Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Եթե Գյումրիի սպանության վարույթը ՌԴ-ում է, բա ՀՀ Քննչական կոմիտեն ի՞նչ գործ է անում»

Փետրվար 04,2015 17:38

Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պետական սահմանի մասին» օրենքը մեջբերեց՝ նշելով, որ սահմանախախտները բերման են ենթարկվում, կազմում են ակտ, առգրավում են զենքը, իսկ սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին:

Նիկոլ Փաշինյանը ռուս զինվորական Վալերի Պերմյակովի դեպքը հիշեցրեց, որը նույնպես սահմանախախտ է եղել, բայց հանձնվել է ոչ թե ՀՀ իրավապահներին, այլ տեղափոխվել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք: Նա հարց ուղղեց՝ ինչո՞ւ ՀՀ համապատասխան մարմինները չեն ապահովել օրենքի պահպանումը, ինչո՞ւ են նրան տարել ռուսական ռազմաբազա. «Երեկ տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազին՝ ներկայացրել քրգործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդություն: Ի՞նչ փոխանցելու մասին է խոսքը, երբ ինքն է վարում սպանության գործը: Եթե վարույթը ՌԴ-ում է, բա ՀՀ Քննչական կոմիտեն ի՞նչ գործ է անում»:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, թե բացի այն, որ այս ողբերգական իրադարձությունն առաջացրեց ցնցում, նաեւ առաջացրեց բազմաթիվ իրավական դրույթներ, հարցեր. «Այս պահին իրականացվում է գործի քննություն»:

Նա ասաց, որ գլխավոր դատախազը պարզաբանումներ տվել է, լսումներ են անցկացվել. «Կառավարությունը այս պահին նպատակահարմար չի համարում գործի քննության հետ կապված իրավական խնդիրների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացնել, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում եւ հաշվի առնելով հուզականությունը, կարող է վտանգ պարունակել՝ խանգարելու քրեական գործով համապատասխան իրավակարգերը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չէր ակնկալում Հովհաննես Մանուկյանից հուզական հայտարարություններ անել, «Խնդիրը իրավական է: Հարցս շատ կոնկրետ է: ՀՀ օրենսդրությունը եւ միջազգային պայմանագրերը ասում են, որ սահմանի խախտման փորձ կատարած անձը պետք է հանձնվի ՀՀ իրավական մարմիններին: Հիմա Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Ինչո՞ւ ձեր առընթեր մարմինները ի վիճակի չեն եղել ապահովել օրենքի հստակ կատարումը:

Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «ՀՀ կառավարությունը իր իրավասության շրջանակներում անում է առավելագույնը, որ գործի քննությունը բավարարի մեր հասարակության պատկերացումները՝ արդար լուծման տեսանկյունից: Այն քայլերը, որոնք նախաքննության գաղտնիք չեն պարունակում, այդ քայլերի մասին կտեղեկացվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728