Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Հասմիկ Պողոսյանին. «Դուք ինձանից չեք ազատվի, ես հետապնդելու եմ ձեզ» (Տեսանյութ)

Փետրվար 04,2015 17:09

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարց ուղղեց Արարատը մշակութային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչման վերաբերյալ:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատասխան ստացել է, բայց այն իրեն չի բավարարում. «Երբ հռչակվեց հռչակագիրը համայն հայության, այս համատեքստում առավել եւս ՀՀ կառավարությունը պետք է մեր իրավունքներին սատար կանգնի եւ հետապնդի այս հարցը: Այն հանգամանքը, որ նշել էիք նամակում՝ ի պատասխան, իրականության հետ կապ չունի»:

Նա ասաց, որ Ճապոնիայի օրինակը կա, Ճապոնիան դիմել էր, եւ որպես ազգային մշակութային ժառանգություն գրանցել էր Ֆուձիամա լեռը. «Այստեղ մենք էլ մեր իրավունքներին պետք է տեր կանգնենք եւ մեր մշակութային ժառանգությունը ճանաչելի դարձնենք համայն աշխարհում՝ որպես հայկական մշակութային ոչ նյութական ժառանգություն: Այս տարի առավել եւս պետք է այս գործընթացն իրականություն դառնա»:

Մշակույթի նախարարը պատասխանեց, որ դա «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» կոնվենցիայի հետ կապ չունի եւ պետք չի մեջբերել այդ կոնվենցիան. «Այդ կոնվենցիան բացառապես անդրադառնում է ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ մեր ավանդույթներին, բարբառներին, կենսավարությանը եւ այլն: Այստեղ բնության, պատմամշակութային հուշարձանները որեւէ ձեւով սուբյեկտ դառնալ չեն կարող: Հավանաբար դուք ենթադրում եք մյուս կոնվենցիայի շրջանակներում գործընթացը, որը վերաբերում է Համաշխարհային ժառանգության եւ հուշարձանների պահպանության կոնվենցիային: Այնտեղ ունենք դրույթ, որն ասում է, որ երկիրը կարող է ներկայացնել միայն իր տարածքում այդ պահին գտնվող հուշարձանների վերաբերյալ: Մենք ունենք քաղաքականություն՝ այդ հուշարձանների ցանկում ընդգրկվելու եւ օր առաջ ունենք շատ ավելի կարեւոր խնդիր՝ պատմամշակութային ժառանգության վերաբերվող նյութերի: Ամենակարեւորն այն է, որ եթե այսօր մի արժեք կա, որը բացառապես պաշտպանված է, դա Արարատ լեռն է: Իրեն ոչ կարելի է վտանգել, ոչ կարելի է փչացնել, ոչ կարելի է քանդել: Իսկ աշխարհում, որպես հայկական ժառանգություն, ինքը բավական հանրահռչակ է: Դրա մասին են վկայում այն ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են օտարազգիների կողմից, շատ կերպարվեստի գործեր: Ցանկացած անդրադարձ ավելի քան վերահաստատել է Արարատի համապատասխան պատկանելությունը»:

Զարուհի Փոստանջյանին այս պատասխանը չբավարարեց. «Դուք երեւի ծանոթ չեք, որ կան նախադեպեր: Նշեցի Ճապոնիայի օրինակը, երբ հայտ էին ներկայացրել: Անկախ նրանից, թե ով գիտի, ով չգիտի, թե Արարատ լեռը մեր մշակույթի հետ ինչ կապ ունի, մենք պարտավոր ենք դա նաեւ գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այդ կարճ նամակով պատասխանը ՀՀ կառավարության կողմից այսպիսի լուրջ հարցի վերաբերյալ ուղղակի հարիր չէ մեր կառավարությանը: Դուք պետք է խումբ կազմեք, ոչ ես եմ դրա մասնագետը, ոչ դուք, բայց այս հարցը հետապնդելու համար բոլոր հիմքերը կան: Մենք որպես պետություն պարտավոր ենք մեր իրավունքները բարձրացնել այս հարթակում: Այն պատասխանը, որ գրել ու ուղարկել եք, ոչ հիմնավոր է: Նման պատասխանով դուք ինձանից չեք ազատվի, ես հետապնդելու եմ»:

Հասմիկ Պողոսյանն էլ պատասխանեց. «Ի տարբերություն ձեզ, ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով զբաղվում եմ ամեն օր, հավաքվում են մասնագիտական խմբերը գրեթե յուրաքանչյուր շաբաթ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728