգիստ գնան քնելու, որովհետեւ պատասխանատուները բացատրել էին, որ մինչեւ 3-ը ստուգել են, ոչ մի բան չի եղել, 3-ից հետո դեպքը կատարվել է: Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ նրանց գործը սկսվում է առավոտյան 6.30-ից. «Գիշերվա ժամերին համապատասխան պատասխանատուների միջոցով վերահսկողություն է իրականացվում: Վերահսկողությունը թույլ է եղել: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ինստիտուտի պետն ազատվել է, բացի դրանից, իմ հրամանով ազատվել են 3 տեղակալներ, համապատասխան բաժանմունքի պետերը, մոտ 30 հոգի: Նրանցից մի մասը կնշանակվեն ցածր պաշտոնների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728